Բաց դաս-միջոցառում՝ նվիրված օտարազգի հայ գրողներ Սրբուհի Տյուսաբին և Վահե Հայկին

Կարծես ճակատագրի հեգնանք լինի: Հայ ժողովուրդը մշտապես դաժան ճակատագիր է ունեցել և քամուց քշված տերևի նման սփռվել է և բանակություն հաստատել աշխարհի չորս ծայրերում: Մենք միշտ տարբերվում ենք մյուս ժողովուրդներից և՛ մեր ճակատագրով, և՛ անգամ մեր գրականությամբ: Մեր գրականության պատմության մեջ ձևավորվել են արևմտահայ, արևելահայ և սփյուռքահայ գրողների ստեղծագործություններ:

Սփյուռքի նախարարությունը ուղերձ էր հղել դպրոցներին, որպեսզի մասնակցեին և միջոցառումների, բաց դասերի միջոցով նշեին սփյուռքահայ երեք գրողների՝ Վահե Հայկի, Ավետիս Ահարոնյանի և Սրբուհի Տյուսաբի հոբելյանական տարելիցները:

Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցը միշտ հետևողական է և կատարում է իր առջև դրված խնդիրները:

Մայիսի 20-ին հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ելենա Բաղդասարյանը XIբ դասարանի աշակերտների հետ կազմակերպել էր բաց դաս-միջոցառում՝ նվիրված Սրբուհի Տյուսաբին և Վահե Հայկին: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում է Հայոց լեզվի մ/մ ուսուցչուհի Ելենա Բաղդասարյանը:

Ցուցադրվեց տեսասահիկ, ներկայացվեցին արևմտահայ գրող, հրապարակախոս, մանկավարժական և հասարակական գործիչ Սրբուհի Տյուսաբի գաղափարները կնոջ ազատագրման, իրավահավասարության և աշխատանքի մասին: Նա այդ գաղափարներն արտացոլել է նաև իր գեղարվեստական ստեղծագործություններում, որով հայ գրականության մեջ գրավել է առանձնահատուկ տեղ: Տյուսաբն իր կյանքն ապրեց՝ պայքարելով կանանց ազատագրման, իրավահավասարության և աշխատանքի համար : Նա բարձրացրեց կնոջ դերը, նրա համար կարևորեց կրթությունն ու աշխատանքը, որը համարեց հասարակական նախապաշարումներից կնոջ ազատագրման, ինչպես նաև հասարակության զարգացման հիմք:

Բեմադրվել էր նաև Վահե Հայկի «Կաթիդ փարան չմոռնաս մա՛մա» պատմվածքը: Կերպարները, որոնց մարմնավորում էին աշակերտները՝ հեղինակ՝ Ալիկ Սեդրակյանը, նպարավաճառ՝ Սպարտակ Ավետիսյանը, մամա՝ Ռոզա Հակոբյանը, այնքան էին մտել իրենց կերպարի մեջ և այնքան բեմական էին խաղում, որ հուզվել էին բոլոր ներկա գտնվողները:

Կազմակերպել էր նաև գրական դատ. մեղադրյալը նպարավաճառն էր, հանցանքը՝ մորը վիրավորելը:

Դատավորը՝ Նարեկ Գալստյանը, դատապաշտպանը՝ Վրեժ Մարկոսյանը, իրենց խաղով ևս հուզեցին և հիացրեցին ներկաներին:

Քննարկում եղավ և ի վերջո վեր հանվեց պատմվածքի դաստիարակչական նշանակությունը՝ պահել, պահպանել, գնահատել և արժանին մատուցել մեր ծնողներին: Այս միջոցառումը երկար կմնա ներկաների հուշերում:

Ակնալիճ- Ակնալիճ1 Ակնալիճ2 Ակնալիճ3

Scroll Up