Ինչո՞վ կարող է օգնել կառավարությունը Հալեպից Հայաստան եկողներին

Ամեն օր ռմբակոծվող Հալեպից ու Սիրիայի մյուս բնակավայրերից այս պահին 200 հայ է ցանկանում տեղափոխվել Հայաստան: Նրանց էլ հայրենիք հասնելուն պես կառավարությունն ու բարեգործական հասարակական կազմակերպությունները կցուցաբերեն այն աջակցությունը, ինչ Հայաստանում ապրող մոտ 17 հազար սիրիահայերին: Դրանք առողջապահական, կրթական ծառայություններ են, բնակվարձի մի մասը:

«Ովքեր էլ գան նրանց նույն կերպ կարող ենք ընդունել: Ճիշտ է դա հիմնավոր լուծում չի, ժամանակավոր է, բայց մարդը երբ ոտքը դնում է Հայաստան, մենք դրանք արագորեն լուծում ենք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

Թե Հալեպից վերջին օրերի ռմբակոծություններից հետո քանի սիրիահայ է տեղափոխվել Հայաստան, նախարարությունում հստակ պատասխան չունեն: Թվերն ամփոփվում են, շաբաթվա վերջին պարզ կլինեն:

«Հալեպ բարեսիրական» կազմակերպությունն այժմ զբաղվում է ֆինանսական միջոցներ չունեցող սիրիահայերին այնտեղից դուրս բերելու հարցով: Մինչ այս պահը 70-ից ավելի սիրիահայեր այդ կազմակերպության օգնությամբ են Հայաստան հասել, հիմա 200 մարդ սպասում է իր հերթին:

Սփյուռքի նախարարության տվյալներով, Սիրիայում այսօր ապրում է 15-17 հազար հայ, նրանցից ավելի քան կեսը Հալեպում են:

Հայաստան եկող սիրիահայերի համար առավել բարդ է բնակարանի խնդիրը: Վարձի մի մասը տրամադրում են հասարակական կազմակերպություննեը: Սակայն սիրիահայերը մեծ մասը նախընտրում է ապրել Երևանի կենտրոնում:

«17 հազարի 95 տոկոսն այսօր ապրում է Երևանում, նրանց մեծ մասն էլ՝ Կենտրոն համայնքում, Սախարովի հրապարակի շրջապատում: Շատերը բողոքում են, որ 120 հազար դրամ տանբ վարձ են տալիս, իսկ բնակվարձի համար իրենց կազմակերպությունները տրամադրում են 60 հազար դրամ»,-նշեց Զաքարյանը, ավելացնելով, որ Երևանի ծայրամասերում, ինչպես նաև մարզերում ապրելու հորդորներն անտեսվում են:

Հաջորդը սիրիահայերի աշխատանքի ու աշխատավարձի չափի  խնդիրն է: 4500 սիրիահայ գրեթե յուրաքանչյուր ընտանիքից աշխատող կա, սակայն նրանք դժգոհ են աշխատավարձի չափից, դրա պատճառով նրանք լրացուցիչ աջակցության խնդիր են ունենում:

«Դա համընդհանուր խնդիր է, բարձր վարձատրվող աշխատանքը քիչ է Հայաստանում: Նրանք ովքեր կարողանում են գործ դնել, կայանալ, աշխատանքը խնդիր չէ:  Մյուսները բողոքում են, որ ստացած աշխատավարձով հնարավոր չէ բարեկեցիկ ապրել: Սիրիայում նրանք ավելի լավ ու բարեկեցիկ են ապրել, դրա համար հաճախ հարց են տալիս, ո՞նց են 80 հազար դրամ աշխատավարձով հայաստանցիներն ապրում»,-ասաց Զաքարյանը:

Վերջին ամիսների ընթացքում միջազգային որոշ կազմակերպություններ նվազեցրել են փախստականների խնդիրների լուծման համար Հայաստանին տրամադրվող գումարները: Զաքարյանը խոսքով, նրանք մտածում են ու այդպես էլ բացատրում են, որ սիրիահայերն իրենց հայրենիքում են:

«Սփյուռքի նախարարությունն ու ԱԳ նախարարությունը տարբեր մակարդակներով բարձրաձայնեցինք, որ ճիշտ է՝ նրանք հայեր են ու ապրում են Հայաստանում, բայց իրավիճակը, որում նրանք հայտնվել են, բնորոշ է փախստականներին, և միայն Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալն իրենց ծանր վիճակից դուր չի բերում: Այնպես որ եվրոպական կառույցները խնդրին պետք է մոտենան այնպես, ինչպես Լեհաստանի կամ մեկ այլ երկրի դեպքում է: Հիմա ձայնը տեղ է հասել»,-նշեց նախարարության պաշտոնյան:

Թե ինչքան գումարի ու տրամադրման ինչ ժամկետների մասին է խոսքը, Զաքարյանը հստակ ոչինչ չնշեց, միայն ասաց. «Լուրջ գումարի մասին է խոսքը, հիմա քննարկումներ են ընթանում: Ժամկետ ասելն անշնորհակալ գործ է»:

Մինչ փողը տեղ կհասնի, նախարարությունում նախանշում են ծախսման նպատակները: Մտադիր են բնակարաններ ձեռք բերել կամ էլ կառուցել:

«Մեր դիրքորոշումն այդպիսին է: Ցանկալի է, որ սոցիալական բնակարաններ կառուցվեն: Դրանք նրանց կտրամադրվեն անհատույց, կապրեն այնքան, որքան ցանկանում են, սակայն վաճառելու իրավունք չունենան: Եթե հեռանում են, ապա բնակարանը կօգտագործվի այլ փախստականների համար: Քննարկումները շարունակվում են, կարծում եմ, ճիշտ որոշումներ կկայացվեն»,-ասաց աշխատակազմի ղեկավարը:

Scroll Up