«Հայ լինելը մեր էությունն է, հայ մնալը՝ մեր հոգու պարտքն ու արյան կանչը». Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս
2013 թվականին Օդեսան դարձավ 7-րդ քաղաքն աշխարհում, ուր բացվեց ՀՀ գլխավոր հյուպատոսություն, իսկ գլխավոր հյուպատոսի պատվավոր ու պատասխանատու պաշտոնը ստանձնեց Գեորգի Էդուարդի Մուրադյանը։
Թեև կառույցը մեծ տարիք չունի, սակայն երիտասարդ ու եռանդուն ղեկավարի գրագետ ու հետևողական գործունեության շնորհիվ մեծ հեղինակություն վայելեց ոչ միայն մեր հայրենակիցների շրջանում, այլև՝ Ուկրաինայի բազմազգ հանրությունում։ Այդ ամենն ըստ արժանվույն գնահատվեց Ուկրաինայի հայերի միության կողմից՝ գլխավոր հյուպատոսն արժանացավ «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանին, որը հանդիսավոր պայմաններում շնորհեց նախագահ Վիլեն Շատվորյանը։
Գեորգի Մուրադյանի հետ «Հայերն այսօրի» հարցազրույցը նպատակ է հետապնդում հնարավորինս ներկայացնել հյուպատոսության գործունեությունն իր հիմնադրման օրվանից։ Այն միաժամանակ գլխավոր հյուպատոսի գործունեության յուրօրինակ ամփոփում է, քանզի, հայրենիքը նրան պատասխանատու այլ աշխատանք է վստահում։
-Հարգարժան պարո՛ն Մուրադյան, ավարտին է մոտենում Ձեր դիվանագիտական առաքելությունը ծովափնյա Օդեսայում։ Բարեխղճորեն իրագործելով Ձեզ վերապահված խնդիրների լուծումը՝ մշտապես արժանանցել եք հայ համայնքի ղեկավարության բարձր գնահատանքին, իսկ օդեսահայության շրջանում Ձեզ հղված ակնածանքի ու դրվատանքի խոսքեր հաճախակի են հնչել։ Ի՞նչ ուղղություններով է ծավալվել Ձեր գործունեությունը և ի՞նչ ոլորտներ է այն ընդգրկել:
– Նախապես շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այս նախաձեռնության համար։ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից նշանակվել էի դեռևս 2012 թ․նոյեմբերին։ Կազմակերպչական, նախապատրաստական բնույթի որոշ աշխատանքներ կատարելուց հետո, որում առկա էր նաև համայնքի աջակցությունը, հյուպատոսությունը գործեց 2013թ․ հունվարից։ Սփյուռքահայը միշտ պետք է զգա հայրենիքի աջակցությունը. այդ աջակցությունը կատարվում է նաև հյուպատոսական ծառայության միջոցով։
Օդեսայում գործող ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեության շրջանակները չեն սահմանափակվում միայն մարզով․նրա իրավասության ներքո են գտնվում Ուկրաինայի հարավային՝ Նիկոլաևի, Խերսոնի, Կիրովագրադի մարզերը, մինչ մեզ հայտնի իրադարձությունները՝ նաև Ղրիմը։ Հյուպատոսական ծառայություն է մատուցվում մոլդովահայերին։ Ի սկզբանե հիմնական ուղղությունը եղել է տարածաշրջանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներին դժվարին կացությունից դուրս բերելը․նրանք տարբեր պատճառներով փաստաթղթերի խնդիրներ ու բարդություններ ունեին։ Կարող եմ ասել՝ նման խնդիրներ շատ էին կուտակվել, և հենց առաջին օրվանից ծանրաբեռնված ենք եղել։ Մինչ այսօր դիմում են նաև հայեր, ովքեր Ուկրաինայի քաղաքացիներ են, նրանց էլ այլ բնույթի հարցեր են հուզում։ Ոմանց օգնել ենք ձեռք բերել Հայաստանի քաղաքացիություն և միշտ հորդորել հայրենիք վերադառնալ, իսկ ովքեր ֆինանսապես դժվարացել են, օգնության ձեռք մեկնել:
Աստիճանաբար մեր աշխատանքներն ընդգրկեցին տարբեր ոլորտներ՝ տնտեսական, մշակութային, մարզական, քաղաքական։
–Պետական ի՞նչ մարմինների հետ է առնչվում Ձեր գործունեությունը։
– Հյուպատոսությունը ներկայացնում է պետությունը՝ արտերկրի որևէ բնակավայրում։ Հետևաբար, նրա գործունեությունն առնչվում է տարբեր նախարարությունների հետ։ Մշտապես փոխադարձ կապի մեջ ենք արտգործնախարարության հյուպատոսական բաժնի, Ուկրաինայում էլ նույն նախարարության՝ հարավային տարածաջրջանի ներկայացուցչության հետ։ Հյուպատոսությունը համագործակցում է երկու երկրների ներքին գործերի և արդարադատության նախարարությունների հետ։ Հաճախակի են առիթներ առաջանում՝ դիմել ուկրաինական միգրացիոն պետական ծառայությանը։
-Գաղտնիք չէ՝ Օդեսան բազմազգ մարզ է, և Դուք ստանձնել եք գլխավոր հյուպատոսի պարտականությունը երկու երկրների համար այս դժվարին ժամանակներում։ Նման բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելը քաղաքականապես մեծ պատասխանատվության արգասի՞ք է, թե՞․․․գու՞ցե այդ շնորհը գալիս է գեներով։
-Իրո՛ք, յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր մարզ ինքնատիպ է յուրովի։ Օդեսան ՝ առավել ևս։ Օդեսան Կիևից հետո միակ քաղաքն է Ուկրաինայում, ուր գործում են հսկայական քանակության դիվանագիտական ներկայացուցչություններ։ Իսկ մեր խնդիրը միայն ներկայանալը չէ, այլ մեր առջև դրված խնդիրները արժանապատվորեն կատարելը։ Այսօր վստահորեն կարող եմ ասել՝ դա մեզ հաջողվեց։ Կարծում եմ՝ մեծ դեր խաղաց նաև երկու երկրների ժողովուրդների միջև եղած բարյացակամ վերաբերմունքը միմյանց հանդեպ։
Երջանկահիշատակ հայրս երկար տարիներ նույնպես դիվանագիտական գործունեությամբ է զբաղվել, այնպես որ այդ ասպարեզը ինձ հոգեհարազատ էր։ Երևի դա էլ նպաստեց։ Ավելին, հայրս Ուկրաինայի սրտում՝ Կիևում էլ է աշխատել։ Անկեղծ ասած, ես անգամ ուրախացա, երբ ինձ Ուկրաինայում գործելու հնարավորություն ընձեռվեց և սիրով ու նվիրվածությամբ՝ ձեռնամուխ եղա։ Ինձ համար, իրոք, մեծ պատիվ էր՝ ներկայացնել Հայաստանը մշակութային հարուստ ժառանգություն, ավանդույթներ և անկրկնելի ճարտարապետություն ունեցող քաղաքում ու մարզում։
-Ո՞րն է հյուպատոսության դերը հայապահպանության վեհ գործում։
-Կասեի այսպես՝ հյուպատոսության ծավալած գործունեությունն իր ուղղվածությամբ, բնույթով, հագեցվածությամբ ու բովանդակությամբ ծառայում է հային ու հայապահպանությանը, հայրենիքի հետ կամուրջ կապելուն և հայրենի տուն վերադառնալուն, ուր նրան միշտ սպասում են։ -Այդ հույժ կարևոր գործում ինչպե՞ս է դրսևորվում հյուպատոսության և ՀՀ սփյուռքի նախարարության համագործակցությունը։
-Որպեսզի հայը չօտարանա իր հայրենիքից, լեզվից, ավանդույթներից, որպեսզի ձգտի վերադառնալ հայրենիք, Սփյուռքի նախարարությունը հսկայական աշխատանք է կատարում Սփյուռք-Հայրենիք կապի տարբեր բնագավառներում, բացահայտում անգամ այն նուրբ, աներևույթ թելերը, որոնցով հյուսվում է սփյուռքահայի կապը մայր հայրենիքի հետ, և՝ հակառակը։ Մենք ընդգրկվում ենք այդ հայապահպան գործերում ու դառնում նրա ակտիվ մասնակիցը և՛ սփյուռքում, և՛ հայրենիքում։
-Ինչպե՞ս եք գնահատում Օդեսայի հայ համայնքի գործունեությունը․ ի՞նչ մակարդակով է իրականացվում հայապահպանությունը։
-Ուրախությամբ ընդգծեմ, որ համայնքը, հանձինս նախագահ Սամվել Տիգրանյանի, բավականին ճանաչում ունի և մեծ հարգանք է վայելում մարզում։ Նախագահը պարկեշտ ու մեծ հոգու տեր անձնավորություն է, նա իր ուժերն ու հնարավորությունները ներդնում է համայնքի բարգավաճմանը։ Օդեսան հարուստ է տաղանդավոր ու շնորհալի, գործարար ու աշխատասեր հայերով, ովքեր ազգանվեր ու հայրենասեր հայեր են, մեծատառով Հայեր։ Թեև ապրում են հայրենիքից հեռու, այս հրաշալի մարդիկ մտահոգված են հայրենակիցների հոգսերով, բարի ու մարդասիրական գործերով նպաստում են ոչ միայն իրենց բնակության երկրի բարօրությանը, այլև Մայր Հայրենիքի, ում հանդեպ անանց սերն ու կարոտը միշտ իրենց սրտում են պահում։
Մեծ է փոխնախագահ Արտեմ Կարաջյանի դերը ոչ միայն օդեսահայ համայնքի կյանքում, այլև համայն ուկրաինական սփռյուռքում։ Տեղին է ասել՝ նա իր անձնականը ծառայեցնում է հասարակականին։ Կամրջում է համագործակցություն ամերիկյան, եվրոպական շատ երկրների ճանաչված, ազգանվեր հայերի հետ. նրա ջանքերով էր, որ Ուկրաինան դարձավ ՀԲԸՄ-ի անդամ։ Նա հիանալի, հավատարիմ ընկեր է։
Հայապահպանության իսկական ջատագով, հայ երեխաների հայեցի կրթության ու դաստիարակության գործի անմնացորդ նվիրյալ է կիրակնօրյա կրթօջախի տնօրեն Էլեն Պողոսյանը, իսկ նրա ղեկավարած դպրոցը այդ սրբազան գործի լավագույն օջախներից՝ օտար ափերում։ Դպրոցի ուսերին մեծ պատասխանատվություն է դրված, որը պատվով է կատարվում։ Կազմակերպվող բազմաթիվ միջոցառումները և բազմապիսի ձեռնարկումները համահունչ են նրա առաքելությանը։
Այսպես կարելի է շատերի մասին արտահայտվել, իսկ համայնքային կառույցների մասին ասել, որ յուրաքանչյուրը հոյակապ աշխատանք է տանում՝ սիրով, նվիրումով, ճաշակով…
Այս ամենով հանդերձ՝ կան կազմակերպչական որոշ բացթողումներ, որոնք էական են։ Ըստ իս, դրանց լուծումը կդյուրացնի, կհարթեցնի համայնքային կյանքի խորդուբորդերը։ Կառույցների գործունեությունը համակարգման կարիք ունի, որի դեպքում նրանք կծառայեն, կլրացնեն մեկը մյուսին, և համայնք-կառույցը լիարժեք կծառայի համայնք-հասարակությանը։ Չէ՞ որ մեր գործը սուրբ է, մեր առաքելությունը՝ ազգապահպանությունը։
Այժմ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում բավականին մեծ մասշտաբի բարեփոխման, բարենորոգման աշխատանքներ են կատարվում։ Ես կարծում եմ դրանք ավարտվելուց հետո, եկեղեցու մասնակցությամբ, անպայման կգտնվի այդ հարցերի լուծումը։ Ավելացնեմ նաև՝ պետք է անհրաժեշտ ուշադրություն բևեռել երիտասարդությանը, կարողանալ ավելի մեծ թվով երիտասարդներ ընդգրկել համայնքային կյանքի աշխատանքներում։
– Համայնքային ո՞ր կառույցների հետ եք առավել սերտ համագործակցել։
-Առանց բացառության բոլոր կառույցների հետ ունեցել ենք առիթ, բայց սերտ համագործակցել ենք երգի-պարի համույթների, կանանց խորհրդի հետ։ Ուրույն տեղ է գրավում հյուպատոսության և դպրոցի սերտ կապը՝ մեր առջև դրված նպատակներից ելնելով։ Անշուշտ, այսօր սփյուռքը պայքարում է հայ մնալու համար։ Որպեսզի նա հաղթի այդ պայքարում, մենք պետք է գործենք միասնաբար՝ համատեղելով մեր ջանքերը։
– Ձեր հովանավորությամբ հանդիսավոր ու գեղեցիկ տոնվեցին Հայաստանի անկախության և Երևանի ծննդյան տարեդարձերը, հավուր պատշաճի նշվեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը:
-Անկախության տոնը մեր ժողովրդի հարատևության խորհրդանիշն է․ մեր երկիրը ստացավ միջազգային ճանաչում, և Եռագույնը դարձավ մեր «դեսպանը» աշխարհի դրոշների կողքին։ Անկախության տոնը հայրենիքից դուրս հայի ու Հայաստանի լինելիության մասին է, հավաստումը այն մտքի, թե՝ «Հայաստանի սահմանները վերջանում են այնտեղ, ուր հայ ու հայություն կա»:
Ցեղասպանության տարելիցը մեր միասնականության ու վերածննդի վկայությունն է։ Համայն աշխարհի սևեռուն հայացքի ներքո հայ ժողովուրդը ըստ արժանվույն նշեց Ցեղասպանության մեկդարյա տարելիցը։ Միանալով մեր ժողովրդի ընդհանուր հիշողությանը, ցավին ու պահանջին, օդեսահայերս ևս մեր սրբազան պարտքը կատարեցինք, խոնարհումի ու հարգանքի տուրքը մատուցեցինք սրբադասված նահատակների հիշատակին։
Միջոցառմանը ներկա էին պատվավոր հյուրեր, քաղաքում գործող դիվանագիտական ծառայությունների և հոգևորականության ներկայացուցիչներ, լրատվամիջոցների աշխատակիցներ, պարզապես օդեսացիներ։
Մեր նպատակն էր, կատարելով մեկդարյա տարելիցի արարողությունները, այլ ազգերին տեղեկացնել 20-րդ դարասկզբի հրեշային ոճրագործության սարսափները, քանզի շատերը տեղյակ չեն, չգիտեն։ Այդ նպատակին էր ծառայում նաև հյուպատոսության ու դպրոցի համատեղ ջանքերով կազմակերպված ցուցահանդեսը, որը տարբեր բաժիններ էր ներառում՝ ժողովրդասպանություն, մշակութային ցեղասպանություն, իսկ երրորդ բաժնում ներկայացված էր ցեղասպանությանը նվիրված գրականություն, որը լույս էր տեսել Օդեսայում, 1915 թվականից հետո։ Հյուպատոսության նամակ-խնդրանքով դպրոցի սաներին թույլատրվեց ուսումնասիրել և ընտրել այդ գրքերը։ Դրանք այլազգի հեղինակների հրապարակումներ էին։ Ցուցահանդեսը պատշաճորեն ներկայացրեց ցեղասպանությունը և լավատեսական ավարտ ուներ, հավաստելով՝ մենք պիտի հաղթենք ապրելով, արարելով, մենք պիտի հաղթենք արհեստով ու արվեստով, մեր հանճարներով ու տաղանդներով․․․հայությամբ հպարտ ապրելով։
-Ավանդական բնույթ կրող հարցս Ձեզ էլ եմ հղում․ ո՞րն է հայ մնալու գաղտնիքը հայրենիքից դուրս ։
-Հավատացե՛ք, ոչ ոք հենց այնպես չի լքել իր բնօրրանը , և մեծամասամբ հեռացել են ՝ վերադառնալու միտումով։ Հոգու կանչը, կարոտը, մի օր հայրենիք վերադառնալու հույսը միշտ արտերկրում ապրող մեր հայրենակցի հետ է։ Օտար միջավայրը իսկական փորձություն է մեր հայրենակիցների համար։ Կան մարդիկ, ովքեր հեռացել են իրենց արմատներից կամ ինչ-ինչ պատճառներով թաքցնում են իրենց հայ լինելը, սակայն, համոզված եմ՝ վաղ թե ուշ ներքին մի ձայն հիշեցնելու է իր արմատների մասին։
Կարծում եմ՝ գաղտնիք չկա՝ հայ լինելը մեր էությունն է, հպրտությունն է, հայ մնալը՝ մեր հոգու պարտքը և արյան կանչը ։
-Կպատմեք հայ համայնքի և տեղի իշխանությունների մերձեցման ուղղությամբ իրագործված աշխատանքների մասին՝ նկատի ունենալով հյուպատոսության դերը այդ առումով։
-Հայ-ուկրաինական բարեկամությունն ունի դարավոր ավանդույթներ։ Վաղուց Ուկրաինան դարձել է հայերի երկրորդ հայրենիքը։ Օդեսացիները հայերին շատ են սիրում, մենք մասնակցում ենք այս մարզի, այս երկրի շենացմանը, նպաստում նրա առաջընթացին՝ գիտության ու արվեստի, հասարակական կյանքի բոլոր բնագավառներում։ Ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծմանը միտված ծրագրերը, քաղաքականությունը, որը կյանքի են կոչում մարզային ու քաղաքային կառույցները, նպաստում են մեր հայրենակիցների արարմամը, ազգային արժեքների ու նկարագրի պահպանմանը։
Հյուպատոսությունն իր հերթին հսկայական աշխատանք է ծավալել ազգամիջյան հարաբերությունների բարելավման ուղղությամբ. այդ է վկայում տեղական իշխանությունների բարձր գնահատականը՝ արժանացել ենք դիպլոմների, պատվոգրերի։
Կառույցը ֆինանսական օգնություն է ցուցաբերել մանկատներին, գիշերօթիկ դպրոցներին, այցելություններ կազմակերպել ծերանոցներ, ազատազրկման վայրեր։ Օժանդակել ենք միջհամայնքային մրցույթների կազմակերպմանը, մեր համայնքի մասնակցությանը՝ քաղաքային բազմազան միջոցառումներին՝ մշակութային, մարզական, «Եվրոպայի օրը» տոնակատարությանը Օդեսայում, համաուկրաինական մրցույթ-փառատոններին։ Հուրախություն մեզ՝ միշտ հաղթանակով ենք վերադարձել կամ մրցանակային պատվավոր տեղեր գրավել։ Մասնակցություն են ցուցաբերել ոչ միայն պատանիները, երիտասարդները, նաև՝ մեծերը։ Քաղաքում գեղեցիկ ավանդույթ կա․ ամեն տարի, դեկտեմբերյան նախատոնական օրերին, նավահանգստի ցուցահանդեսային համալիրում արտգործնախարարության՝ հարավային տարածաջրջանի ներկայացուցչության հովանավորությամբ անցկացվում է «Սուրբծննդյան աստղ» դիվանագիտական բարեգործական տոնավաճառը, որին մասնակցում են բազմաթիվ ազգեր-ազգություններ։ Ցուցահանդես-վաճառքի հասույթը փոխանցվում է բժշկական հաստատություններին։ Տոնավաճառին, մշակույթի տան տնօրեն Աննա Գևորգյանի նախաձեռնությամբ, տիկնանց միությունը ևս իր մասնակցությունն է ցուցաբերել․ միությունը և հյոպատոսությունը համատեղ ներկայացրել են մեր մշակույթն իր բազմաթել հյուսվածքով։ Ոսկեձեռիկ կանայք իրենք են պատրաստում ազգային արհեստի ու արվեստի, ազգային խոհանոցի անծայրածիր աշխարհի նմուշներ, որոնք նրբաճաշակ ձևավորում ունեն։ Դրանք միշտ արժանացել են այցելուների հիացական գնահատանքին և մեծ թվով վաճառվել։ Միջոցառման ծրագիրն ավարտվում է համերգային մասով, հետևաբար, գեղարվեստական կատարումներով հանդես են եկել մշակույթի տան երգի ու պարի համույթները։ Միջոցառումը նաև խթանում է տարբեր ազգերի մշակույթներին հաղորդակցվելուն, միմյանց ճանաչելուն, գնահատելուն ու կողք-կողքի համերաշխ ապրելուն։
Հավելեմ նաև՝ թեպետ մեզ հայտնի իրադարձությունների պատճառով մեր պետությունների միջև փոխհարաբերությոնները այսօր այնքան էլ բարվոք վիճակում չեն, իսկ վերջին տարիներին տեղական իշխանությունները հաճախ են փոփոխվել, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց սերտ փոխհարաբերություններ պահպանել բոլորի հետ։ Անտեսել չի կարելի նաև այն փաստը, որ Ուկրաինան այսօր մտերիմ հարաբերությունների մեջ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ, իսկ քաղաքում հզոր է նաև թուրքական և ադրբեջանական համայնքների ազդեցությունը, սակայն արցախյան հակամարտության լարված օրերին կարողացանք հավասարակշռվածությունը պահպանել, և ոչ մի միջադեպ չարձանագրվեց։
Հույս ունեմ, որ այս հակամարտությունները կլուծվեն միայն խաղաղ ճանապարհով՝ խորիմաստ դիվանագիտության շնորհիվ։
-Ի՞նչ բացահայտեցիք Ձեզ համար՝ աշխատելով հայրենիքի սահմաններից դուրս և մոտիկից շփվելով ուկրաինական սփյուռքի հետ։
-Նախ ասեմ՝ կապը հայրենիքի հետ երբեք չի ընդհատվել։ Իմ կյանքում շատ առիթներ են եղել էր դրսում ապրելու՝ երկու տարի Մոսկվայում, ինչպես ասացի՝ Ուկրաինային էլ ծանոթ էի՝ հորս աշխատանքի հետ կապված։ Բացի այդ, Օդեսայում ինձ չզգացի օտարության մեջ․ օդեսացիները հյուրընկալ են, հյուրասեր, օդեսահայերը, չնայած որոշ բացթողումների՝ ջերմ վերաբերմունք ունեն միմյանց հանդեպ։ Ես համոզվեցի՝ նրանք միշտ հոգով ու մտքով Հայրենիքի հետ են, շատերը վաղ թե ուշ կբռնեն տունդարձի ճամփան։
-Ի՞նչ տպավորություններով եք Դուք վերադառնում հայրենիք, եթե առիթ լինի, կցանկանայի՞ք երբևիցե վերադառնալ Օդեսա։
-Ինձ հետ տանում եմ լուսավոր ու հրաշալի տպավորություններ ոչ միայն հայրենակիցներիս, այլև, ընդհանրապես քաղաքի ու քաղաքացիների հետ կապված։ Բնականաբար, գնում եմ բազմաթիվ ծանոթություններով, ընկերներով հարստացած՝ հարազատ դարձած, շատերի հետ կշարունակեմ ջերմ հարաբերություններ պահպանել։ Այնպես որ, հարկ եղած դեպքում առանց երկմտելու կվերադառնամ։ Սա բաժանում է, ոչ թե հրաժեշտ։ Ավելին՝ ուզում էի մի գեղեցիկ նախաձեռնություն քաղաքի համար իրագործել՝ դրանով իսկ մեր սերն ու երախտագիտությունը հայտնել օդեսացիներին. քաղաքագլխի հետ «Երևանյան պուրակ» կառուցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել։ Հույսով եմ՝ ինձ փոխարինող հյուպատոսը կիրականացնի այդ մտահղացումը, ինքս էլ արդեն հայրենիքից կաջակցեմ կազմակերպչական հարցերով։
– Ձեր բարեմաղթանքները օդեսահայերին։
-Օգտվելով առիթից, իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ՈՒՀՄ-ի նախագահ Վիլեն Շատվորյանին՝ հյուպատոսության կայացման գործում զգալի ավանդի համար։
Իմ գոհունակությունն եմ հայտնում ծառայության աշխատակցուհիներ Լիլիթ Մանուկյանին (քարտուղար/) ու և Տաթև Հարությունյանին (ռեֆերենտ)՝ բարեխիղճ աշխատանքի համար։
Նրանք առաջին իսկ օրից ինձ հետ են, պատասխանատու վերաբերմունք ունեն իրենց վստահված գործի հանդեպ և արդեն բավականին փորձառու են։
Օդեսահայ համայնքին ի սրտե ցանկանում եմ համախմբվածություն՝ իր գերագույն նպատակի շուրջ։ «Մեր ուժը միասնականության և հավատքի մեջ է». իմ ժողովրդի բազմադարյա պատմությունը այդ է հավաստում։ Օդեսահայ իմ հայրենակիցներին մաղթում եմ հոգու կորով և հաղթանակներ՝ իրենց բոլոր նախաձեռնություններում, իսկ Ուկրաինայի ժողովուրդներին՝ խաղաղ երկինք։
Խաղաղություն թո՛ղ լինի իմ Հայոց աշխարհին ու ապավեն՝ Աստծո զորությունը։ Խաղաղությու՜ն համայն աշխարհին։
-Պարո՛ն հյուպատոս, շնորհակալություն անկեղծ ու հաճելի զրույցի համար։ Թեպետ չենք ուզում բաժանվել Ձեզանից, սակայն գիտակցում ենք՝ ժամանակի պահանջով պիտի գործեք։ Բարեմաղթանքներ Ձեզ օդեսահայության անունից՝ հաջողություն և բեղմնավոր աշխատանք բոլորիս սիրելի հայրենիքում։ Վստահ ենք՝ բարձր մակարդակով կկատարեք այն՝ ի նպաստ աշխարհասփյուռ հայության։ Աստված ընդ Ձեզ:
Զրուցեց՝ Նարինե Մուրադյանը