Հովհաննես Հինդլյանին նվիրված միջազգային երկօրյա գիտաժողով

Մայիս 26-ին մեկնարկեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնած միջազգային երկօրյա գիտաժողովը` նվիրված խոշորագույն մանկավարժ Հովհաննես Հինդլյանի ծննդյան 150-ամյակին:

Այն կազմակերպել էին Համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը, Հայ նոր եւ նորագույն գրականության, Մասնագիտական կրթության եւ կիրառական մանկավարժության ամբիոնները:  Գիտաժողովը հովանավորել են Համալսարանը եւ Նյու Յորքի պոլսահայ օգնության միությունը (CARS, ատենապետ` Պերճ Արազ): Այս մասին «Հայերն այսօր»-ին  հայտնում են «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի լրատվության բաժնից:

Սփյուռքից ներկա էին բազմաթիվ հյուրեր, ուսուցիչներ, կրթական գործի կազմակերպիչներ: Արտասահմանյան մասնակիցներին նախ ջերմորեն ընդունեց Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ով քաջածանոթ է Սփյուռքի կրթական հիմնախնդիրներին: Նա պատմեց Մանկավարժական համալսարանի կրթական ուղղությունների, ժամանակակից նորարար մոտեցումների մասին:

Ապա հյուրերը դիտեցին Համալսարանի թանգարանը եւ այնտեղ բացված «Պոլիսը մոտ ու հեռվե» խորագրով գրաֆիկական աշխատանքների ցուցադրությունը (հեղինակ` Լեւոն Լաճիկյան):

ՀՀ սփյուռքի նախարարի անունից գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նա մաղթեց արդյունավետ աշխատանք եւ ընդգծեց մանկավարժական հավաքի համահայկական յուրահատկությունը, որը քիչ է պատահում մեզանում: Եվ իրավունք ուներ. միայն Սփյուռքից մասնակցում էին կարապետ Դաքեսյանը (Ֆրանսիա), Սիլվա Գույումճյանը եւ Արտաշես Մարկոսյանը (Թուրքիա), Ռոսիթա Եուսեֆյանը (Արգենտինա), Արմեն Քյուրքճյանը (Կանադա), Հրայր Ճեպեճյանը (Կիպրոս), Գաբրիել Սուլթանյանը (Անգլիա), Աիդա Մինասյանը, Թորոս Թորանյանը (Սուրիա) եւ ուրիշներ:

Բացման իր հանգամանալից խոսքում Համալսարանի ուսումնագիտական հարցերի գծով պրոռեկտոր Սրբուհի Գեորգյանը ծանրացավ Հինդլյանի մանկավարժական հսկայական վաստակին ու մատնացույց արեց այն ուղղությունները, որոնք որդեգրել է նաեւ Մանկավարժական Համալսարանը:

Իրենց զեկուցումներում, ելույթներում ու քննարկումների ժամանակ մասնակիցները բացահայտեցին Հովհաննես Հինդլյանի մեծությունը ոչ միայն իր ժամանակի մեջ, այլեւ ժամանակից դուրս հաստատեցին նրա տիրական ներկայությունը, նրա մանկավարժական հայացքների կենսունակությունը հենց մեր օրերում, ինչը թերեւս այս գիտաժողովի գլխավոր առանձնահատկությունն էր:

Զեկուցումների մի զգալի մասը նվիրված էր ժամանակակից կրթական մեթոդաբանության ընկալման ակունքներին եւ նորովի ճանաչողությանը (Կարապետ Դաքեսյան, Աիդա Թոփուզյան, Ջուլիետա Գյուլամիրյան, բոլորն էլ` Հայաստանից):

Հինդլյան արվեստագետ-մանկավարժի եւ գիտնականի էությունը առանձնացրին Սուրեն Դանիելյանը եւ Աշոտ Գալստյանը, իսկ մանկավարժի տիպարի համակողմանի վերլուծությամբ հանդես եկավ Ստամբուլի կենտրոնական վարժարանի տնօրեն Սիլվա Գույումճյանը, որի խոսքում մասնավորաբար տողանցեցին ինչպես Հինդլյանի հիմնադրած «Նոր Դպրոցի», այնպես էլ ցայսօր Կենտրոնական վարժարանի գիտամեթոդական հարուստ ավանդույթը, որի իրականացման մեջ մեծ է հենց իր` տնօրենի երեսուն տարիների հսկայական ավանդն ու դերակատարությունը:

Առանձնակի համ ու հոտ հաղորդեց գիտաժողովին Թորոնթոյից ժամանած հինդլյանցի Արմեն Քյուրքճյանը, որի հուշերի կծիկը վերականգնեց Հինդլյանի օրերի մթնոլորտն ու շունչը:

Հինդլյանի կրթական գործունեության մոդելի, համայնագետ-մանկավարժի, նրա հայացքների յուրայատկությունների մասին ծանրացան զեկուցաբերներ Գայանե Խալաթյանը, Լաուրա Ասատրյանը, Նաիրա Տողանյանը:
Քրիստոնեական աստվածաբանության ժամանակակից խորքային համեմատականներով աչքի ընկավ Հրայր Ճեպեճյանը, որը նոր լուսարձակ բացեց Հինդլյանի մանկավարժության եւ քրիստոնեական արժեքների հին ու նոր գնահատություններում:

Արեւմտահայ մեծ մանկավարժի հայաստանյան ներկայությունը դարձավ Տավուշի մարզի Կայան ավանում հիմնված Հինդլյան գիտամեթոդական կենտրոն-վարժարանը, ինչի մասին հանգամանալից պատմեց Հայաստանում «Հինդլյան դպրոց» ծրագրի համակարգող Լեւոն Լաճիկյանը:

Մայիսի 27-ին՝ վաղ առավոտյան, գիտաժողովի մասնակիցները մեկնեցին Կայան ավանի` Հովհաննես Հինդլյանի անունը կրող դպրոց: Իջեւանում նրանց դիմավորեց եւ օրհնության խոսք ասաց թեմի առաջնորդ Բագարատ եպս. Գալստանյանը: Ապա դպրոցի մուտքի մոտ ավանդական աղուհացով, երգ ու պարով ողջունեցին աշակերտներն ու ուսուցական կազմը` տնօրեն Լենա Վարդանյանի ղեկավարությամբ: Զինվորական համազգեստով աղջիկների պարը միանգամից զգաստացրեց. այստեղից սկսվում է Հայրենիքը, այստեղ բոլորն են սահմանապահ, այս երեխաներն ամեն օր լսում են կրակի ձայնը ու հաղթահարում իրենց ապրած մարդկային տագնապը:

Արդեն դպրոցի բազմամարդ դահլիճում, ուր տիրում էր հինդլյանական շունչն ու բարձր ոգին, ուր հնչում էին Բեթհովենի Իններորդ համանվագի անէացնող հնչյունները, իսկ պատերից ցոլանում էին «Նոր Դպրոց»-ի եւ պոլսական վարժարանների հայաբույր պատկերները, ամեն մի անկյունից վեր էին հառնում ուսուցչապետի համակող ժպիտը, ականավոր մանկավարժի խորիմաստ, ներհուն մտքերն ու ասույթները, տնօրենի ողջույնի խոսքից եւ գիտաժողովի կազմակերպիչ Սուրեն Դանիելյանի` մասնակիցներին ներկայացնելուց հետո սկիզբ առավ երրորդ եւ վերջին նիստը, ոը վարում էր Կիպրոսից Հրայր Ճեպեճյանը: Նա նախ իր հուզմունքն ու հիացումը արտահայտեց այս դպրոցում գիտաժողով անցկացնելու գաղափարի առթիվ, գնահատեց նախորդ օրվա ելույթները, ապա հրավիրեց զեկուցաբերներին, որոնք թվով վեցն էին:

Գայանե Աղուզումցյանի խոսքի մեջ շեշտադրված էին Հինդլյանի մանկավարժական նպատակներից երջանկության սկզբունքները, որոնք տարավ ու հասցրեց եվրոպական մտածողության ձեւավորման շրջան: Քնարիկ Աբրահամյանը իր զեկույցը կառուցեց Հինդլյանի ուսուցչապետի ու մարդու` գրամշակութային գնահատությունների համակարգի նոր ձեւավորման անհրաժեշտության պահանջի շուրջ:

Արմինե Դալլաքյանը հարմար գտավ ուշադրություն դարձնել «Նոր Դպրոց»-ի ժամանակակից մեկնաբանություններին, իսկ Արմեն Հարությունյանը աշակերտների գեղագիտական դաստիարակության մեջ փորձեց տեսնել Հիդլյանի առաքելությունը` կենցաղից, մաքրասիրությունից մինչեւ գեղագիտական ընկալում: Զարուհի Ասատրյանի եւ Ելենա Գրիգորյանի համահեղինակությամբ զեկույցը շոշափում էր դպրոցի եւ ընտանիքի համակցված գործակցության անհրաժեշտությունը, որը   Հինդլյանի համար կրթական կենսական նշանակություն ուներ: Նույն բարոյագիտական դաստիարակության ծիրում էր քննում Հինդլյանի մանկավարժական յուրահատկությունները Սուսան Սիսյանը:

Քննարկումիներից հետո իր եզրափակիչ խոսքում Սուրեն Դանիելյանը բարձր գնահատեց այս միջազգային գիտաժողովը, նշեց զեկուցումների գիտամեթոդական ընդունելի մակարդակը եւ խորին շնորհակալություն հայտնեց ոչ միայն հյուրերին, այլեւ Նյու Յորքի պոլսահայ օգնության միությանը (CARS), նրա ատենապետ Պերճ Արազին եւ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Նախագահ, Թեքեյան մշակութային միության հայաստանյան գրասենյակի ատենապետ Ռուբեն Միրզախանյանին:

Թերեւս մեզանում Վահան Թեքեյանի առթիվ կազմակերպված կրթամշակութային ավանդույթ դարձած հանդիսություններին, ինչպես վերջում դիպուկ նշեց Թեքեյան մշակութային միության ԱՄՆ-ի եւ Կանադայի հայաստանյան ներկայացուցիչ   Գայանե Մուրադյանը, ով նաեւ Մանկավարժական համալսարանի պատասխանատու պաշտոնյաներից է, ավելացավ եւս մեկ ավանդույթ` հինդլյանականը, եւ այս առումով առավել խորհրդանշական էր Թեքեյանի «Բարձրացում» քերթվածը, որի ընթերցումը համալսարանի ուսանող Սեդա Ասլանյանի կողմից, արդեն առաջին օրը ցույց տվեց երկու արվեստագետ մանկավարժների հոգեկից մտերմությունը:

Նշենք, որ գիտաժողովի երկու օրերին իբրեւ կամավորներ իրենց մասնակցությունը բերեցին Համալսարանի ուսանողներ Նունե Առաքելյանը, Տաթեւ Խաչատրյանը, Արեւհատ Ղազարյանը, Աննա Պողոսյանը` հայցորդ Նելլի Թադեոսյանի գլխավորությամբ: Նրանք թերեւս այս օրերին Հինդլյանին ճանաչելուց զատ ստացան մանկավարժական թերեւս ամենանշանակալի դասերից մեկը: Սա եւս մեկ հնարավորություն էր, համալսարան-դպրոց կապի եւս մեկ արտահայտություն, որն անշուշտ հինդլյանցի եւ շրջակա գյուղերի շատ ու շատ դպրոցականների վաղը առաջնորդելու է   Մանկավարժական Համալսարան, ինչպես նշեց Սուրեն Դանիելյանը:

Վերջում սիրո սեղանի շուրջ ավելի անմիջական ու անկաշկանդ զրույց բացվեց Հինդլյանի ու նրա ժամանակի, մեր օրերի հետ աղերսվող կրթական հիմնահարցերի, այսօրվա ազգային-քաղաքական ծանրագույն շրջանի եւ մեր գրամշակութային կյանքի նշանակալից իրադարձությունների մասին: Սփյուռքի եւ հայրենի մտավորականների խոսքը ընդմիջվում էր ասմունքով, երգով, հայրենի բնաշխարհից ու մասնավորապես Հաղարծինի վանքից ստացած բարձր տպավորություններով:

6 5 3 8 7

Scroll Up