Թող «Սիդնեյ»-ը Սիդնեյում հրաշքներ գործի

ՀՀ սփյուռքի  նախարարությունում Ավստրալիայի Սիդնեյ  քաղաքից հյուրընկալված Համազգայինի   «Սասուն»   մասնաճյուղի «Սիդնեյ» պարախմբի ղեկավար Հարմիկ Հակոբյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:

 -Պարո՛ն  Հակոբյան, ի՞նչ  պատասխանատվություն եք կրում  պարախմբի շրջանակներում:

Ես այդ պարային համույթի նախագահն եմ, կազմակերպիչը: Խումբն  իմ և  ընկերոջս նախաձեռնությամբ է  ստեղծվել  2000-ին: Մեր նպատակն է այդ միջոցով ևս պահել ու պահպանել, զարգացնել  մեր ազգային պարերը: Եկել եմ Հայաստան՝ արձակուրդս անցկացնելու, սակայն  ազատ օր գրեթե չունեմ: Մոտ 3 շաբաթ է, ինչ այստեղ եմ և այդ ընթացքում պարախմբի հարցերով շատ հանդիպումներ եմ ունեցել. ցանկանում եմ , որ մեր պարային համույթը հաջորդ տարի Հայաստան գա: Պարողները մեծ փափագ ունեն գալ Հայրենիք:   2008 –ին ելույթ ենք ունեցել Հայաստանում, սակայն հիմա պարողները փոխվել են, խումբը համալրվել է նորերով: Երբ նոր էինք ստեղծում մեր պարային համույթն, այդ ժամանակ ունեինք  պարային 2 խումբ՝ « Սասուն» և «Նաիրի». միացրեցինք  այդ խմբերը՝մտածելով, որ  ավելի լավ է ունենանք մի մեծ պարախումբ , քան՝ 2 փոքր խումբ: Հայաստանից հրավիրեցինք պարուսույցներ Ալբերտ և Ժասմենա Գիզիրյաններին, հետագայում դարձյալ 4-5 պարուսույցների ենք հրավիրել: Մենք մեր ուշադրությունը կենտրոնացրեցինք մեր գաղութի երիտասարդների վրա, ովքեր նախկինում պարողներ  են եղել, իսկ այժմ նաև պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում:

-Ինչո՞ւ  որոշեցիք պարախումբը կոչել օտար՝ «Սիդնեյ» անունով. չէ՞ որ օտարները կարող են կարծել , թե դա ավստրալական պարախումբ է:

-Չէ՛, չեն շփոթի, բոլորը գիտեն, որ դա   Hamazkaine Armenian Sydney Dance Ensemble-ն  է. մեզ ճանաչում են: Հայկական պարային ուրիշ համույթներ էլ կան, և բոլորի նպատակն էլ հայապահպանությունն է: 14  խումբ ունենք՝ առանձնացված ըստ տարիքի: Սկսում ենք ընդունել 4 տարեկանից: Ովքեր ընդհանրապես պարել չգիտեն, նրանց ուսուցանում են: Ամեն տարի  մոտավորապես 50-60 նոր երեխաներ են ընդունվում, խումբը համալրվում է, որովհետև գնացողներ  էլ են լինում: Շաբաթական մեկ օր փորձ ենք ունենում: Ամեն տարի բացառիկ հնչեղ ու գեղեցիկ ելույթներ ենք ունենում:  Բնականաբար, դժվար է 220 հոգու միանգամից բեմ հանել, քանի որ դա հսկայական աշխատանք է, և մենք մեկ տարի նախապատրաստվում ենք: Հրաշալի պարուսույցներ ունենք՝ Քոլեթ Մարտիրոսյանը, Անգինե Կարապետյանը, Կիկո Կիրակոսյանը, Անահիտ Գրիգորը, Թինա  Պետրոսյանը, Ադրինե Պետրոսյանը. նրանցից յուրաքանչյուրը տարիքային մի խումբ է ղեկավարում: Ասացի, որ 2008-ին եկել ենք Հայաստան, համերգ ենք ունեցել նաև ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում: Այնտեղ գործող «Զվարթնոց»  պարային համույթին մենք հրավիրել էինք Ավստրալիա, նրանք էլ մեզ հրավիրեցին: Ավստրալիայում, մասնավորապես՝ Սիդնեյում, մեր քույր միությունների   ձեռնարկած միջոցառումներին մեզ միշտ հրավիրում են,  և 1-2  պարային գեղեցիկ համար ենք ներկայացնում:

-Ինչպե՞ս եք լուծում  պարախմբի տարազների հարցը:

-Տարազների հարցում մեծ դժվարություններ ենք ունենում: Արդեն 10-11 տարի է, ինչ խմբի տարազները Երևանում տիկին Ռոզա Մելքոնյանն է պատրաստում: Վերջերս մեր խումբն ընդլայնվեց, այդ առումով ծախսը շատ մեծացավ. առանց հովանավորների շատ դժվար է լինում խումբ պահելը, գնալով դժվարանում է, սակայն մենք հնարավորինս ջանում ենք պահպանել  մեր պարային համույթը, որովհետև դրսում դա՛ էլ հայապահպանության կարևոր մի օղակ է:

-Պարո՛ն  Հարմիկ, ինչպե՞ս,  ե՞րբ  հաստատվեցիք Սիդնեյում:

-Ես փոքր էի, երբ ծնողքս ինձ ուղարկեցին հորաքրոջս մոտ՝ Հնդկաստան՝ սովորելու այնտեղ: Հորաքրոջս ամուսինը մահացավ, աղջիկներն էլ արդեն տեղափոխվել էին Ավստրալիա, հորաքույրս էլ պետք է մեկներ, ուստի ծնողներիս հարցում արեց , թե ինչպես վարվի ՝ ինձ ետ ուղարկի Պարսկաստա՞ն, իր հետ տանի Ավստրալիա՞…..Ծնողներս համաձայնեցին, որ հորաքույրս ինձ էլ հետը տանի: Հետագայում իմ ամբողջ ընտանիքը տեղափոխվեց Ավստրալիա. արդեն 50-60 տարի է, ինչ ապրում ենք Ավստրալիայում:

-Ի՞նչ  մասնագիտություն ունեք. պարո՞ղ եք….

-Ասեմ, որ մասնագիտությամբ պարող չեմ, սակայն 1976-ից մինչև 1982 թվականը պարել եմ, որից հետո սկսել եմ կազմակերպչական և ղեկավարման աշխատանքները պարարվեստի ոլորտում: Միայն այս գործով չէ, որ զբաղվում եմ, միաժամանակ ավստրալական առևտրական գրասենյակի ատենապետն եմ եղել 10 տարի, որը հիմնադրել եմ ընկերներիս հետ: Հայաստանից շատ նախարարաների եմ հրավիրել այնտեղ՝ ցանկանալով համագործակցություն հաստատել գործարարության ոլորտում: Վերջին 7 տարիներին նաև Համազգայինի դպրոցի խնամակալ մարմնի կազմում եմ, այնտեղ էլ մեծ բաժին ունեմ, հոգում ենք, որ  ներկայիս 260 աշակերտների թիվը չպակասի. մոտավորապես 5 հայակական վարժարան է կենտրոնացած Սիդնեյում:

-Իսկ մամուլ ունե՞ք Սիդնեյում:

-Այո՛, կան մի շարք թերթեր, եկեղեցի ունենք, պարային խմբեր, երգչախումբ, դպրոցներ, մշակութային կենտրոններ. ամեն ինչ ունենք և ձգտում ենք պահպանել այդ արժեքները, որոնց շնորհիվ օտար երկրում պահպանում ենք նաև մեր  հայկական ինքնությունը, ավանդույթներն ու մայրենի լեզուն:

– Պարո՛ն Հարմիկ,  Ձեր ընտանիքում էլի՞ կան պարողներ:

– Այո՛, մեկ տղա ունեմ, ով նոր է ամուսնացել. նա պարում է մեր  համույթում: Ամեն անգամ ասում է,  որ այս տարին վերջին տարին է, էլ չի շարունակելու պարը, բայց… Իմ եղբայրը, քույրս նույնպես պարել են, մեր ընտանիքում միշտ էլ եղել է պարը:

-Պարո՛ն Հակոբյան, Ձեր կարծիքով  հայկական ազգային պարն ի՞նչ է տալիս հային, արդյոք օգնո՞ւմ է   հայ մնալու և հայեցի ընտանիք  ստեղծելու հարցում:

-Դժվար հարցում է. ինքս  ապագա  կնոջս հետ ծանոթացել եմ պարախմբի միջոցով, ունեմ 7-8 ընկերներ, ովքեր նույնպես պարախմբից են ընտրել իրենց կյանքի երկրորդ կեսին: Պարախումբը հայորդիներին հայկական ոգի, շունչ է տալիս և, անշուշտ, նպաստում է հայապահպանությանը: Պարախմբի անդամներից շատերն են իրար հետ ամուսնանում և  հայեցի ընտանիքներ կազմում: Սա նաև ճանապարհ է՝ հեռու մնալու խառնամուսնություններից:

-Սիդնեյում հայերին  ճանաչու՞մ են , սիրո՞ւմ են:

– Այո՛, այդ առումով հպարտանալու իրավունք ունենք: Մենք այնտեղ փառատոն ենք ունենում, որի ընթացքում օտարներին ծանոթացնում ենք հայկական մշակույթին: Անցյալ տարի մարտին ՀՀ սփյուռքի նախարարուհին եկել էր Ավստրալիա, մեծ միջոցառում  էր կազմակերպվել ,  որի ընթացքում մեր պարախումբը ելույթ ունեցավ, ինչպես նաև՝ ուրիշ խմբեր, և օտարները, հիացած ու զարմացած, հարցնում էին, թե դա ինչ մշակույթ է: Դժբախտաբար, մեր մշակույթը ավստրալացիներին ցույց տալու  հարցում մենք թույլ ենք: Մոտավորապես 700 օտարազգիների էինք հրավիրել՝ պաշտոնյաների, մամուլի և հեռուստատեսային, ռադիոյի լրատվամիջոցների ներկայացուցիչների: Կարողացանք մի 100 հոգու ներկայություն ապահովել: Մենք ոչ միայն պար, այլև մի ամբողջ Հայաստան ներկայացրեցինք՝ էկրանի վրա ցուցադրելով Հայաստանը,  մեր մշակութային կոթողները, մեր անվանի մեծերին,  մեր նվաճումները:

-Պարո՛ն Հարմիկ, ինչպե՞ս  եք  գնահատում  Սփյուռքի նախարարության ծավալած գործունեությունը:

-Շատ եմ կարևորում Սփյուռքի  նախարարության գոյությունն ու ծավալած գործունեությունը: Այն մի օղակ է,  որի միջոցով  սփյուռքահայերի հետ կապված հարցերը դյուրությամբ են լուծվում: Տիկին Հակոբյանը բոլոր հարցերում մեզ ընդառաջում է, որի համար շատ շնորհակալ ենք:  Նա մեզ օգնել է մեր պարախմբի տարազների հարցում: Այս օրերին ես անձնագիրս երկարացնելու, թարմացնելու  համար խնդիրներ ունեմ լուծելու, և դարձյալ նախարարն է օգնում: Նախկինում , երբ մի գործ էինք ձեռնարկում, թղթեր լրացնում, որպեսզի որևէ մեկին հրավիրենք Հայաստանից. 5-6 ամիս էր տևում այդ գործընթացը, իսկ հիմա, փա՛ռք Աստծո, նախարարություն ունենք, որը օգնում, խորհուրդներ է տալիս,  կազմակերպում և դյուրացնում է առաջացած խնդիրների լուծումը: Մենք այստեղ՝ Երևանում էլ ունենք  Համազգայինի մեր գրասենյակը, որը կապեր է ստեղծել Սփյուռքի նախարարության հետ: Թո՛ղ ՀՀ սփյուռքի նախարարության ծավալած գործունեությունը միայն հաջողություններ գրանցի:

-Պարո՛ն Հակոբյան, շնորհակալությո՛ւն հարցազրույցի և օտար ափերում  հայկական պարը, հայկական մշակույթը պահելու, տարածելու  համար: Թո՛ղ «Սիդնեյ»-ը Սիդնեյում հրաշքներ գործի:

 

Կարինե Ավագյան

Scroll Up