Ոչ մի այլ հողում չեմ կարողանա այնպես ըմբոստանալ թշնամու դեմ, ինչպես Արցախում

Նայում եմ  մեր դպրոցի շրջանավարտ  Իրինա Վանյանի  լուսանկարին,  հիանում   նրա գեղեցկությամբ, նաև   հիշում այդ  սիրուն և  համեստ  աշակերտուհու`  օրեր  առաջ  գրած   ոգեղեն տողերը,  որ    հպարտության զգացումով էր   լցրել հոգիս: Այդ օրը մի ներքին ձայն ինձ հետ էր պահում նրանից, բայց ուզում էի  հիացմունքով   պինդ գրկել ու բերկրալից խոսքեր շռայլել նրան: Այդ պահին իմ հայացքում նա, իր գրած տողերին զուգընթաց, կերպարանափոխվում էր. <<Չեմ կարողանում պատկերացնել, թե ուրիշ որ աշխարհում ես այսքան ազատ կլինեմ ինքս ինձ հետ, երբ իմ հայրենիքը ես եմ: Իսկ ես իմ հայրենի լեռներից հոսող սառնորակ ջրերից եմ ծարավս հագեցնում, այս լեռներից եմ ես ուժ ստանում: Այդ լեռներով շրջապատված մի փոքրիկ հողակտոր է իմ երկիրը ու այդ գողտրիկ հողում ծվարած է լեռներին կառչած,  արծվի պես խրոխտ  մի   բուռ  ժողովուրդ: Կապույտ երկնքից է կախված երկիրս վեհապանծ: Իմ հարազատ աշխարհն է նա, այստեղ եմ ես ծնվել, այստեղ էլ կապրեմ: Անգամ   իմ   երազած   աշխարհն  էլ  արյունով   հեղված  այն  երկիրն  է,   որտեղ  ես  կամ>>:

                                                                                                                                                                                       Այն օրերին  ծնված մտահղացումը` իմ աշակերտներին ևս հանձնարարել գրելու շարադրություն, թե որ աշխարհում կուզենային  ապրել, մի ներքին մտավախության հետ նաև վստահություն էր ծնել հոգումս, որ մեր աշակերտները երբեք չեն <<դավաճանի>> այն համոզմունքին, որը հաստատուն ապրում է յուրաքանչյուր արցախցու հոգում: Բոլորս էլ գիտեինք, որ հայրենիքը մեկն է, ու այդ հայրենիքը մենք ենք, որ կանք. <<Իմ ժողովուրդը երբեք չի հոգնում, արարում է նա, ապասում ու հավատում, նա հավատում է, որ պիտի դարեր շարունակ մեր հայրենիքը ապրեցնենք: Իսկ ես իմ երկրի մի մասնիկն եմ, որտեղ էլ լինեմ,  իմ սիրտն այստեղ է` այս երկնքի տակ: Այստեղ են իմ երազանքները, իմ անցյալն ու ներկան, իմ ուրախությունն ու տխրությունը, իմ ընտանիքը, ընկերներս ու ես…առանց ինձ ես ո՞ւր գնամ>>:
                                                                                                                                                                                       Մտովի հիացմունքով գրկում եմ իմ աշակերտուհուն, բայց նաև հավատում, որ   առավել ևս այս պատերազմական դաժան օրերից հետո  <<Այն աշխարհը, որտեղ ես կուզեի  ապրել>>, մեզանից յուրաքանչյուրի համար պիտի  լինի   այն հիասքանչ  երկիրը,  որին   կոչում են Արցախ:

 

Նատաշա Պողոսյան      

Արցախի վաստակավոր մանկավարժ,          

 Մարտակերտի Վլադիմիր  Բալայանի  անվան  միջնակարգ     

 դպրոցի հայոց   լեզվի   և  գրականության ուսուցչուհի 

Scroll Up