«Շատ կարևոր է կրթված, խելացի երիտասարդների մասնակցությունը»

Հուլիսի 11-ից 14-ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ Երևանում անցկացվող «Հայաստան. ստեղծենք միասին» երիտասարդական առաջին հավաքի «Հայկական շահերի պաշտպանություն և մեդիա» աշխատանքային խմբի հուլիսի 13-ի նիստում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետօ Տէմիրճեանը (Բելգիա, Բրյուսել) հանդես եկավ «Եվրոպայում Հայկական հարցերի վերաբերյալ արդյունավետ քաղաքականություն և որոշումների ընդունում» թեմայով զեկուցմամբ, ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի ղեկավար Նիկոլա Տավիտյանը (Բելգիա, Բրյուսել) ներկայացրեց «Արդյունքների քաղաքականություն: Ի՞նչ կարող է Եվրոպան անել հայերի և Հայաստանի համար» զեկուցումը:

Նույն օրը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Պետօ Տէմիրճեանին և Նիկոլա Տավիտյանին: Ողջունելով հյուրերին՝ Հ. Հակոբյանը շնորհակալություն հայտնեց «Հայկական շահերի պաշտպանություն և մեդիա» ֆորումին հետաքրքիր և ուշագրավ զեկուցումներով հանդես գալու համար և հետաքրքրվեց երիտասարդական հավաքի մասին նրանց տպավորություններով, կարծիքներով ու առաջարկներով:

Պետօ Տէմիրճեանը գոհունակությամբ նշեց, որ ընդհանուր առմամբ լավ տպավորություն է ստացել, լավ նախաձեռնություն է, բայց կցանկանար, որ հաջորդ տարիներին ավելանան և՛ մասնակիցների թիվը, և՛ տարբեր երկրների երիտասարդների ընդգրկվածությունը:

Նիկոլա Տավիտյանը նույնպես գոհ էր հավաքի կազմակերպվածությունից: Նա կարևորեց կրթված, խելացի երիտասարդների մասնակցությունը, որոնց պետք է ճիշտ ուղղորդել և միավորել, գոնե Եվրոպայում երիտասարդական ցանց ստեղծելու նպատակով: Նա մասնավորապես նշեց. «Լավ կլիներ, որ զրույցի ֆորմատով էլ շփվեինք, հասկանալի լիներ նրանց կրթվածության, գիտելիքների մակարդակը: Այդպես աշխատանքն ավելի արդյունավետ կլիներ»:

Նախարարը, հյուրերին լսելուց հետո նշեց. «Կարծում եմ, որ հաջորդ տարի երիտասարդների խմբերը կմեծացնենք, աշխարհագրությունն էլ կընդլայնենք: Թող գան, ծանոթանան Հայրենիքին, շփվեն միմյանց հետ: Դա կնպաստի, որ կապվեն Հայաստանի հետ, ավելի հայանան»:

Քննարկվեցին համայնքային, լեզվի և ինքնության պահպանման  և այլ հարցեր:

??????????????????????????????? ???????????????????????????????

Scroll Up