«Սփյուռք» ամառային դպրոց, Ծաղկաձոր – 2013 (հետադարձ հայացք)

«Սփյուռք» ամառային դըպրոց-2013 շրջանակեն ներս, հուլիս 22-օգոստոս 2 Ծաղկաձորի գեղատեսիլ, չքնաղ գիրկին մեջ, Հայաստանի Սփյուռքի նախարարության և Երևանի Պետական համալսարանի ուժերով բացվեցավ սփյուռքահայ ամառային դպրոցի «Երիտասարդ լրագրողներ»-ու» և «Երիտասարդ առաջնորդներ»-ու ամառային դպրոցի դասընթացքները:
Դասընթացքներուն մասնակցեցան սփյուռքեն ժամանած 12 լրագրողներ Անկախ Պետություններու Համագործակցության (ԱՊՀ), Սիրիայի, Լիբանանի, Իրանի և Ռումանիո հայ համայնքներեն:
Դասընթացքները առաջին օրեն իսկ շատ կազմակերպված էին և անցան շատ հետաքրքիր: Դասախոսությունները մեծ հաջողությամբ վարեցին Հայաստանեն և արտերկրեն հրավիրված շատ հմուտ, փորձառու մանկավարժ մասնագետներ, պատմագետներ, քաղաքագետներ, հեռատեսիլի և մամուլի ճանչցված անձնավորություններ: Բոլոր դասախոսությունները անխտիր կընթանային շատ մտերմիկ և ջերմ մթնոլորտի մեջ, առաջին վայրկյանեն մինչև վերջին պահը լսարանը անմիջական, կենդանի, աշխույժ կապի մեջ ըլլալով տվյալ դասախոսին հետ՝ հարց ու պատասխանի միջոցով:
Լրագրողներու դասախոսություններուն հաճախ ներկա կըլլային և «երիտասարդ առաջնորդներ»-ը, և հարց ու պատասխանները կդառնային շատ ավելի հետաքրքիր և գործնական: Երիտասարդներու տված հարցերեն կզգացվեր, թե յուրաքանչյուր շոշափվող նյութ որքանով հարազատ է և որքանով կհուզե: Անոնցմե ամեն մեկը, ապրելով հայրենիքեն հեռու, մեկ-մեկ հայրենասերներ էին, և Հայաստանի առջև ծառացած խնդիրները և մարտահրավերները կհուզեին անոնց հավասարապես, ինչպես հայրենիքին մեջ ապրող իրենց հասակակից քույրերուն և եղբայրներուն: Բոլոր մասնակիցներն ալ կփորձեին միասնաբար գտնել բոլոր հարցերու և խնդիրներու պատասխանները:
Դասախոսություններով չծանրաբեռնվելու համար նախատեսված էին և ազգային երգի ու պարի դասընթացքներ, որոնք շատ ուրախացնող և ոգևորվող էին շնորհիվ երգարվեստի մշտաժպիտ դասատուներ Գայանեի և Լիլիթի, որ բոլոր մասնակիցներուն սիրով կսորվեցնեին մեր քաջարի և հայրենասիրական երգերը՝ կարոտով և հպարտությամբ լեցնելով երիտասարդներու հոգիները:
Վերադառնալով դասախոսություններուն՝ կուզեի հիշատակել եՊՀ-ի փիլիսոփայության ամպիոնի վարիչ տոքթոր փրոֆեսոր պարոն Ալեքսանտր Մանասյանին չափազանց հետաքրքիր դասախոսությունները Ղարաբաղյան հիմնախնդիրներու վերաբերյալ, որ երբեմն կընդմիջվեին երիտասարդներու տված շատ խելացի և տեղին հարցերով՝ ավարտվելով պարոն Մանասյանի դիպուկ պատասխաններով: Հետաքրքրությամբ և մեծ ուշադրությամբ ունկընդրվեցան նաև Արևելագիտության ինսթիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի, Հայագիտության ինսթիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանի, ԵՊՀ-ի պատմության ֆաքուլթետի համաշխարհային պատմության ամպիոնի վարիչ Ալբերտ Ստեփանյանի, Սփյուռքի նախարարության ԱՊՀ երկրների վարչության պետ Անդրանիկ Արշակյանի, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆաքուլթետի փոխդեկան Անահիտ Մենեմշյանի, ՀՀ առաջին լրատվական մեկնաբան, լրագրող Աբրահամ Գասպարյանի, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի, ԱՄՆ-են ժամանած ինթերնետային լրատվական գործարար, գովազդային տեղեկատվությամբ զբաղվող Արմեն Հարեյանի, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի դասախոսությունները:
Դասախոսական վերոհիշյալ կազմին հետ տեղի ունեցան նույնպես կլոր սեղան քննարկումներ, որ ընթացան բացառիկ հետաքրքրությամբ՝ ուղեկցությամբ և շատ ուսանելի տեսաժապավեններու:
Ինթերնետային ուղիղ միացման միջոցով հարց ու պատասխան տեղի ունեցավ երիտասարդ լրագրողներու և Լիբանանի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանդահարյանի հետ՝ մեզ հետ ըլլալով նաև Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակական վարչության գործուն աշխատակցուհի, բարեհամբույր տկն. Էվելինա Բաղդասարյանը:
Շատ խանդավառ, բարեկամական մթնոլորտի մեջ անցավ ամառային դպրոցի բոլոր մասնակիցներու հանդիպումը՝ Հայաստանի Սփյուռքի նախարար տկն. Հրանուշ Հակոբյանին հետ: Հանդիպումեն ետք տկն. Հակոբյանը մասնավոր զրույց ունեցավ երիտասարդական կազմակերպություններու առաջնորդներու և լրագրողներուն հետ՝ մաղթելով անոնց, որ հնարավորության պարագային ավելի հաճախ այցելեն Հայաստան և երբեք չմոռնան, որ իրենք այս երկրի հարազատ զավակներն են և յուրաքանչյուր վերադարձին իրենց ա՛լ ավելի հայ զգան:
Հետաքրքիր և բովանդակալից հանդիպումներ տեղի ունեցան և ՀՀ ԳԱԱ պատմական գիտություններու տոքթոր փրոֆեսոր ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանի, Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի, Modus Vivendi կետրոնի նախագահ Արա Պապյանի հետ: Երևանի Պետական համալսարանին մեջ լրագրողներուն դիմավորեց և ջերմ զրույց ունեցավ անոնց հետ Ժուռնալիստիկայի ֆաքուլթետի դեկան պրն. Նաղաշ Մարտիրոսյանը:
Սփյուռքի լրագրողները և առաջնորդները գտնվեցան նույնպես Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը, ուր և անոնց հետ հանդիպում ունեցավ նախագահի աշխատակազմի ղեկավար պրն. Վիգեն Սարգսյան: Իր ողջույնի խոսքեն ետք պրն. Սարգսյան սիրով պատասխանեց ներկաներու բոլոր հարցումներուն:
Ամառային դպրոցի մասնակիցներս այցելեցինք Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Օշական ապա նաև Եռաբլուր, ուր և շատ հուզիչ պահեր ապրեցանք բոլորս ալ:
Ամառային դպրոցի գրեթե բոլոր դասընթացքներուն մեզ հետ էր և ժրաջան կաշխատեր Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականի թղթակից, ժպտադեմ և միշտ սիրալիր Լուսինե Աբրահամյան:
Ամառային դպրոցի աշխատանքներու վերջին օրը նշվեցավ հայկական ազգային երգ և երաժշտության խրոխտ հնչյուններու, որոտընդոստ պարերու ու հայերեն լեզվով գեղեցիկ արտասանություններու փայլուն կատարումներով, չմարող «պռավո» բացականչություններով ու անվերջանալի ծափերով:
Ամառային դպրոցի շատ կարևոր ձեռքբերումներեն և առավելություններեն մեկը այն էր, որ բոլոր մասնակիցներու միջև ստեղծվեցավ շատ ամուր, սերտ բարեկամական կապ մը, որ պիտի շարունակվի այսուհետև ալ և պիտի ա՛լ ավելի ամրացնե Հայաստան-Սփյուռք կամուրջը, որպեսզի յուրաքանչյուր սփյուռքի մեջ ապրող հայ չմոռնա իր ինքնությունը, իր արմատները, չմոռնա հազարամյակներով չափվող հայ մշակույթը, հայ ավանդույթներն ու բարքերը և ուր ալ ըլլա աշխարհին մեջ հպարտությամբ ու արժանապատվությամբ կրե հայու պատվավոր անունը:
Մադլեն Տեր-Ղուկասյան, Ռումինիա