ԳԱՐԵԳԻՆ Ա ՀՈՎՍԵՓՅԱՆ. ՄԵԾ ՀԱՅՈՐԴԻՆ

1962 թվականի հունիսի 10-ին հայոց բոլոր եկեղեցիներում Վազգեն Առաջինի հրահանգով հոգեհանգստի պաշտոն կատարվեց: Ոգեկոչվում էր Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Առաջին Հովսեփյանց Կաթողիկոսի հիշատակը: Այդ օրը լսված գնահատումների մեջ բացառիկ է Ամենայն Հայոց Հայրապետի խոսքը. «Գարեգին Հայրապետը տարիներ շարունակ լուսավորեց ու փառավորեց Մեծի Տանն Կիլիկիո պանտուխտ աթոռը: Նա իր շուրջիններին և համայն ժողովրդին բուռ-բուռ բաշխեց Սուրբ Ավետարանի լույսը՝ հոր խոսքով, հոր ավյունով: Համակ ոգի էր ան, անսպառ եռանդ ու փայլատու սուրբ մտածում»:

Ժամանակագրությունը վկայում է, որ մեծ, պատկառազդու ու մնայուն է հայ մշակույթի, հայ եկեղեցու սպասավորի ծառայությունը:

Առատ էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հունձքը:

Աստվածաբան Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը մեկն էր նրա սաներից: Նա տարբեր զրույցների ժամանակ խոստովանում էր, որ իր մուտքը Հայ Առաքելական Եկեղեցու աստվածաբանական գիտության անդաստան տեղի ունեցավ այն բախտորոշ տարիներին, երբ ամենուրեք թևածում էր հայ ժողովրդի մեծ զավակ, հայ լուսավորչական եկեղեցու ականավոր հոգևորական, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս, մեծանուն հայագետ, գիտնական, աստվածաբան, մեծ ժողովրդականություն վայելող Գարեգին հայրապետ Հովսեփյանի փառքի ղողանջը:

«Ես սարկավագ էի, տակավին չէի ձեռնադրված: 46-ին ինքը եղավ մեր թե´ կաթողիկոսը, թե´ ուսուցիչը: Անթիլիասի դպրեվանքի մեջ նա նոր ծրագիրներ վերակազմակերպեց. նոր առարկաներեն մեկը հայ ձեռագրագիտությունն էր և հայկական մանրանկարչությունը»:

«Գարեգին Հովսեփյանցը կերազեր իր գիտության կիրքը փոխանցել իր աշակերտներուն և զանոնք իր աշխատակիցները դարձնել: Ատիկա պիտի ըլլար իր «Նոր Գլաձորի» առաջին բջիջը: Յուրաքանչյուրը պիտի ընտրեր պատմության մեկ շրջանը, արվեստի մեկ կալվածը կամ աստվածաբանության մեկ ճյուղը: Իր հովանիին տակ, իր ներշնչումին ու քաջալերանքին մղումով պիտի ջանար պարզել պատմության մեկ էջը» (Հատվածներ «Հանդիպում Շահե սրբազանի հետ» հեռուստահաղորդումից, 2003 թվական, փետրվարի 16, Հ 1):

Նրա գեղեցիկ կտակն իրականացրեց հենց ինքը՝ Շահե Սրբազանը՝ Երևանի պետական համալսարանում 1995 թվականին հիմնադրելով աստվածաբանության ֆակուլտետը՝ նորօրյա Գլաձորը:

Ուղիղ կես դար առաջ վախճանվեց գերաշնորհ կաթողիկոսը: «Անուն, որ է իր տեսակի մեջ անզուգական առ հայս, – պատմում էր, հիշում նրա աշակերտը՝ չթաքցնելով արտասուքը, հիացմունքը և աղոթքի պես խոսքը. – նրա նմանների մասին է Ագաթանգեղոսն ասել. «Այր, բանիբուն գիտությամբ»:

Թերթենք ու քով քովի բերենք նրա կենսագրության էջերը: Մեզ կօգնեն «Խորհրդային Հայաստան»հանրագիտարանը, «Վիքիպեդիա» ազատ համացանցային հանրագիտա¬րանը և, իհարկե, 2001 թվականին Երևանի պետական համալսարանի հրատարակած «Շահե արքեպիսկոպոս Աճեմյան»մենագրությունը (հեղինակ Վ.Բարխուդարյան և ուրիշներ), նաև հանրային գրադարանի տրամադրած բազմանուն նյութերը:

Նորօրյա Ավարայրի ոգեշնչողը

Ետ գնանք: Հասնենք Սարդարապատ: Եվ սրբազան այդ պատերազմի ելևէջումների մեջ հիշենք «Ինձ կրնկակոխ արեք, նոր փախեք» թևավոր դարձած, սերնդից սերունդ փոխանցվող խոսքը:

Եվ ուրեմն. հերոսամարտի օրերին, երբ թուրքերն արդեն գրավել էին Սարդարապատ գյուղը,  վիճակը գնալով օրհասական էր դառնում: Արամ Մանուկյանը մեկնում է Էջմիածին, որպեսզի Հայոց կաթողիկոս Տ. Գևորգ Ե Տփղիսեցի Սուրենյանցին համոզի, որ նա ժամանակավորապես Մայր Աթոռից հեռանա Սեւան:

«Ո´չ, տղե´րքս, Հայոց կաթողիկոսը նահանջողը չէ: Ասացե´ք հայ բանակին, որ ես տեղիցս չեմ շարժվում: Ես չեմ թողնում Սուրբ Էջմիածինը: Եթե մեր զինվորները նրան չեն կարողանում պաշտպանել, եւ թուրքերը մտնելու են Ս. Էջմիածին, իմ դիակը պետք է գտնեն Ս. Իջման վայրում»: Սա էր հայոց կաթողիկոսի պատասխանը:

Ավելին. նախադեպը չունեցող հրաման էր արձակվել. Էջմիածնի հոգևորականությունը պիտի զինվի և ժողովրդի հետ մարտադաշտ դուրս գա: Կազմավորվել էր միայն հոգեւորականներից բաղկացած շուրջ 300 հոգանոց ջոկատ: Գևորգ Ե Տփղիսեցու հրամանով հնչեցվել են եկեղեցիների զանգերը Արագածից մինչեւ Արաքս, Սարդարապատից մինչեւ Սևան: Կամավորներին առաջնորդողներից էր հայագետ տեր Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը:

Կիլիկիայի ապագա կաթողիկոսն այդ ժամանակ ճեմարանի տեսուչ էր: Վեհափառի հանձնարարությամբ նա եղավ Սարդարապատում: Եվ ազդեցիկ ու սթափեցնող ելույթով փորձեց ոգեշնչել ընկճված ու հուսահատ զինվորներին. «Հայ ժողովուրդն օրհասական կռիվներ շատ է ունեցել եւ միշտ ելք է գտել ու փրկել իրեն: Ելքը եղել է անձնազոհ հերոսությունը… Հե´տ նայեցեք, մեզ մնացել են Երեւանն ու Էջմիածինը… Եթե հերոսության չդիմենք, ամեն ինչ կորչելու է իսպառ, այլեւս չի լինի ո´չ հայ, ո´չ հայի հայրենիք…»:

Ոչ  մի արձագանք, ոչ մի փոփոխություն: Սակայն նա չի վարանում, շարունակում է. «Հայրենակիցնե´ր, եղբայրնե´ր եւ որդինե´ր, հին դարերում, երբ հայոց զորքը պատրաստվում էր թշնամու դեմ գնալու, նրա հրամանատարները գալիս էին Էջմիածին` կաթողիկոսի մոտ` նրա աջը համբուրելու եւ օրհնությունն առնելու: Բայց այս անգամ վտանգն այնքան ահավոր է ու մեծ, որ ահա ես եմ Սուրբ Էջմիածնից եկել ձեր բոլորի ձեռքը համբուրելու, որ փրկենք հայրենիքը, փրկենք ձեր պատիվը, հայի պատիվը…»:

Եվ արտասվում է ապագա կաթողիկոսը, արցախցի հայորդին, ում ելույթն, իրոք, շրջադարձային էր: Ականատեսները վկայում են, որ ճակատի մի հատվածում, երբ խուճապ ու փախուստ էր սկսվել, հոգևորականներից մեկը պառկել էր նահանջող զինվորների առաջ ու հայտարարել. «Ինձ կրնկակոխ արեք, նոր փախեք»: Նահատակին վայել այս վարքից ցնցված՝ նահանջողները շրջվել շարունակել են սրբազան պատերազմը:

Նորօրյա Ավարայրի ոգեշնչողը, անձնազոհ հոգևորականը Գարեգին Հովսեփյան ապագա կաթողիկոսն էր:

Շահե սրբազանը մատենագետի ճշգրտությամբ գիտեր նրա կենսագրությունը և, հիշում եմ, հատ-հատ թելադրում էր. «Գարեգին Ա Հովսեփյան մեծ հայորդին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս է օծվել 1945-ին: Հայագետ էր, ձեռագրագետ, մատենագետ, հնագետ, պատմաբան, բանասեր, մշակութաբան, մանկավարժ, փիլիսոփայության և աստվածաբանության դոկտոր, Հայաստանի գիտական ինստիտուտի (Վաղարշապատ) անդամ (1921), Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերության կովկասյան բաժանմունքի և Սանկտ Պետերբուրգի կայսերական հնագիտական ընկերության իսկական անդամ (1902 թվականից):

Գարեգին Հովսեփյանը սկզբնական կրթությունը ստացել է Ամարասի դպրատանը և Շուշիի թեմական դպրոցում: 1889-ին Գևորգ Չորեքչյանի (Գևորգ Զ Չորեքչյան) և Կարապետ Տեր-Մկրտչյանի հետ ձեռնադրվել է սարկավագ` դառնալով Մայր Աթոռի միաբանության անդամ: Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1890), աստվածաբանություն և հնագիտություն ուսանել Բեռլինի, Հալլեի, Լայպցիգի համալսարաններում (1892–96): 1897-ից դասախոսել է Գևորգյան ճեմարանում, 1898-ից կարգվել է մատենադարանապետ: 1900–01-ին նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ, 1901–1904-ին` Երևանի թեմական տեսուչ, 1905–06, 1915–17-ին` Գևորգյան ճեմարանի տեսուչ, 1907–08, 1918–19-ին` «Արարատ» ամսագրի խմբագիր: 1908–14-ին եղել է Ս. Հռիփսիմե վանքի վանահայրը:
Կիլիկիո կաթողիկոսի կենսագրական տեղեկությունները շարունակենք լրացնել օգտվելով «Վիքիպեդիա» ինտերնետային ազատ հանրագիտարանից:

Եվ ուրեմն. 1919-ից Գարեգին Հովսեփյանը ԵՊՀ-ում դասավանդել է հայ արվեստի պատմություն և հնագիտություն, մասնակցել (Ա. Թամանյանի հետ) Հայաստանի հուշարձանների պահպանության կոմիտեի ստեղծմանը: 1925-ից ձեռնադրվել է  արքեպիսկոպոս: 1927–33-ին` Ղրիմի և Նոր Նախիջևանի, 1938–43-ին` ԱՄՆ-ի հայոց թեմերի առաջնորդն էր:

Հայրապետական լիազոր պատվիրակ Գարեգին Հովսեփյանը գործում էր Ռուսաստանի և Հս. Կովկասի հայկական կենտրոններում, իսկ 1934–38-ին` Սփյուռքում: Նա նպաստել է սփյուռքահայությանը մայր հայրենիքի շուրջ համախմբելու, Հայ եկեղեցու միասնականությունը պահպանելու, Կիլիկիո կաթողիկոսության և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միջև տարաձայնությունները հարթելու գործին, ընդունել ընդհանրական Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Ամենայն Հայոց կաթողիկոսության գերագահությունը:

Գարեգին Ա Հովսեփյանը Կիլիկիո կաթողիկոսներից առաջինն էր, որ ներկա է եղել և նախագահել է Ս.Էջմիածնում գումարված ազգային-եկեղեցական ժողովում (1945, հունիսի 16), որտեղ Գևորգ արք. Չորեքչյանն ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս:

Գարեգին Ա Հովսեփյանը, լինելով դեռևս Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմի առաջնորդ, երկրորդ աշխարհամարտի տարիներին գումարներ է հանգանակել խորհրդային բանակի, պատերազմի աղետյալների օգտին և «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծման համար, նպաստել սփյուռքահայերի հայրենադարձությանը:

Անպարագիծ եղավ մեծ հայի ուսումնասիրությունների շրջանակը: Գարեգին Ա Հովսեփյանը թողել է գրական, գիտական հսկայական ժառանգություն: Նրա աշխատությունները նվիրված են հայագիտության գրեթե բոլոր բնագավառներին` պատմությանը, բանասիրությանը, բանահյուսությանը, հայ գրչությանն ու մանրանկարչությանը, արվեստին, Հայ Եկեղեցու և մշակույթի երևելի դեմքերին, եկեղեցագիտությանն առնչվող բազմաթիվ հարցերի, հնագիտությանը, ձեռագրագիտությանը և այլն. դրանցից շատերը կոթողային արժեք են ներկայացնում:

1892-ին Գարեգին Ա Հովսեփյանը հրատարակել է իր առաջին գիտական գործերը` «Փշրանքներ ժողովրդական բանահյուսությունից» և «Սասնա ծռեր» էպոսի չորս պատում: Ժողովրդական բանահյուսությունը և ազգագրությունը համարելով հայոց պատմության կարևոր աղբյուր` հավաքել և գրի է առել ազգագրական բազմաթիվ այլ նմուշներ: 1917-ին կազմել է ազգագրական նյութերի ժողովածու:

Նշանակալի են Գարեգին Ա Հովսեփյանի մատենագիտական բնույթի հրապարակումները. «Մխիթար Սասնեցի» (1899), «Խոսրովիկ թարգմանիչ» (1899), «Թովմա Մեծոփեցու կեանքը» (1914), «Մխիթար Այրիվանեցի» (1930) և այլն:

Հայ միջնադարյան գրականության պատմության ուսումնասիրման համար կարևոր են Գրիգոր Աղթամարցու և Հովասափ Սեբաստացու կյանքին ու գործունեությանը նվիրված նրա գործերը: Հայ եկեղեցու և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջանների ու խնդիրների լուսաբանմանն են նվիրված «Ձագավանից ժողովը» (1913), «Տարսայիճ Օրբելեանի և Մինա Խաթունի սերունդը» (1913, ռուս., 1948, հայ.), «Ազիզբեկենք և նրանց շինարարական գործը» («Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի», գիրք 1,2, 1921, 1922), «ԺԳ դարի քաղաքական և հոգևոր վերելքը Արևելյան Հայաստանում» և այլ երկեր: Հայագիտության մեջ մեծ ներդրում է Գարեգին Ա Հովսեփյանի գլուխգործոցը` «Խաղբակեանք կամ Պռոշեանք Հայոց պատմութեան մէջ» եռահատոր աշխատությունը, որը 1969-ին արժանացել է Երուսաղեմի «Թարգմանչաց-Դուրյան» մրցանակին: Հեղինակն իր այս կոթողային ուսումնասիրությամբ լրացրել է հայոց պատմության մեջ բաց մնացած և գրեթե չուսումնասիրված մի շրջանի` XIII–XV դդ. Հայաստանի պատմությունը և ցույց տվել, որ Բագրատունյաց թագավորության անկումից հետո Հայաստանը ամլության չի մատնվել, այլ ունեցել է կազմակերպված, զորեղ իշխանություններ (Զաքարյաններ և այլն), քաղաքակրթական, հոգևոր ու շինական բուռն թափ, մատենագրական և գրչագրական իրագործումներ:

* * *

Ընդգրկուն են Գարեգին Ա Հովսեփյանի գործունեության շրջանակները: Սղագրում ենք Շահե սրբազանի պատմածները ու հիացմուքով զարմանում, թե որքան մեծ հետք է թողել նա հայագիտության ասպարեզում:

Գարեգին Հովսեփյանը Ն. Մառի հետ մասնակցել է հնագիտական պեղումներին (Գառնի, Արագած, Անի), նշանակալի գործ կատարել պատմահնագիտական և ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրման բնագավառում: Ուշագրավ են նրա հեղինակած «Պտղեվանքը և գմբեթավորումը հայ տաճարներում», «Գերեզմանական կոթողներ և նրանց հնագիտական արժեքը հայ արվեստի պատմութեան համար», «Հավուց թառի ամենափրկիչը» («Նյութեր և ուսումնասիրություններ…», պր.3) աշխատությունները: Գ.Հովսեփյանն ուշադրությունը բևեռել է նաև հայկական արվեստի այլ ճյուղերի վրա: Այդպիսիք են գործերից են` «Հնութեան նշխարները» (1909), «Խոտակերաց Ս.Նշան, մի նմուշ ԺԳ դարու հայ ոսկերչութեան» (1912), «Լուսավորչի խաչվառը» (1946): Ուշագրավ են հայկական վանքերի դռների փայտի փորագրությունների արվեստին նվիրված ուսումնասիրությունները: Այդ շարքից են «Սեւանա Առաքելոց վանքի հարավային դուռը» (1932) և «Մուշի Առաքելոց վանքի դուռը» (1937) հոդվածները, հայ արվեստի տարբեր բնագավառներին վերաբերող բազմաթիվ գործերը: Այդ բնույթի ուսումնասիրություններն ամփոփված են 1935-ին հրատարակված «Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության» շարքում:

«Սովորական մարդ չէր Գարեգին կաթողիկոսը, նա քայլող հանրագիտարան էր,- արցունքն ու հպարտանքը աչքերի մեջ՝ կարծես աղոթում էր Շահե սրբազանը»:

Գարեգին Ա Հովսեփյանը հայ գրչության արվեստի նվիրյալն էր: Հայ մանրանկարչության ակունքներին, վաղեմությանն ու ինքնատիպությանը, ոճերի, ուղղությունների ու դպրոցների առանձնահատկություններին, առանձին ծաղկողներին նվիրված աշխատություններում («Գրչութեան արվեստը հին հայոց մեջ», 1913, «Մի էջ հայ արվեստի և մշակույթի պատմութիւնից», 1930, «Նյութեր ու ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության», պր. 1–4, 1935–51, հ.1,2, 1983, 1987, «Հեթում Ա-ի նկարազարդ Ավետարանի մնացորդները», 1949, «Մոմիկ նկարիչ և քանդակագործ», 1947, «Կոստանդին Ա կաթողիկոսը որպես հայ մանրանկարչութեան մեծ հովանավոր» և այլն) նա, արժեվորելով հայկական մանրանկարչությունը, բացահայտել է բյուզանդական, ասորական, ղպտական, եգիպտական, վրացական և այլ ժողովուրդների նմանատիպ արվեստի հետ նրա աղերսներն ու փոխհարաբերությունները:
Գարեգին Հովսեփյանի ուսումնասիրությունները բովանդակում են հայ մանրանկարչության զարգացման գրեթե բոլոր գլխավոր շրջաններն ու ամենակարևոր դպրոցները: Գարեգին Ա Հովսեփյանը երկար տարիների իր աշխատանքն ամփոփել է «Քարտեզ հայ մանրանկարչության» մեծածավալ մենագրությունում (անտիպ):

Պարտավոր ենք իմանալ ու հիշատակել, որ Գարեգին Ա Հովսեփյանը հավաքել, կազմել է մինչև 1250-ը գրված հայկական ձեռագրերի 459 հիշատակարան («Հիշատակարանք ձեռագրաց», հ.1, 1951, նախատեսված էր մի քանի հատոր, որոնք դեռևս անտիպ են)` հնագրական, մանրանկարչական, կազմարարական, բնագրական և այլ բնույթի կարևոր ծանոթագրություններով: Այդ աշխատությունը կարևոր նյութեր է պարունակում հատկապես հայ գրչության և մանրանկարչության պատմության ուսումնասիրության համար: Գարեգին Ա Հովսեփյանի մեծածավալ Ստեփան Սյունեցու «Մեկնութիւն չորից աւետարանչաց» և «Մեկնութիւն Եզեկիէլի», «Հատակոտորք Որիգինէսի, Հիպպոլիտայ, Յովհան Ոսկեբերանի» աշխատությունները նույնպես անտիպ են: Հույս ունենանք, որ հայ տպագրության 500-ամյակը տոնելու նոր հանգրվանում լույս կտեսնեն Գարեգին Հովսեփյանի թողած ժառանգության անտիպներն ու ի Հայաստան և ի սփյուռս կդառնան գիտական լայն շրջանակների սեփականությունը:

Գարեգին Հովսեփյանց հայորդին ոչ միայն իր անունը դրոշմեց հայ ժողովրդի սրտի մեջ՝ հազարապատկելով Տանն Կիլիկիո պանդուխտ աթոռի փառքը, այլև ողջ կյանքն ապրեց՝ ծառայելով հայ մշակույթին ու վաստակեց սակավներին տրվող տիտղոսը. «Այր՝ բանիբուն գիտությամբ»:

Փառք մեծ հայորդու հիշատակին:

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

1. Բարխուդարյան Վլադիմիր և ուրիշներ, «Շահե արքեպիսկոպոս Աճեմյան» (կենսագրական վեպ), Ե., 2001, Երևանի պետական համալսարան:
2. «Խորհրդային Հայաստան» հանրագիտարան, Ե., 1989, «Հայաստան» հրատ.:
3. Հանդիպում Շահե սրբազանի հետ, «Շրջադարձ», Հ1, 2003 թ., փետրվարի 16 (հեղինակ՝ Արփեն Մովսեսյան, օպերատոր՝ Վահան Կարապետյան):
4. «Վիքիպեդիա»` ազատ համացանցային հանրագիտա¬րան (http://hy.wikipedia.org):

Արփեն Մովսիսյան

Scroll Up