Սեփական անցյալին առերեսվելը կուժեղացնի հասարակությանը. Բունդեսթագի փոխնախագահ

Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ, Կանաչների կուսակցության պատգամավոր Կլաուդիա Ռոթը Հայոց ցեղասպանության մասին բանաձևի շուրջ Գերմանիայի ու Թուրքիայի միջև շարունակվող վիճաբանության թեմայով Ստամբուլում լույս տեսնող «Ակօս»-ի համար հոդված է գրել։

 Հոդվածը tert.am-ը ներկայացնում է մասնակի կրճատումներով.

 «Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանի կողմից «1915-1916 թվականներին հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ տեղի ունեցած ցեղասպանության հիշատակման մասին» բանաձևի ընդունումը Գերմանիայի՝ իր պատմության կարևոր փուլերից մեկին առերեսվելու առումով կարևոր իրադարձություն էր։

 Այդ ժամանակահատվածն առնչվում է Անատոլիայում ոչ միայն հայերի, այլև այլ քրիստոնյա փոքրամասնությունների գրեթե ամբողջական ոչնչացման հանգեցրած հանցագործությունների ու աքսորի ընթացքում Գերմանիայի կայսրության դերակատարությանը։

 Գերմանիան ցեղասպանության պլանավորմանն ու իրագործմանն անվիճելի մասնակից է եղել, և դա փաստաթղթերով է ապացուցված։

 Բարոյական պատասխանատվություն

 Գերմանիայի խորհրդարանի՝ առանց բացառությունների բոլոր կուսակցությունների կողմից առերեսումն ու դրանից բխող պատասխանատվությունից չխուսափելը բացահայտ նշան է։

 Այստեղ հարցը Թուրքիային մատնանշելով հանցանքը կիսել տալը չէ, հակառակը, Գերմանիայի խորհրդարանը տեղի ունեցած հանցագործություններում իր դերակատարությունը բացահայտորեն ցույց տալ, տեղի ունեցածի անունը հստակեցնել է ցանկացել։

 Ընդունելը, որ Գերմանիան հանցակից է եղել, և դրանից բխող պատասխանատվությունը ստանձնելը մեզ համար ոչ միայն ժողովրդավարական, այլև բարոյական պարտավորություն է։

Դա էլ նշանակում է, որ Գերմանիան Թուրքիայի և Հայաստանի միջև հաշտեցման հարցերում մասնակցություն ու առաջնորդող դեր է ստանձնելու։

 Այդ պատճառով է, որ Գերմանիայում մարդիկ թուրք ազգայնականների բարձրաձայն արտահայտած զայրույթը՝ թե՛ բանաձևի, թե՛ Գերմանիայի խորհրդարանի վերաբերյալ, չեն ըմբռնում։

 Կեցվածքը մտահոգիչ է

Մեզ համար տարօրինակ և նույնքան էլ անհանգստացնող է անձամբ Թուրքիայի նախագահի, կառավարության անդամների կողմից թուրքական արմատներով գերմանացի պատգամավորների դեմ գիտակցված ատելության սերմանումը։

Անկախ պատգամավորների, ժողովրդավարական խորհրդարանի որոշման դեմ հարձակում գործելը քիչ է՝ մի բան էլ Թուրքիայի հասարակության մեջ պառակտումն ավելի են խորացնում, ինչն անգամ մինչև Գերմանիա է հասնում։

Պնդելը, թե բոլոր թուրքերը համակարծիք պետք է լինեն, «Արդարություն և զարգացում» կուսակցությունից տարբերվող ցանկացած ձայն թշնամական համարելը հակաժողովրդավարական է ու դեմ բազմակարծությանը։

Սակայն երկխոսությունն ու ազատ կամարտահայտումը Թուրքիայում և թուրքական կառավարության մեջ էլ պետք է հնարավոր լինի։ Մնացած ամեն ինչ Թուրքիայում մարդկանց ապագան կփչացնի»։

Scroll Up