Հռոմի պապի հետ Մերձավոր Արևելքի խաղաղության համար «աղոթող» պատանիները. Աղոթք առ Քուվեյթ

Հունիսի 25-ին Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի էկումենիկ արարողությանը կմասնակցեն Քուվեյթում ապրող՝ Նարեկ և Ալին Զաքարյանները, որոնք իրենց ծննդավայրից բերված մեկ բուռ հողով մասնակիցը կդառնան ալեկոծյալ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար Հռոմի Պապի հնչեցրած աղոթքին:
Ներկայացնում ենք քուվեյթահայ պատանիների մասին «Հայերն այսօրի» փոքրիկ անդրադարձը:
Նարեկ և Ալին Զաքարյանները սովորում են Քուվեյթի ազգային վարժարանում: Ինչպես «Հայերն այսօրին» փոխանցեցին Նարեկն ու Ալինը, ընտանիքի հետ շրջայցի նպատակով գալով Հայաստան՝ հաճելիորեն զարմացել են, երբ նրանց առաջարկել են մասնակցել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպման արարողությանը: Այս առումով` իրենց միանգամայն բախտավոր մարդ են համարում:
Նրանց մայրը նույնպես շատ է ոգևորվել, որ երեխաները պատմական իրադարձությանն են մասնակցելու:
Նարեկի և Ալինի նախնիներին նույնպես Հայոց ցեղասպանության մեծ արհավիրքն է բաժին հասել: Նրանք կոտորածի ժամանակ Սասունից փախել են Սիրիա, որտեղ էլ հանգրվան են գտել: