Ես սիրում եմ քեզ, իմ հայրենի երկի՛ր Հայաստան

Դպրոցականների ամառային արձակուրդի  օրերին, սովորությանս համաձայն,   ամեն անգամ թերթում եմ իմ աշակերտների  տետրերը:  Շարադրության տողերը, որ գրել  էին   այդ  օրը յոթերորդցիները, հոգուս  հարազատ  էին: Աշակերտուհիներից մեկը մի քիչ անվստահ ինձ հանձնեց տետրը: Ընթերցանության մեջ խորասուզված` կամաց-կամաց դեմքիս հայտնված հիացական ժպիտը ճառագեց նաև նրա դեմքին: Քանի որ մյուս աշակերտները գրում էին դեռ, երկուսս էլ անխոս հասկացանք միմյանց. <<Ես սիրում եմ քեզ, իմ հայրենի երկի՛ր Հայաստան, սիրում եմ ամբողջ հոգով ու սրտովԶարմացա՞ք, որ ես` Արցախի դուստրս, հայրենիք անվանեցի Հայաստանը: Գուցե տասնամյակներ առաջ դա անհնար էր թվում և նույնիսկ արգելված էր խոսել այդ մասին, իսկ հիմա դա իրականություն է, որի համար շնորհակալ ենք մեր պապերին ու հայրերին: Եվ ես ցանկանում եմ ամբողջ աշխարհին լսելի ձայնով գոռալ` ես սիրում եմ քեզ, իմ հայրենի երկի՛ր Հայաստան: Սիրում եմ քո կապուտաչյա Սևանը, քառագագաթ Արագածդ, ոսկեղենիկ լեզուդ, գրապահոց Մատենադարանդ, արևի տակ սևացած գյուղացիներիդ և ամե~նամեն ինչ: Քեզ բռունցքված ու մոր ձեռքից ամուր բռնած եմ զգում ինձ և հպարտ, որ հաղթանակած երկրի դուստր եմ ես>>/Պետրոսյան Կարինե/:

Հոգուս հարազատ տողեր կային նաև մի քանի ուրիշ աշակերտների մոտ.  <<Քարքարոտ ու երազ երկիր ես, իմ Հայաստա՛ն: Ես ուրախ եմ, որ դու կաս, որ հայ եմ ես, ապրում եմ Արցախում: Միայն թե այն պաշտպանել է պետք ամուր ձեռքերով, որպեսզի հայը ապրի խաղաղ ու ջինջ արշալույսներ>>/ Հարությունյան Հարություն/: <<Ուրիշ տեղ ես չեմ կարող ապրել, իմ սիրտն այս երկրի շարունակությունն է: Որախ եմ, որ ծնվել եմ այս բիբլիական հողի վրա և հպարտ, որ իմ մայր Հայաստանի ժառանգորդն եմ ես>>/Ստեփանյան Արեգ/: <<Ես սիրում եմ քեզ, իմ Հայաստա՛ն: Օտար երկրում ապրող ամեն մի հայ պետք է իմանա, որ հայերի հայկական տունն ես, իր անցյալն ու ապագան, մա՛յր Հայաստան>>/Կարապետյան Աննա/: <<Սպասի՛ր Հայաստա՛ն, դեռ քո գիրկը պիտի գան շատ պանդուխտ հայեր, պիտի համախմբվեն մեզ հետ, օգնեն` քո վաղվա օրը կառուցելու: Ապասի՛ր Հայաստա՛ն, ես քո վաղվա օրվա քաղաքացին եմ` մեր նախնիների արդար գործի շարունակողը, և վստահ ու հպարտորեն իմ ամեն մի սերնդակից կարող է ասել. <<Ես քո զավակն եմ, մա՛յր Հայաստան>> >>/Ավթանդիլյան Աննա/:
Չեմ ժխտում, որ թույլ գրավորներ նույնպես կային, բայց եղածն էլ ընթերցելով` հպարտության զգացում ունեցա, որ այդ դասաժամին մեր երեխաների ստեղծագործական շարադրանքներում մի ամբողջ Հայաստան էր խոսում, մի բուռ հայրենիք:

Նատաշա  Պողոսյան  

Արցախի վաստակավոր մանկավարժ,                                                                                                         Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ                                                                       դպրոցի  հայոց  լեզվի և գրականության ուսուցչուհի

Scroll Up