Լիբանանահայ Խաժակը սիրահարվեց Հայաստանում, սերը գտավ ԱՄՆ-ում

Խաժակ Գասպարյանի եւ Անուշիկ Գրիգորյանի սիրավեպը նման է հոլիվուդյան ֆիլմերի սցենարի՝ անիրական` լի պատահականություններով, հուզիչ եւ երջանիկ պահերով: «Սցենարի» հեղինակն ու գլխավոր հերոսներից մեկը հենց Խաժակն է՝ Լիբանանից: Նրա հետ զրուցելիս նկատում ես, որ կյանքի նկատմամբ սերն ու երջանկության փնտրտուքները դեռ մանկուց են եկել: Չնայած ապրել է դժվար ժամանակաշրջանում՝ պատերազմող երկրում, մանկության տարիներին տեսել է սով ու արյուն, սակայն ամենուր փնտրել է խաղաղություն ու բարություն: «Այն տարիքում, որ պետք է դպրոց գնայինք, պիտի գնայինք ավելի բարձր ուսում առնեինք, մենք պատերազմի մեջ անցկացրինք: Մայրս ստիպեց ինձ, որ լեզուներ սովորեմ: Հետո սկսեցի ադամանդագործությամբ զբաղվել, ինչպես նաեւ՝ առեւտրի մենեջմենթ ուսումնասիրել, բախտ եղավ, որ երկրից դուրս եկա: Քաթարում եմ եղել, այնտեղ աշխատել եմ հինգ տարի:

Հետո գնացի Ամերիկա, այնտեղ մնացի մեկ տարի, հետո նորից հետ դարձա»,- իր եւ իր սիրո մասին պատմությունն այսպես է նա սկսում: Հենց ԱՄՆ-ում էլ, երբ Green Card-ի հետ կապված փաստաթղթային հարցերն էր լուծում, փաստաբանից իմացավ, որ լավ կլինի, որ երկրից դուրս գա: «Այդ ժամանակ էլ հենց մտքովս անցավ Հայաստան գալը: Լինում է, չէ՞, որ որչափ էլ խելացի ես լինում, իմանում ես քո խելացիության աստիճանը, նայում ես հայելու մեջ եւ ասում՝ ապուշ, ինչո՞ւ չէ, գնա Հայաստան, տես…

2014 թվականի ամռանը եկա Հայաստան: Երբ որ դուրս նայեցի ինքնաթիռի պատուհանից ու տեսա, որ հայկական հողերի վրա ենք, մարմինս փշաքաղվեց, անկեղծ ասացի՝ սա երեւի միակ տեղն է, որ եթե անգամ ինքնաթիռն ընկնի, չեմ ափսոսա, որ հողիս վրա մեռա: Իջա, զգացի, որ չէ, ես այստեղ պետք է ապրեմ»,- ասում է Խաժակը: Հայաստանում էր, որպեսզի իր հայրենի երկիրը տեսնի, այլ ծրագրեր ու նպատակներ դեռ չուներ, կարծես թե, չէր էլ պատկերացնի, որ հենց այստեղ պատահական հանդիպումը նրա համար շատ ճակատագրական կլիներ:

Պատմում է՝ ընկերոջ հետ հեռախոսի քարտ պետք է գներ: Նախընտրեց խանութ չմտնել, դրսում սպասել: «Կանգնած էի, մի ծեր կին անցավ, աղքատ էր: Չուզեց ինձնից դրամ: Որ ասում եմ աղքատ, չկարծեք, որ նա ուզեց, ես իր աչքերից իմացա, որ ինքը դրամի պետք ունեցող է: Բայց ես իրեն տվեցի, ինքը ինձ մերժեց, ես պարզապես ցանկացա տալ, ասացի, որ գիտեմ, որ դուք այդ անձը չեք, ես փափագեցի, որ ձեզ այդ գումարը տամ, դժվար մի առնեք: Վերցրեց ու ասաց՝ երազը, ցանկացածդ այսօրվանից արդեն պիտի կատարվի, հավատա, տղաս: Ասացի՝ լավ, մայրիկ ջան, շնորհակալ եմ»,- պատմում է Խաժակը եւ հիշում, որ հաջորդ րոպեին ընկերը խանութ կանչեց: Մտնելով այնտեղ՝ շուրջը չնայեց, միայն մի պահ հետ նայեց: «Գլուխս բարձրացրի, աչք աչքի եկանք նշանածիս հետ, սիրելիիս հետ,- պատմում է Խաժակը՝ մեր կողքը նստած Անուշիկին ցույց տալով,- ինքն ինձ տեսավ, նայեց իմ կողմը, ժպտաց… ինձ չժպտաց, ես գիտեի, ինքը հաճախորդին ժպտաց: Բայց իր նայելը, իր ժպիտը… ես սիրում եմ հասարակ գեղեցկությունը: Նայեցի, դուրս եկա:

Ես այդպիսի տղա եմ, եթե տեսա, հավանեցի աղջկան, հեչ ամաչել չունեմ: Երբեք չեմ ամաչի մոտենալ, աղջկան խոսցնել: Գնացի, շատ ուզեցի հետ դառնալ, հետը խոսել, բայց ասի՝ լա՛վ՝ այն մտքով, որ հետ կդառնամ»: Խանութ նորից չվերադարձավ, բայց պարբերաբար հիշեց անծանոթուհուն, իսկ «պատահականությունը» չուշացավ: Պատմում է, որ բարեկամներից մեկի տանն էր ապրում Հայաստանում եղած ժամանակ. «Այդտեղ ժողով պետք է լիներ իտալական մի ընկերության հետ: Բարեկամս համոզեց, որ իջնեմ իր հետ իտալացիների հետ հանդիպման: Չէի ուզում, բայց համոզեց, գնացի: Չէի հասկանում, ինքն ինչո՞ւ էր այդչափ ուզում, որ ես իջնեի: Ես կանգնած եմ, բարեկամս իտալացիների հետ է խոսում, նայեցի դեպի ձախ կողմը, տեսա չորս աղջիկ են քայլում վար, երեքը իրար կողք, մեկը իրենցից առանձին՝ ուրախ, իրենց ժպիտներով, ցատկոտելով գալիս են: Տեսա՝ ինքն է…այն աղջիկը… Եկավ, իմ անմիջապես կողքովս անցավ, մի հատ նայեց հետ, բայց շարունակեց իր ընկերուհիների հետ ճանապարհը: Ուզեցի գնալ, բռնել, ինչը որ ես կանեի, բայց հավատացեք, կյանքիս մեջ առաջին անգամն էր նման բան լինում, ոտքերս սառեցին. ուզում եմ քայլ անել, ոտքերս առաջ չեն գնում: Ուզում էի գնալ, հետը խոսել, բայց ընկերս միջամտեց, թե ինչ կա, ասացի՝ հեչ, բան չկա»:

Առանց անծանոթ աղջկա մասին տեղեկություն ունենալու էլ վերադառնում է Լիբանան: Խաժակը բացատրում է, որ արդեն այնտեղ նոր ծնված սերը հիշեցրեց իր մանկությունից հիշողություն մնացած շատ տխուր մի դրվագ. մոտ տասը տարեկան էր, երբ նրա աչքի առջեւ, նրան շատ մոտ մարդ սպանեցին Լիբանանում: Դաժան տեսարանը հանգիստ չէր տալիս փոքրիկ տղային, գիշերները երազի մեջ լաց էր լինում: Հենց այդ ժամանակ դեռ երեխա, իր ասելով՝ մի տարօրինակ ցանկություն էր պահել, որ իր կյանքում երբ շատ ուժգին սիրի մեկին, պետք է այդ սերը թաքուն պահի: «Ես իրեն անսահման սիրեմ, բայց ինքը չիմանա: Ուզեցի, որ Անուշը լինի, սկսեցի նաեւ նրա մասին գրել: Զգացի, որ այդ փոքրիկ երեխան իմ մեջ ուրախ է, սկսեցի ծով գնալ, մենակ մնալ»,- ասում է Խաժակը, պատմում, որ աղջկան նվիրված տողերով թղթերը շշով նետել է ծովը: Աստիճանաբար զգացել է, որ իր մեջ եղած այն երեխան արդեն «ցանկապատից» դուրս է գալիս. «Գիտեի՝ որ ես իմ ցանկացածը ստացել եմ, արդեն սիրում էի նրան: Եթե ինքը չուզեր (ցույց է տալիս Անուշին- Հ. Հ.), դա իր իմանալու բանն էր, բայց ես գիտեի, որ ես չեմ կարող չուզել, պետք է ուզեի ամեն րոպե ու վայրկյան, ես դա գիտեմ»:

Անուշիկի մասին մտքերով էլ Լիբանանից մեկնում է ԱՄՆ՝ չպատկերացնելով, թե կյանքը ինչ անակնկալ է մատուցելու նրան. այս անգամ Խաժակի պատահական հանդիպումը նորագույն տեխնոլոգիաների աշխարհում է լինում՝ Ֆեյսբուքում. շատ պատահական Անուշիկի ֆեյսբուքյան էջը հայտնվում է նրա՝ «հնարավոր ընկերների» ցանկում, պարզվում է՝ Խաժակն ու Անուշիկն ընդհանուր ընկերներ ունեն: «Միանգամից իր նկարը տեսա, սեղմեցի, մեծացրի, տեսա՝ ինքն է, ընդհանուր ընկերն էլ Մարիամն էր:

Միանգամից զանգեցի նրան: Ասի՝ ընկերներիդ մեջ Անուշ Գրիգորյան կա, ո՞վ է, հարցրեցի՝ ճանաչո՞ւմ է, ասաց՝ այո: Ասացի՝ կյանքիս մեջ քեզ մի բան պետք է խնդրեմ, իրեն ասա՝ որ Խաժակ Գասպարյանը քեզ ընկերության առաջարկ պետք է անի, ընդունիր անպայման, դու էլ մի՛ խառնվիր: Ասաց՝ դեռ մի խոսիր, հիմա պահը չէ, անձնական հարցեր կան»,-պատմում է Խաժակը եւ հիշում, թե ինչքան դժվար էր սպասելը: Սակայն երբ աղջիկն ընկերության առաջարկն ընդունեց, Խաժակը մեկ ամիս մտածեց, թե ինչ գրի. «Ի՞նչ պետք է գրեի, hi, how are you?: Ես քեզ 2014 թվականին տեսել եմ, հավանել եմ. նման հիմար բաներ չէի ուզում գրել: Ուզում էի խելացի ձեւով խոսել: Մեկ ամիս չկարողացա հետը խոսել, ջնջեց ինձ»:

Խաժակը խոսում է թվերով՝ Անուշի հետ հանդիպումից ուղիղ 527 օր հետո առաջին անգամ աղջկա ձայնը լսեց. «Նորից Ֆեյսբուքով հետն ընկերացա, այս անգամ ողջույնից հետո, միանգամից ասացի՝ պետք է զանգեմ, ասաց՝ ոչ: Ես զանգեցի: Ինքը հեռախոսն անջատեց, ես նորից զանգեցի: Տեսա՝ պատասխանեց, ականջիս դրեցի, ինքը խելացի վարվեց, չխոսեց, բայց ինքը լուր չունի, որ կյանքի մեջ ամենաանուշ բանն արեց, եւ կյանքիս մինչեւ վերջ դա ականջիս մեջ կմնա ու դուրս չի գա. առաջին անգամ իր շունչի ձայնը լսեցի: Այնքան սրտիս մոտ զգացի իրեն… Խոսեցինք…»:

Արդեն իր ցանկության իրականացման ճանապարհին գտնվողը չհապաղեց, իրենց ծանոթությունից երկու ամիս հետո՝ դեկտեմբերին, եկավ Հայաստան, նույն ամսի13-ին հանդիպեցին: Խաժակն ասում է, որ երբեք չի կասկածել, որ իր մտքերի ու իրական աղջիկը նույնն են, եւ նույնքան սիրելի կլինեն իր համար. «Երբ շփվեցի, առավել սիրեցի. նախ իր հայացքը, իր ընտանեկան դաստիարակությունը, մեծի եւ փոքրի նկատմամբ հարգանքը: Այս ամենը որ տեսա՝ հասկացա, որ չի կարող այս աղջիկը վատ լինել: Եթե աշխարհում մենք վեց միլիարդ ենք, ես մեռա ու Աստված ինձ նորից մի դեր ուղարկեց՝ հնդիկ կամ պակիստանցի, բանգլադեշցի եղա կամ տաջիկ, հավատա, ես կանցնեմ ամբողջ աշխարհը, որ գտնեմ իրեն»: Անուշի հետ մենք մի քանի բառ ենք փոխանակում. Խաժակի ներկայացրածը սկզբից իր համար էլ է անիրական թվացել, պատահականություններն արտառոց են թվացել, բայց հետո հասկացել է՝ ճակատագրով որոշված հանդիպում եւ սեր էր:

Մեկ ամիս առաջ են նշանադրվել, օգոստոսին էլ պատրաստվում են ամուսնանալ՝ արդեն բազում մանուկներով երջանիկ ընտանիք ունենալու տեսլականով: Սիրելի կնոջ հետ ապագան տեսնում է Հայաստանում, որտեղ էլ ճակատագիրը մատուցեց իրեն երջանկություն: Իր սիրո մասին Խաժակը շատ պոետիկ է խոսում. «Իմ սերը գիտե՞ք ինչի նման է. կարծես գարնան, անուշ ծաղիկների մեջ ես նստել, անու՜շ հոտ է գալիս, ուզում ես, որ քո թթվածինը միշտ այն լինի: Ես միշտ կուզեմ այն շնչել»:

Այդ սերը պահել-պահպանելու մասին էլ չի մտածում, խորհուրդ է տալիս. «Պետք չի մտածել, առողջ եղիր, սեր պահել, պահպանել չկա: Ես իրան պահել-պահպանել չեմ ուզում, ես ուզում եմ իրեն ազատ թողնել: Երեխային որ գրկես, սիրես, քո երեխան է, չէ՞, կնեղվի, բայց երբ նրան դնես գետնին, քեզ նայելով կժպտա, գիտի, որ դու իր մայրն ես, կժպտա: Այդպես է սերն ինձ համար, պետք չէ պահել-պահպանել, եթե դու այդ աղջկան պիտի զոռով պահես ու պետք է կորցնես, պահես, չպահես, իրեն կկորցնես»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

20.05.2016

Scroll Up