Հռոմի պապի հետ Մերձավոր Արևելքի խաղաղության համար «աղոթող» պատանիները. Աղոթք առ Լիբանան

Հունիսի 25-ին Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի էկումենիկ արարողությանը կմասնակցեն Լիբանանում ապրող՝ Արին Բոյաջյանը և Անտոնի Այնթապլյանը, որոնք իրենց ծննդավայրից բերված մեկ բուռ հողով մասնակիցը կդառնան ալեկոծյալ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար Հռոմի Պապի հնչեցրած աղոթքին:

Ներկայացնում ենք լիբանանահայ պատանիների մասին «Հայերն այսօրի» փոքրիկ անդրադարձը:

Արին Բոյաջյան

14-ամյա Արին Բոյաջյանը Լիբանանից հատուկ ժամանել է Հայաստան` մասնակցելու Հռոմի Պապի հետ հանդիպման արարողությանը և բոլոր ուխտավորների հետ հունիսի 25-ին Հանրապետության հրապարակում աղոթելու` հանուն Խաղաղության:

Արինը «Հայերն այսօրին» տեղեկացրեց, որ խանդավառված է այդ կապակցությամբ և որ Հռոմի Պապի հետ հանդիպման հիշողությունները միշտ վառ է պահելու իր հոգում:
Արինը սովորում է Լիբանանի Հայ Կաթողիկե Պատրիարքության «Սուրբ Խաչ» Հարբոյան վարժարանի 8-րդ դասարանում: Հայաստան երկրորդ անգամ է այցելում:

Նրա նախնիները Արևմտյան Հայաստանի Ադանա քաղաքից են, որոնք Հայոց ցեղասպանության ականատեսներից են եղել:
Օսմանյան Թուրքիայի վայրագություններից փրկվելով` Արինի պապերը սկզբում հասատվել են Դամասկաոսում, հետո արդեն՝ Լիբանանում:

Արինի մեծ հայրիկը Լիբանանում դերձակ է եղել՝ կարելով կանացի հագուստներ:

Անտոնի Այնթապլյան

Անտոնի Այնթապլյանը 15 տարեկան է: Ապրելով Լիբանանում` հաճախում է Հայ Կաթողիկե Պատրիարքության Սուրբ Խաչ Հարբոյան վարժարան, 9-րդ դասարան է:

Հայաստան վերջին անգամ 4 տարի առաջ էր եկել` շրջագայելու նպատակով: Տևական բացակայությունից հետո՝ նկատել է, որ իր Հայրենիքում բավականին շատ առաջընթաց է գրացվել, տեսել է ավելի բարեկարգ ու գեղեցիկ Հայաստան:
Անտոնիի երազանքը լավ ապագա կառուցելը և պիտանի մարդ դառնալն է, որպեսզի կարողանա Հայաստանին օգտակար լինել: Ցանկանում է օդաչու դառնալ:

«Հայերն այսօրին» Անտոնին պատմեց, որ հպարտությամբ է լցվել` ստանալով Հռոմի պապի հետ հանդիպման և Էկումենիկ արարողությանը մասնակցելու առաջարկը: Ընտանիքի անդամները նույնպես ուրախացել են և իրեն բարձր տրամադրությամբ Հայաստան են ճանապարհել: Ակնկալում է, որ Հռոմի Պապի այցելությունը Հայաստամ կնպաստի խաղաղության հաստատմանը աշխարհի բոլոր պետություններում, որն այսօր առավել քան երբևէ՝ կարևոր հրամայական է:

Անտոնի Այնթապլյանի պապերը Լիբանանում են հաստատվել Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքից: Նրանք նույնպես Հայոց ցեղասպանության ականատեսներից են եղել:

Scroll Up