Ինժեներական նոր լաբորատորիաներ Հայաստանի դպրոցներում

Վերջերս «Անուշավան Աբրահամյան» կրթական կիմնադրամը (ԱԱԿՀ) նախաձեռնեց ինժեներական նոր լաբորատորիաների ստեղծման ծրագիրը: Նման լաբորատորիաներ կստեղծվեն Հիմնադրամի կողմից հովանավորվող յուրաքանչյուր դպրոցում: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամից:
Ծրագրի շրջանակում ԱԱԿՀ-ն համագործակցում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) հետ: ԱԱԿՀ-ի ֆինանսավորմամբ ԻՏՁՄ-ն կիրականացնի լաբորատորիաների կահավորումը և մշտական տեխնիկական աջակցության տրամադրումը: Ծրագրի առաջին փուլում ինժեներական խմբակներ կսկսեն գործել Շիրակի մարզի Մարալիկ գյուղում և Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը լաբորատորիաները կապահովի համապատասխան որակավորում ունեցող մանկավարժներով:
Այս ծրագրի միջոցով աշակերտները կուսումնասիրեն համակարգչային ծրագրավորում, եռաչափ տպագրություն և ռոբոտաշինության նախագծում, ստեղծում և կառավարում: Այս ոլորտներում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները Հայաստանում մեծ պահանջարկ ունեն: Նոր ծրագիրը նաև հնարավորություն կընձեռի բարձրացնել մարզերում բնակվող երիտասարդների մասնակցությունը Հայաստանում արհեստագործության զարգացմանը:
ԱԱԿՀ-ն ավելի քան տասը տարեկան է: Այն հիմնադրվել է Անուշավան և Օֆիկ Աբրահամյանների կողմից՝ Լոս Անջելեսում, և գլխավոր նպատակն է օժանդակել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող պատանիներին և աղջիկներին, որ ձեռք բերեն այնպիսի արհեստներ և մասնագիտություններ, որոնց շնորհիվ ապագայում կկարողանան լավ աշխատանք ունենալ և մնալ հայրենի քաղաքներում ու գյուղերում:
Այս կապակցությամբ, անցած տասը տարիների ընթացքում, Հայաստանի տասը մարզերում մեկական կրթական համալիր հիմնովին կամ մասամբ վերանորոգվել է: Յուրաքանչյուր դպրոցում բացվել են վեց տարբեր արհեստների դասարաններ` զարգացնելով արհեստագործական կրթությունը Հայաստանի մարզերում: