«Հայրենիքից դուրս ապրելով՝ Հայրենիքը ճանաչելու հրաշալի ծրագիր է «Արի տուն»-ը. Անժելա Ղազարյան
Մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն -2016» հայրենաճանաչողական ծրագրի 3-րդ փուլը, որի մասնակիցներից մի քանիսի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
Աշոտ Բաբայան, ՌԴ, քաղաք Սարատով, 16 տարեկան
–Փոքր հասակում եմ եղել Հայաստանում. իմ ծնողները Հայաստանից են տեղափոխվել, ես ծնվել եմ Սարատովում: Հայաստանի ու հայոց պատմության մասին շատ է պատմել հայրիկս: Հայրս պատմել է նաև մեր թագավորների ու թագավորական դինաստիաների, մեր ժողովրդի անցյալի պատմության հերոսական էջերի մասին: Կներեք, որ ռուսերենով եմ խոսում. գիտե՛մ հայերեն, ուղղակի վախենում եմ սխալ արտահայտվել, ոչ ճիշտ, ոչ գրական բառեր ասել…Մեր ընտանիքը հայախոս է, մենք սրբորեն ենք պահում ու պահպանում հայոց լեզուն և մեր հայկական ավանդույթներն ու սովորույթները: Շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս հայտնի ծրագրին, որի մասին ինձ պատմել են նախկինում ծրագրին մասնակցած ընկերներս: Որոշել եմ դառնալ միջազգայնագետ, ցանկություն ունեմ բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում:
Ալեն Գրիգորյան, Ուկրաինա, Խարկով, 16 տարեկան
-Ես ծնվել ու մեծացել եմ Հայաստանում. 11 տարեկան էի, երբ ընտանիքով տեղափոխվեցինք Խարկով: Մեր ընտանիքը հայախոս է և ավանդապաշտ, որը օգնում է օտար երկրում պահպանել ազգային ինքնությունը: Ես ունեմ հայ և ուկրաինացի շատ ընկերներ: Ծրագրի մասին լսել եմ նախկին մասնակիցներից, համայնքից, նաև համացանցից եմ տեղեկացել: Հաճելի է շփվել տարբեր երկրներից եկած քո հասակակիցների հետ, ծանոթանալ նրանց մտածելակերպին, նրանց երկրների պատմությանը, ապրելակերպին. այդպիսով մարդու մտահորիզոնն ավելի է ընդլայնվում է: Աշխարհի տարբեր ծագերում ապրող հայերը պետք է համագործակցեն ամենատարբեր ոլորտներում, առավելապես՝ ներկայիս երիտասարդությունը: Կարծում եմ՝ «Արի տուն»-ը մեզ տալիս է այդ հնարավորությունը: Շատ եմ սիրում երաժշտություն, պար, և իմ ապագան տեսնում եմ հենց այդ ոլորտում:
Մերի Գրիգորյան, Լեհաստան, Նիսա, 16 տարեկան
-Ծնվել եմ Լեհաստանում, մտավորականների ընտանիքում, հայախոս ենք: Հաճախակի եմ լինում Հայաստանում: Ծրագրի մասին տեղեկացել եմ համացանցից: Հայաստանում ազգականներ ունեմ՝ մորաքույրներ, հորաքույրներ, տատիկ, պապիկ: Արմատներով սասունցի ենք, Աշնակից: Ամռանն առիթ եմ ունեցել արձակուրդս անցկացնելու Աշնակում: Իմ հայրիկի և հորեղբոր հիմնած ծիրանի այգիներում եմ լինում….էլ ի՞նչ աշնակցի, որ ծիրան չունենա…Հորեղբորս հետ եմ եկել Լեհաստանից: Այս ծրագրի շրջանակներում պետք է այցելենք Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ, որի համար շատ ուրախ եմ, քանի որ ուզում եմ ավելի լավ ճանաչել իմ Հայրենիքը: Ծրագիրը հնարավորություն է տալիս տարբեր երկրներից եկած հայ երիտասարդներին շփվելու միմյանց հետ. հնարավոր է նաև, որ այդ ծանոթությունը հիմք հանդիսանա հետաքրքիր նախաձեռնությունների, երիտասարդական համահայկական նոր ծրագրերի: Նախասիրություններիս մեջ առաջին տեղում իմ սիրած մարզաձևն է՝ վոլեյբոլը. ես ներգրավված եմ Նիսայի վոլեյբոլի հավաքականում: Առայժմ չեմ որոշել, թե ինչ մասնագիտությամբ եմ բարձրագույն կրթություն ստանալու, բայց նախընտրում եմ շարունակել բարձրագույն կրթությունն իմ սիրած մարզաձևով:
Անժելա Ղազարյան, Վրաստան, Նինոծմինդա, 17 տարեկան
-Անչափ ուրախ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել մասնակցելու այս հանրաճանաչ ծրագրին: Առաջին անգամ եմ Երևանում, թեև Էջմիածնում մի անգամ եղել եմ: Չէի պատկերացնում, թե ինչպիսին է մեր սիրելի մայրաքաղաքը. այն ինձ համար երազանք էր միայն, և այսօր ես այն տեսնում եմ իրականության մեջ: Շատ եմ կարդացել հայ ժողովրդի պատմության հերոսական դրվագների մասին, կարդացել եմ հայ մեծանուն գրողների պատմավեպերը, որոնցից առավել տպավորված եմ «Վարդանանք»-ով: Հայաստանն ինձ համար առեղծվածների, հերոսացումների երկիր է: Անհամբեր սպասում եմ, թե երբ պետք է այցելենք Գառնու հեթանոսական տաճար և Գեղարդավանք: Մոտենում է մասնագիտական կողմնորոշման ժամանակը. որոշել եմ տնտեսագետ դառնալ, բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում: Անչափ շնորհակալ եմ ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ «Արի տուն» ծրագրի մտահղացման և այն իրականացնելու համար. սա, Հայրենիքից դուրս ապրելով, Հայրենիքը ճանաչելու հրաշալի գաղափար է: Առջևում դեռ շատ օրեր կան, կարծում եմ՝ դեռ շատ հետաքրքիր և ուսանելի միջոցառումներ կունենանք և կհասցնենք ավելի լավ ճանաչել մեր Աստվածընծա Հայրենիքն ու ինքներս մեզ , մեր նոր ընկերներին :
…Լսելով այս հայրենաբաղձ երիտասարդներին՝ ակամայից հուզվում ես և մտածում, թե որքան երջանիկ ենք մենք՝ ներսում ապրողներս, երջանիկ այն գիտակցմամբ, որ ապրում ենք մեր հողի վրա, մեր տանը, ուր , անկախ բոլոր տեսակի դժվարություններից ու հոգսերից, չունենք կարոտախտի հոգեմաշ զգացողությունը:
Կարինե Ավագյան