Հռոմի պապի հետ Մերձավոր Արևելքի խաղաղության համար «աղոթող» պատանիները. Աղոթք առ Իրաք

Հունիսի 25-ին Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի էկումենիկ արարողությանը կմասնակցեն Իրաքում ծնված, սակայն Հայաստան տեղափոխված՝ Արփի Պետրոսյանը և Կարին Ավագյանը, որոնք իրենց ծննդավայրից բերված մեկ բուռ հողով մասնակիցը կդառնան ալեկոծյալ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար Հռոմի Պապի հնչեցրած աղոթքին:
Ներկայացնում ենք իրաքահայ պատանիների մասին«Հայերն այսօրի» փոքրիկ անդրադարձը:
Արփի Պետրոսյան
Արփի Պետրոսյանը ծնվել է Իրաքի Բաղդադ քաղաքում, 18 տարեկան է: Պապերը Ցեղասպանության տարիներին Մշո Ախլաթ գավառի Թեղուտ գյուղից բռնելով գաղթի ճանապարհը և բազում փորձությունների միջով անցնելով` հասել են Իրաք: Հաստատվելով այստեղ՝ չեն կոտրվել ու հուսալքվել,այլ ապրել են և արարել, կազմել ընտանիք, բայց միշտ` հայրենքի կարոտը սրտում պահած և հուսալով, որ օրերից մի օր կրկին կտեսնեն այն:
2003 թվականը դարձավ այդքան բաղձալի երազանքի իրագործման տարի: Պետրոսյանների ընտանիքը տեղափոխվեց Հայաստան: Արփին, ապրելով պատերազմական երկրում և լինելով Ցեղասպանության վերապրածների ժառանգ, խաղաղության մասին ունեցած պատկերացումներ մասին «Հայերն այսօրի» հետ զրույցում հետևյալը փոխանցեց. «Կարծում եմ` յուրաքանչյուրն իր մեջ, իր հոգում պետք է փնտրի խաղաղություն, եթե բոլորը գտնեն իրենց խաղաղությունը, ուրեմն աշխարհում էլ խաղաղություն կտիրի. չէ՞ որ մարդկությունն է պատասխանատու այսօր կատարվող աղետալի իրադարձությունների համար»:
Կարին Ավագյան
Կարին Ավագյանը ծնվել է Իրաքում: Ցեղասպանության տարիներին նրա մորական պապերը Վան քաղաքից գաղթել և հասել են Իրաքի Դհոք քաղաքը, այնուհետև հաստատվել Բաղդադում: Ապրելով Իրաքում՝ կազմել են ընտանիք, աշխատել ու կարողացել են վերագտնել իրենց:
2006 թվականին Ավագյանները որոշեցին հաստատվել հայրենիքում և այսօր համարում են, որ դա եղել է իրենց կյանքի կարևորագույն որոշումը ու երբևէ չեն զղջում դրա համար:
Կարինը՝ լսելով Ցեղասպանության մասին, նաև Իրաքում տեսնելով պատերազմական իրավիճակներ՝ խաղաղությունը ընկալում է այսպես. «Խաղաղություն ասելով ես հասկանում եմ ներողամտություն ու հանդուրժողականություն, եթե մարդիկ ներողամիտ և հանդուրժող լինեն միմյանց նկատմամբ, չեն լինի վեճեր, կռիվներ առավել ևս՝ պատերազմներ»:
«Հայերն այսօրի» հետ զրույցում իրաքահայ Կարին Ավագյանն ասաց, որ երբեք չէր մտածի, թե մի օր Հռոմի Պապին տեսնելու հնարավորություն կունենար` այն էլ այդքան մոտիկից. «Երբ իմացա, որ մասնակցելու եմ Հռոմի Պապի հետ հանդիպման արարողությանը, անչափ ուրախացա, որ այդ պատմական իրադարձության մի մասնիկն եմ դառնալու: Մեծ երջանկություն է տեսնել նման կարևոր և խաղաղասեր անձի` հանձին Սրբազան Քահանայապետի»:
Կարինը շատ է ցանկանում, որ Հռոմի Պապի այցելությունը վճռորոշ դառնա Հայաստանի համար` նպաստելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: