Հարթակի դպրոցների տարեվերջյան հանդեսը. լուսանկարներ

Հունիսի 19-ին հերթական անգամ մեծ ոգևորություն էր տիրում Նայմեխենի ՄՀՀ միության սրահում: Փոխադարձ համաձայնությամբ՝ Հարթակի դպրոցների (Նայմեխեն, Ալմելո, Մաստրիխտ և Վեստերֆորտ) տարեվերջյան հանդեսը (թեման՝ ՀԱՅՐԵՆԻՔ) միատեղվեց Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության հետ տեսակապով: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում է Նայմեխեն քաղաքի «Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության նախագահ Սվետա Աբրահամյանը:
Օրվա շատ կարևոր ու ցանկալի հյուրերն էին Նիդերլանդներում Հայ Առաքելական Եկեղեցու հոգշնորհ հայր Արեն վադապետ Շահինյանը և ՀՀ դեսպան տիկին Ձյունիկ Աղաջանյանը: Տեսակապի նպատակն էր ՀՀ սփյուռքի նախարարության և Նիդերլանդների հայկական համայնքի միջև գործակցության էլ ավելի ամրապնդում և կապերի խորացում:
Հայաստանյան կողմից ներկա էին նախարարության մի խումբ աշխատակիցներ և Հարթակի քույր դպրոցների՝ Երևան քաղաքի Ֆրիտյոֆ Նանսենի անվան N 150 հիմնական դպրոցի փոխտնօրեն Նարինե Փարսանյանը, Վազգեն առաջինի անվան դպրոցի տնօրեն Սոնա Գալստյանը և Խ. Աբովյանի անվան N 2 դպրոցի տնօրեն Իրա Հակոբյանը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նույնպես միացավ տեսակապին, ողջունեց Հարթակի դպրոցների աշակերտներին, ծնողներին, մանկավարժներին, կարևորեց օտար երկրում մայրենիի ու հայկական մշակույթի պահպանությունը, աշակերտներին շնորհավորեց հաջողությամբ ուստարին ավարտելու առիթով: Տիկին Հակոբյանն արտահայտեց նաև իր ոգևորությունը, որ Հարթակի 3 դպրոցներ Հայաստանում ունեն իրենց քույր դպրոցները՝ փոխօգնության ու համագործակցության ծրագրեր իրականացնելու նպատակով:
Շնորհակալ ենք մեր հայաստանյան գործընկերներին իրենց բարեմաղթանքների ու համբերությամբ 4 դպրոցների ելույթները ունկնդրելու, կարծիք արտահայտելու, մեզ ոգևորելու համար: