«Կիպրահայ աշակերտներն «Արի տուն» ծրագրին անհամբերությամբ են սպասում». Վիոլետա Նալչաջյան-Թաշչյան

Սփյուռքում հայապահպանության գլխավոր խնդիրն այսօր Մայրենիի պահպանությունն է: Այս խնդրի կարգավորման հարցում մեծ է սփյուռքյան ուսուցիչների դերը, որոնք իրենց անդուլ աշխատանքի շնորհիվ՝ աշխարհասփյուռ հայ երեխաներին հայեցի կրթություն և դաստիարակություն են տալիս՝ նրանց ճանաչելի դարձնելով հայ գիրն ու գրականությունը:

Սփյուռքում հայոց լեզվի պահպանման և տարածման «սերմնացաններից» մեկն էլ կիպրահայ վաստակաշատ ուսուցչուհի Վիոլետա Նալչաջյան-Թաշչյանն է, որը «Հայերն այսօրի» հետ զրույցում խոսում է իր մանկավարժական անցած ուղու, մատաղ սերնդին հայերեն սովորեցնելու մարտահրավերների և «Արի տուն» ծրագրի մասին:

Տիկի՛ն Վիոլետա, ի՞նչ նպատակով եք Հայաստանում գտնվում:

-Կիպրոսի «Նարեկ» վարժարանի աշակերտներին եմ ուղեկցում, որոնք մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին:

Ահա այս  ուրախ առիթով եմ Հայաստան եկել: Արդեն մի քանի տարի է, որ մեր աշակերտները մասնակցում են ծրագրին: Օրերը մեծ տոնի են վերածվում, երբ աշակերտները միասնաբար Հայրենիքը տեսնելու են գալիս: Ճիշտ է, միշտ փորձում ենք նրանց մտապատկերում Հայաստանի գաղափարը ստեղծել և հայրենասիրությամբ վարակել, բայց «Արի տուն» ծրագրին մասնակցելը բոլորովին այլ նշանակություն ունի. հայրենի հողի վրա այլ զգացումներով են համակվում և նորովի բացահայտում Հայաստանը: Կիպրոս վերադառնալուց հետո՝ պատասխանատու են զգում ազգային ինքնագիտակցությունը և Մայրենին պահելու համար:

Նրանք անհամբերությամբ են սպասում ամառային արձակուրդների սկսվելուն, որպեսզի «Արի տուն» ծրագրին մասնակցեն: Մի քանի օրերի ընթացքում պատմամշակութային շատ վայրեր են այցելում, նորովի բացահայտում իրենց Հայրենիքը:

Աշակերտներս ինձ միշտ իրենց գոհունակությունն են փոխանցում ծրագրի կազմակերպվածությունից՝ ասելով, որ հաճելի ժամանակ անցկացնելու համար  ամեն ինչ ճիշտ է մտածված:

Երեխաների ուրախությունը գագաթնակետին է հասնում, երբ նրանք շրջայցերի ընթացքում եկեղեցիներ, հուշակոթողներ և այլ վայրեր են գնում, քանի որ այդ ամենի մասին արդեն դասերի ժամանակ սովորել են և հիմա սեփական աչքերով են տեսնում: Նրանց ապրումներն անկարելի է որևէ բանով փոխել:

Բոլորս քաջ գիտակցում ենք, որ Սփյուռքում, Հայրենիքից հեռու գտնվելով, Մայրենին մեր Հայրենիքն է, և միայն Մայրենիով է, որ կարողանում ենք՝ որպես հայ գոյատևել: Հայաստանում աշակերտների մտքում այդ ամենն ավելի է իմաստավորվում:

Այս տարի 14 աշակերտ է ծրագրին մասնակցում: Ընդունված կարգի համաձայն՝ ծրագրում ընդգրկվել են նախակրթարանի շրջանավարտները: Տարիների փորձը ցույց են տալիս, որ բոլորի ծնողները սիրով են համաձայնվում իրենց երեխաներին «Արի տուն»  ուղարկել:

Իսկ այն աշակերտները, որոնց Հայաստան եմ բերել, նրանց ծնողների մեծ մասը՝ հայրը կամ մայրը, «Մելքոնյան» վարժարանում (որտեղ դասավանդել եմ տարիներ շարունակ)  իմ աշակերտներն են եղել: «Մելքոնյան» վարժարանի հայկական շունչը մինչ այսօր պահպանվում է  նրանց մոտ, և մտածում են իրենց երեխաներին հայեցի կրթություն տալու մասին:

3

 -Տիկի՛ն Վիոլետա, ինչո՞վ Ձեզ գրավեց ուսուցչուհու աշխատանքը:

-Փոքր հասակից հայապահպանության, ազգային ինքնագիտակցության քաջալերանքը թևածել է մեր ընտանիքում:

Նախնիներս Արևմտյան Հայաստանից՝ Կեսարիայից և Մալաթիայից են: Նրանք օտարության մեջ հայի կյանքը պահպանելու համար բազմաթիվ դժվարություններ են հաղթահարել:  Հետևաբար, ազգային արժեքները պահպանելու պատասխանատվությունը և գիտակցությունը սերնդե-սերունդ ինձ է փոխանցվել:

Երբ ավարտեցի «Մելքոնյան» վարժարանը, ծնողներիս խորհրդով, իմ ամրապնդված հավատով և հայրենասիրական ապրումներով, իմ միակ ուղին ազգային առաքելության մեջ տեսա: Ուստի առանց ժամանակ կորցնելու՝ 1983 թվականին Հայաստան եկա և ընդունվեցի ԵՊՀ հայոց լեզվի և գրականության ֆակուլտետ: Համալսարանն ավարտեցի 1988 թվականին, որն  համընկավ մեր ժողովրդի նորագույն պատմության, ազգային մի նոր զարթոնքի՝ Արցախյան շարժման սկսվելու հետ:

Մայր Հայրենիքում բաձրագույն կրթություն ստանալուց հետո՝ Կիպրոս վերադարձա և ազգանվեր գործին նվիրվեցի:

1988 թվականից աշխատանքային գործունեությունս սկսել եմ «Մելքոնյան» ազգային վարժարանում: Մինչև 2005 թվականը, երբ փակվեց վարժարանը, բարձր դասարաններում հայոց լեզու և գրականություն էի դասավանդում: Անխոս, «Մելքոնյան» վարժարանում աշխատելու տարիներն ինձ համար կարևոր նշանակություն ունեին: Այն, առահասարակ, մշակութային կենտրոն էր: Մելքոնյանում նաև՝ մշակութային միջոցառումների գեղարվեստական ղեկավարն եմ եղել:

-Բազում սերունդներ եք կյանք ճանապարհել, նրանց հայեցի կրթություն տվել և հայաշունչ մթնոլորտում պահել: Նրանց մեջ կան մարդիկ, որոնք այժմ իրենց գործունեությամբ՝ հպարտացնում են Ձեզ:

– Հպարտ եմ իմ բոլոր աշակերտներով: Մանկավարժական երկարուձիգ տարիներիս ընթացքում, իրոք, այնպիսի շրջանավարտներ եմ ունեցել, որոնք Սփյուռքի տարբեր համայնքներում նշանավոր անձինք են դարձել և ազգապահպանության վեհ գործին նվիրվել: Այժմ նրանք աշխարհի երեսուն տարբեր երկրներում են սփռված, որոնք «Մելքոնյան»   վարժարանում հայացան և ազգային պատականելիության զգացումը զարգացրին:

Այսօր, երբ հետադարձ հայացք եմ նետում, հպարտ եմ զգում իմ աշակերտներով, որոնք իրենց գործի գիտակներն են դարձել:  Անուններ չեմ ուզում հնչեցնել, որպեսզի որևէ մեկին մոռանալով՝ չնեղացնեմ:

Աշակերտներիցս շատերն այսօր Սփյուռքի տարբեր համայքների շաբաթօրյա վարժարաններում մանկավարժությանն են նվիրվել և ազգային, մշակութային կյանքում ներգրավվել:

Չնայած երկուստեք զբաղվածությանը՝ փորձում ենք կապը չխզել միմյանց հետ: Այստեղ գտնվելուս օրերին էլ առիթը բաց չեմ թողնում հանդիպելու Հայաստանից և Արցախից «Մելքոնյան»  վարժարան սովորելու եկած աշակերտներիս, որոնք ուսումնառությունից հետո վերադարձել են Հայաստան:

-Տարիների փորձն ի՞նչ է ցույց տվել, սփյուռքահայ երիտասարդները ոգևորվա՞ծ են Մայրենին սովորում:

-Այս խնդրի լուծումը հատկապես ուսուցչի հետ է կապված: Ուսուցիչը տարբեր մեթոդներ կիրառելով՝ հաջողում է աշակերտի մոտ կրթության, գիտելիքի հանդեպ սեր արթնացնել: Կարծում եմ՝ փոխադարձ հարգանքի մթնոլորտում, երբ ուսուցչի անձի հանդեպ վստահություն է ստեղծվում, ամեն բան հեշտ է ստացվում:

Դպրոցահասակ երեխան հայապահպանության, օտար միջավայրում հայ մնալու մասին դեռևս չի գիտակցում: Սակայն, երբ նրանք ծանոթանում են հայ գիր ու գրականությանը, մշակութային հարստությանը, նրանց հոգիներում ազգային պատասխանատվության զգացումը սկսում է արթնանալ: Եթե նրանց քաջալերենք, ապա հայ կմնան և կձգտեն սովորել հայերենը:

Երեխաներին շատ է ոգևորում նաև ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվող ազգային, եկեղեցական, պետական բոլոր տոները, որոնք անխտիր նշում ենք գեղարվեստական-մշակութային միջոցառումների տեսքով:

4

-Այսօր Կիպրոսի պետական համալսարանում հայոց լեզի դասընթացներ են անցկացվում: Կիպրահայ համայնքին ինչպե՞ս հաջողվեց հասնել այդ հաղթանակին:

Հայերենը պաշտոնապես Կիպրոսում փոքրամասնությունների լեզու է ընդունվել: Կիպրոսը հայոց լեզվի պաշտպանության ուղղությամբ հատուկ աշխատանքներ է իրականացնում: Այդ աշխատանքների շնորհիվ՝ 2010 թվականից միայն օտարախոս շրջանակների համար Կիպրոսի պետական համալսարանում հայոց լեզվի դասընթացներ սկսվեցին, որտեղ ինձ հրավիրեցին  հայերեն դասավանդել: Դասընթացներն անցկացվում են սկսնակներ համար:

Այս գործընթացն օտարազգիների մոտ Հայաստանի Հանրապետության հանդեպ հատուկ հարգանք է ստեղծում, ինչը մեծ ձեռքբերում է բոլորիս համար: Նրանց արդեն հետաքրքրում է Հայաստանը, ուզում են տեսնել մեր երկիրը:

Դասընթացի մասնակիցները տարբեր մասնագիտություն ունեցող անձինք են: Նրանք աշխատանքային օրվա ավարտից հետո՝ երեկոյան գալիս են հայոց լեզու սովորելու: Խմբերում նաև ուսանողներ կան:

-Հե՞շտ են սովորում հայերենը:

Սկզբում նրանք մի փոքր տարակուսանքի մեջ են հայտնվում. մտածում են, որ հայերեն գրել-կարդալ սովորելու համար երկար ժամանակ է պահանջվելու: Սակայն երբ առաջին դասընթացից արդեն սկսում են փոքր-ինչ խոսել և հունի մեջ ընկնել, շատ են ոգևորվում:

Նկատել եմ, որ սիրում են հայերենը և անհամբերությամբ են սպասում դասընթացներին, քանի որ կարոտում են մեր հանդիպումները:

Դասընթացներին մասնակցող ուսանողներ եմ ունեցել, որոնց ծնողներից մեկը հայ է եղել, մյուսը՝ օտար: Այդ ուսանողները հայերեն խոսել չեն իմացել: Հաճախելով դասընթացներին՝ նրանք հայրենասիրությամբ են լցվել և արմատներին վերադառնալու ցանկություն հայտնել:

-Սփյուռքում հայ գրականության երևելիներին ճանաչելի դարձնելու և հայկական մշակույթի, ազգային արժեքների տարածմանն է միտված նաև Ձեր լրագրողական գործունեությունը: Կխնդրեի պատմել այդ մասին:

Կիպրոսի պետական ռադիոյում 1988 թվականից ամեն ուրբաթ, կեսօրից հետո  «Գրական հաղորդում» ռադիոժամն եմ ներկայացնում:

Մեկ ժամ տևողությամբ ռադիոհաղորդման ընթացքում ներկայացնում եմ հայ գրողների կյանքն ու գործունեությունը կամ տարբեր գրքերի մասին տեղեկություններ հայտնում՝ ուղղորդելով ընթերցասեր հասարակությանը: Այս միջոցով նույնպես փորձում եմ հայկական մշակույթը տարածել և կիպրահայերի կապը Հայրենիքի հետ ամրապնդել:

Առհասարակ, կիպրահայ համայնքը եղել և մնում է հավատարիմ հայկական արժեքներին: Մեր եկեղեցին և դպրոցը կարևոր դերակատարություն են ունեցել համայնքային կյանքում:

-Տիկի՛ն Վիոլետա, եթե մասնագիտական ընտրության առջև կանգնեք, ապա կրկին կբռնե՞ք մանկավարժի ուղին:

– Անպայման կրկին ուսուցչի մասնագիտությունը կընտրեմ, քանի որ ցանկանում եմ ապագա սերունդներին շարունակել ներշնչել և հավատացնել, որ եթե հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանությունից հետո Սփյուռքում ապրում է, ապա միայն իր Հայրենիքի, Մայրենիի և հայ մշակույթի շնորհիվ: Կարծում եմ՝ ուսուցիչ լինելը կոչում և Աստծուց տրված շնորհք է:

– Վաղու՞ց եք համագործակցում ՀՀ սփյուռքի նախարարության հետ:

-ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծման առաջին տարիներից ակտիվ համագործակցության մեջ ենք գտնվում: Շատ բարձր եմ գնահատում նախարարության գործունեությունը: Այս ութ տարիների ընթացքում Սփյուռքի հետ լայնածավալ աշխատանքեր են կատարվել՝ թե կրթական, թե մշակութային առումով:

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին և նախարարության բոլոր աշխատակիցներին, որ ստեղծում են Հայրենիք-Սփյուռք կապը՝ ժրաջանորեն աշխատելով այն ամրապնդելու ուղղությամբ: Սփյուռքի նախարարությունն իր գործունեությամբ մեր ամբողջությունն է ապահովում:

Նաև հետևում եմ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր»   էլեկտրոնային պարբերականի աշխատանքներին: Մեծ բավականությամբ եմ կարդում լուրերը: «Հայերն այսօրն» իր  գոյությամբ նույնպես նպաստում է Սփյուռքի՝ Հայրենիքին մոտ  գտնվելուն:

Զրուցեց՝ Գևորգ Չիչյանը

 

 

 

 

Scroll Up