Հռոմի պապի հետ Մերձավոր Արևելքի խաղաղության համար «աղոթող» երիտասարդները. Աղոթք առ Հորդանան

Հունիսի 25-ին Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի էկումենիկ արարողությանը կմասնակցեն Հորդանանում ծնված՝ Նժդեհ Մուրադյանը և Նաիրի Կուլակսզյանը, որոնք իրենց ծննդավայրից բերված մեկ բուռ հողով մասնակիցը կդառնան ալեկոծյալ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար Հռոմի Պապի հնչեցրած աղոթքին:

Ներկայացնում ենք հորդանանահայ երիտասարդների մասին «Հայերն այսօրի» փոքրիկ անդրադարձը:

Նժդեհ Մուրադյան

16-ամյա Նժդեհ Մուրադյանի արմատները Արևմտյան Հայաստանի Ուրֆա և Արաբկիր քաղաքներից են: Նրա պապերը Հայոց ցեղասպանության վերապրածներից են, որոնք, փրկվելով թուրքական յաթաղանից, ապաստան են գտել Հորդանանում:
2014 թվականին ուսումը շարունակելու նպատակով՝ Նժդեհը Հորդանանից միայնակ Հայաստան է եկել: Այժմ սովորում է Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանի 2-րդ կուրսում՝ Դիզայնի բաժնում:

«Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպումը խորհրդանշական եմ համարում, քանի որ ընտանիքս հավատացյալ է շատ, հատկապես՝ մայրս: Կարծում եմ՝ Աստծո նախախնամության շնորհիվ են ինձ ընտրել: Հռոմի պապին բարևելն արդեն մեծ ձեռքբերում եմ համարում: Մայրս, հեռուստատեսությամբ տեսնելով այդ պահը, շատ կուրախանա և կհուզվի»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Նժդեհ Մուրադյանը:

Նաիրի Կուլակսզյանը

Նաիրի Կուլակսզյանը 16 տարեկան է: Ծնվել է Հորդանանում: Արդեն ութ ամիս է, որ նա ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստանում ապրելու: Սովորում է Երևանի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում:

Խոսելով Հռոմի պապի հետ հանդիպման, Էկումենիկ արարողության ու Խաղաղության աղոթքին մասնակցելու մասին`Նաիրին ասաց, որ բերկրանքի պահեր է ապրում, քաջ գիտակցում է, որ ամեն մեկին նման բացառիկ հնարավորություն տրված չէ: Կարծում է`Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցելությունը մեր պետությանը զարգացում է բերելու, շատ է ուզում, որ Սրբազան Քահանայապետն ի լուր աշխարհի խաղաղություն քարոզի, որպեսզի վերջանան պատերազմներն ու բոլոր ահաբեկչությունները: Նաիրին այցելությունը կարևորում է նրանով, որ համայն աշխարհը կիրազեկվի Հայաստանի` իբրև առաջին քրիստոնյա պետություն լինելու փաստի մասին:

«Հայերն այսօրի» հետ զրույցում Նաիրին խոսեց նաև իր արմատներից. «Նախնիներս Այնթափից են: Նրանք Հայոց ցեղասպանության ժամանակ հրաշքով են փրկվել կոտորածից` հաստատվելով Հալեպում, որից հետո Հորդանան են տեղափոխվել»:

Scroll Up