ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի պարախմբերի գեղարվեստական ղեկավարների հետ

Հուլիսի 22-ին, «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի բացմանն ընդառաջ, ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպեց աշխարհի 12 երկրից ժամանած 42 հայկական պարախմբերի գեղարվեստական ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց ներկաներին  և նշեց. «Ուրախ ենք ընդունել ձեզ Հայրենիքում: Սփյուռքում գործող յուրաքանչյուր պարախումբ հայապահպանության իրական օջախ է, և մենք ամեն բան պետք է անենք նրանց գործունեությունը, վերելքը ապահովելու համար: Փառատոնը հնարավորություն է տալիս ոչ միայն ներկայացնել ձեր ձեռքբերումներն ու տաղանդը մայր Հայաստանում, այլև ծանոթանալ ու բարեկամանալ միմյանց հետ: Իսկ մեր ուժը համայն հայության միասնության մեջ է»:

Նախարարն ընդգծեց, որ Սփյուռքում գործող մեր մշակութային խմբերի համար փառատոնի շրջանակներում կազմակերպված վարպետության դասընթացները հմտությունների  կատարելագործման և նորանոր գիտելիքների ձեռքբերման փայլուն հնարավորություն են:

«Գնահատելի է, որ տարեցտարի Սփյուռքի ավելի ու ավելի շատ համայնքներ են ցանկություն հայտնում մասնակցել «Իմ Հայաստան» փառատոնին, ինչը վկայում է այն մասին, որ   վայելում ենք մեր հայրենակիցների վստահությունն ու սերը: Բարի երթ և փայլուն ելույթներ եմ մաղթում բոլորիդ», – նշեց նախարարը:

Այնուհետև շնորհակալական խոսքով հանդես եկան Ռուսաստանի Արմավիր քաղաքի «Արմավիր» պարախմբի գեղարվեստական ղեկավար և պարուսույց Էդգար Թոխյանը, Աթենքի «Ավետիս դանս» պարախմբի գեղարվետսական ղեկավար և պարուսույց Շուշանիկ Սեմերջյանը, Ջավախքի «Վաչիան» պարախմբի գեղարվեստական ղեկավար Նասլեթ Քեյանը, Թեհրանի «Զարթօնք» պարախմբի տնօրեն Լորետտա Ավետիսյանը, Սպահանի «Կռունկ» պարախմբի գեղարվեստական ղեկավար Կարմեն Ղևյանը և «Էրեբունի» պարախմբի տնօրեն Զարենուշ Աղուրեանը:

Պարախմբերի ղեկավարները նշեցին, որ Հայրենիքում մշտապես զգում են նախարար Հրանուշ Հակոբյանի, նախարարության աշխատակիցների և հայ հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը, ոգևորությունը:

Հանդիպման մասնակիցները համոզմունք հայտնեցին, որ 2016թ. «Իմ Հայաստան» փառատոնի համերգները, որոնք տեղի են ունենալու Երևանում, Հայաստանի տարբեր մարզերում և Արցախում, նույնպես կանցնեն բացառիկ ջերմ մթնոլորտում:

1 2 3 5 6 7

Scroll Up