Արցախյան ղողանջներ. Վերջին զանգ Մարտակերտում

Քառօրյա դաժան պատերազմ տեսանք, և դրան հաջորդող  սարսափելի օրերին էլ  երբևէ մեր մտքով չէր անցնում, որ  հնարավոր  կլինի  հրետակոծվող Մարտակերտում  շրջանավարտների  «Վերջին  զանգի» միջոցառում կազմակերպել: 

Հարաբերական խաղաղության ապրիլյան օրերին   բացեցի 12-րդ  դասարանի դուռը:  Դատարկություն էր, հոգիս  ճնշող  ծանր լռություն…Մի պահ նստեցի   դասարանում, ինքս ինձ  հետ  մտքերի օվկիանոսում  փորձեցի   հանդարտեցնել  հոգիս  կեղեքող  ցավը, մի անսահման կարոտ  հեռուներից փարվեց  ինձ, անցյալի մեջ  նորից վերագտա բոլորին, որ նրանք կային  մեր կողքին, իսկ հիմա չկան…Նույնիսկ այն մեկը, որ  դասամիջոցին անգամ հարցնում էր  որպիսությունս  կամ այս առաջին նստարանին նստած  աշակերտը, որ ամեն անգամ   ժպտում էր, իսկ այն մյուսը, ով իր ծննդյան օրը հեռվից եկող  հրետակոծության արձագանքների տակ սկսեց  երգել, բայց արցունքներ կային  նրա աչքերում… Մեկ առ մեկ հիշում եմ նրանց, որ այդ օրերին հաճախում էին տարբեր դպրոցներ:  Բայց օր օրի նրանք եկան, կամաց-կամաց, կարոտով, անզուսպ  ծիծաղկոտ աչքերով, հմայիչ  ժպիտներով,  և  ուրախ  էին նրանք, որ եկել  էին նորից հարազատ  կրթական օջախը:  Որքա~ն ջերմություն կար նրանց խոսքերում, առանձնահատուկ  մի ակնածանք, որ սովորաբար ցուցաբերում են  տարիներով իրարից հեռացած  մարդիկ:  Բոլորի հայացքներում  տեսա նաև  նախորդ օրերի   սարսափի  հետքերը, բայց կարծես խուսափում  էի   այդ մասին խոսել…Չհասցրի հարցնել, թե որտեղ  են  եղել նրանք, հանկարծ  մեր աշակերտներից մեկը ժպտադեմ նայեց ինձ, ապա  հնչեցրեց  սրտահույզ մի «ջան»,  և տիկին Պողոսյանին ավելացած  այդ  «ջանը»  մայր Հայաստանից   բերված  իր ջերմությամբ  վարակեց  մի ամբողջ  դասարան:

Իսկ հիմա,  որպես  Արցախի դպրոցի  ուսուցչուհի, սիրով շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, մի առանձնահատուկ  հոգածությամբ  ու ակնածանքով  իմ ջերմագին մաղթանքները հրետակոծության սարսափներն   ապրած բոլոր  շրջանավարտներին, որ  այդ օրերին չկորցրին իրենց  հույսն ու  անսասան  կամքը, նորից եկան` իրենց   հարազատ  կրթօջախներում  հնչեցնելու  վերջին զանգի ղողանջները: Ուզում եմ  բյուր  օրհնանքների  ու  անկեղծ հաճոյախոսությունների  մի բազմերանգ փունջ նվիրել  բոլորին:  Թող  այս հիանալի  տոնը  դառնա  սկիզբը  ամեն բարիքի  և  ուրախության, դառնա խորհուրդը  բոլոր երազանքների, ամենապարզ  խորհուրդը  բոլոր սպասումների:  Մաղթում եմ բոլորին լուսավոր ճանապարհ, հաղթական և բարի երթ  կյանքի քառուղիներում:  Թող հայրենապաշտության խորհուրդը  ուղեկից լինի ամենուր, բերկրալից լինի  այն երկրային ճանապարհը, որ  ընձեռված  է յուրաքանչյուրին,   և մնայուն լինի այն ուղին, որով պիտի  դեռ  նրանք   քայլեն: Այդ ճանապարհին ցանկանում եմ բոլորին  ազգային  երազանքների իրականացում, միասնության գաղափարի ձևավորում, անկոտրում կամք, անսպառ  եռանդ, երկարատև  խաղաղություն:

Նատաշա  Պողոսյան

Արցախի վաստակավոր մանկավարժ,

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի

հայոց  լեզվի և գրականության ուսուցչուհի

55b0d72d-db8f-4fb1-93df-6344b22485e7

Scroll Up