Եթե ԱՄՆ դատարանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կառավարությունը պարտավոր է հետևել այդ որոշմանը. The Independent

Սա ոչ թե խորհրդավոր պատմական փաստարկ է, այլ չափազանց անհարմար քաղաքական իրադրություն, որում ազգությամբ հայ ԱՄՆ երեք քաղաքացիներ Կալիֆոռնիայի դատարանում վիճարկում են Ադանայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ինջիրլիք ամերիկյան ռազմաբազայի նկատմամբ իրենց հողային իրավունքները: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվածների սերունդների՝ իրենց պատմական հողերը վերադարձնելու հետ կապված դատական ընթացակարգերին,ըստ Panorama.am-ի՝ գրում է «Independent» պարբերականը: 

«Գրեթե երկու ամսից Օսմանյան կայսրության կողմից ցեղասպանված հայերի և մազապուրծ եղածների ժառանգներն ԱՄՆ դատարանից պահանջելու են իրենց ընտանիքներին վերադարձնել այն հողերը, որտեղից ամերիկյան զորքերը ռազմական գործողություններ են իրականացնում Սիրիայում և Իրաքում»,- գրում է պարբերականը:
Պարբերականը հիշեցնում է, որ Պենտագոնի հայտարարությունների համաձայն Ինջիրլիքը խիստ ռազմավարական նշանակություն ունի, որտեղ «ԱՄՆ զորքերը պաշտպանում են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի շահերը»:

«Սակայն ի դժբախտություն ամերիկացիների, մեկ դար առաջ տեղի ունեցած պատերազմի ժամանակ այդ հիանալի ենթակառուցվածքներով և թռիչքուղիներով հողերը պատկանել են Օսմանյան կայսրությունում ապրող հայերին: Այդ հողերում ֆերմաներ էին, տներ, եկեղեցի, դպրոց և Ադանայի քրիստոնյաների համար ամառանոցներ, ինչպես նաև թզի այգիներ: Գրեթե բոլոր հայերն էլ բնաջնջվել են Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության հետևանքով: Նրանք մորթվել են դանակներով ու նետվել զանգվածային գերազմանոցներ, նրանց կանանց բռնաբարել, իսկ երեխաներին կենդանի-կենդանի այրել են»,- գրում է պարբերականը:

Պարբերականի դիտարկմամբ, հայերի այս տառապանքները աշխարհի ավելի քան 20 երկրների՝ ներառյալ Ռուսաստանի, Ֆրանսիայի և արդեն նաև Գերմանիայի կողմից ճանաչվել են որպես ցեղասպանություն:

«Միացյալ Նահանգները, վախենալով կորցնել Ինջիրլիքը, այլ ռազմական ենթակառուցվածքներ, ինչպես նաև Թուրքիային բարկացնել, մեկն է այն քիչ Արևմտյան առաջդեմ երկրներից, որ դեռ մերժում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որն ինքն որպես պատմական փաստ է ընդունվում բազմաթիվ պատմաբանների, այդ թվում նաև թուրք պատմաբանների կողմից: Ցավոք, միայն Թուրքիայի կառավարությունն է, որ այն չի ընդունում: Ի դեպ, հենց այդ ցեղասպանությունն էր արդեն Երկրորդ համաշխարհայինի տարիներին ոգեշնչել նացիստներին՝ իրագործել հրեաների Հոլոքոստը»,- գրում է պարբերականը:

The Independent-ը հիշեցնում է, որ երեք հայերից՝ Ալեքս Բակալյան, Անաիս Հարությունյան և Ռիտա Մահդեսյան, բաղկացած խումբն արդեն իսկ սկսել է դատական գործընթացներ, որոնց կարող են միանալ ևս 13 այլ հայեր: Այս դեպքում, ըստ պարբերականի, նրանց պահանջը արդեն կներառի ռազմաբազայի ողջ տարածքը:

Պարբերականի հետ զրույցում ամերիկահայ հետազոտող Միսակ Քելեչյանը նշել է, որ դատական գործի ավարտին մեծ հավանականությամբ ԱՄՆ դատարանը օրենքով կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

«Գրեթե կասկած չկա, որ այս պատմական գործը պայթուցիկ քաղաքական մեսիջ է իր մեջ պարունակում. Եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց ԱՄՆ դատարանի կողմից, ապա ընդամենը ժամանակի հարց է լինելու կառավարության կողմից 1915 թվականի դեպքերի համար ցեղասպանություն եզրույթի կիրառումը, ընդ որում արդեն կառավարությունը հարկադրված է գնալու այդ քայլին»,- գրում է պարբերականը:

Scroll Up