Ձեզնից վախեցող չկա, տեսեք՛, ես նորից իմ հայրենի հողում եմ` Մարտակերտում

Սիրտս անհանգիստ տրոփեց, երբ հայացքս սահեց տողերով, բառերն անգամ թև առած` ասես նոր սերնդի կոչն էին հղում, բայց տողերի հեղինակը շատ համեստ, մի նուրբ էակ էր, նոր օրերի շրջանավարտ, որ «Վերջին զանգի» օրն ինձ հանձնած թղթի վրա իր գրած տողերով պիտի հնչեցներ մի նոր ասելիք, ուր արցունք չկար և ոչ աղերսանք. «Ես հայուհի եմ, լսու՞մ եք, հայուհի, անունս` Գայանե, ազգանունս` Հայրապետյան, 12-րդ դասարանից… Պատերազմ տեսած մի նոր սերունդ եմ, որ պատրաստ է հայ զինվորին գլխատող բարբարոս թշնամուն մորթել իր ձեռքով…»: Բառի դղրդոց լսե՞լ եք արդյոք, թե՞ կասեք բառը այդպես չի լինում, իսկ ես այս պահին դղրդոցն անգամ լսում եմ նրա…Բառը մռնչում, կատաղած ձայնով երկինք էր հանում մի նոր բարձրակոչ, մի նոր սպառնալիք` թշնամուն ուղղված. «Դղրդա՛, Արարա՛տ, մռնչա՛ Արցախ, ծովացի՛ր Արաքս, վե՛ր համբառնի՛ր, իմ մա՛յր Հայաստան, քո գոյությունը շարունակողը ես եմ… Դողա՛, սարսափի՛ր, ազերի՛ թուրք, հային տեսնելիս, հայի անուն լսելիս վախեցի՛ր դու, քո առջև ե՛ս եմ կանգնած, ես` հայուհիս, ուժս ժառանգած Անդրանիկից, Նժդեհից, Վարդանից, Մոնթեից, Արամից, Թաթուլից, նոր ոգի առած Ազատից, Արմենից, Արմենակից, Քյարամից, մեր սահմանապահ քաջ ու հայրենասեր անվախ տղերքից»:

Սա մենք ենք` պատերազմ տեսած արցախցիներս, մեր բնակավայրի անունով` նաև մարտակերտցիներս, այսպես են ասում մեզ, բայց նաև 92-ի պատերազմից բռնագաղթվածներս, որ եկանք շենացրինք, նորից ստեղծեցինք մի նոր օջախ, մի նոր հույս ու մեղմիվ, շատ մեղմիվ սկսեցինք այդ հույսն օրորել, որ կարողանանք նորից ապրել… Իսկ այս օրերին մի նոր ապրիլյան պատերազմ տեսածներս, գուցե նաև տարհանվածներս, այս օրերին մեզ այդպես էին ասում, նորից վերադարձանք ու սկսեցինք մեզանից անկախ` մեր աչքերից ինքնաբուխ թափվող արցունքների արտացոլանքում նորից հույս փնտրել, ու այդ հույսի մեջ նոր ոգի առած մի սերունդ տեսանք, որ պատերազմին իր ոչ-ն է ասում, բայց կամքով արի, իր հզոր ձայնով սաստում է անգամ ազգի թշնամուն. «Ու՞մ էիք վախեցնում, Քառօրյա պատերա՞զմ էիք սկսել, ի՞նչ էիք ուզում դրանով ասել: Ձեզնից վախեցող չկա, տեսեք՛, ես նորից իմ հայրենի հողում եմ` Մարտակերտում, որ եկել եմ հրաժեշտ տալու իմ դպրոցին, ուսուցիչներիս, եկել եմ մասնակցելու «Վերջին զանգին»: Տե՛ս ու վախեցի՛ր մեր քաջությունից, մենք մեր արյունով այս անգամ էլ «հաղթանակ» գրեցինք: Ես չեմ ուզում պատերազմ լինի, ես չեմ ուզում մայրեր արտասվեն, ես չեմ ուզում հայ հողի վրա հայի արյուն թափվի: Անօրե՛ն ազերի, դու չես կարող տիրել մեր հողին, տե՛ս ու վախեցի՛ր իմ հեզ, նուրբ ու կանացի, բայց և կոպիտ ու հպարտ հայի իմ էությունից»:

Վերջին զանգի միջոցառմանը մեր շրջանավարտների կողքին Քառօրյա պատերազմում հերոսացած հայ զինվորն էր…Արցունքախառն աչքերով, հպարտությամբ լեցուն, հոտնկայս ծափահարում էինք նրանց…Շրջանավարտի նոր երգ էր հնչում. «Կա՛նգ առ պատերազմ»: Հիշատակ կար այնտեղ, հավերժության ճանապարհ, նոր սերնդի խոսքն էր բարձրաձայնվում… Ձեռքումս սեղմած մի թղթի կտոր, իր ներսում պահած բառի դղրդոց, ահեղամռունչ գոռում էր ասես, որին սաստում էր մի խուլ հառաչանք. «Ես հայուհի եմ, դպրոցն ավարտած նոր շրջանավարտ, պատերազմ տեսած մի նոր սերունդ եմ, որ ապրել կուզի հայ հողի վրա»:

Նատաշա  Պողոսյան

Արցախի վաստակավոր մանկավարժ,

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի

հայոց  լեզվի և գրականության ուսուցչուհի

մարտակերտ մարտակերտ1

Scroll Up