Հայաստանի տարբեր ոլորտների զարգացման նպատակով բարեգործական հիմնադրամ կստեղծվի

  1. Կրասնոդարի հայ համայնքի ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ոլորտների զարգացման նպատակով որոշել է բարեգործական հիմնադրման ստեղծել: Հիմնադրամի ստեղծումը ծառայելու է նաև մեկ այլ նպատակի՝ ռուսաստանաբնակ հայ երիտասարդներին համախմբել Հայաստանի շուրջ:

Նախատեսվող ծրագրերի, ինչպես նաև Արցախին ցուցաբերվող օժանդակությունների մասին Արթուր Խաչատրյանը խոսել է «Հայերն այսօրի» թղթակցի հետ  զրույցում:

«Նպատակ ունենք բարեգործական հիմնադրամ բացել և հավաքված գումարներն ուղղել Հայաստանի կրթական, առողջապահական, գյուղատնտեսության, սպառազինության և այլ ոլորտների զարգացման համար: Ծրագրում ենք հիմնադրամի մասնաճյուղեր բացել Ռուսաստանի տարբեր քաղաքների հայ համայնքներում և ինչու ոչ՝ հետագայում նաև Երևանում: Կարելի է ասել՝ այն համահայկական ընդգրկում է ունենալու:

Ճիշտ է, բարեգործական հիմնադրամի ստեղծման գաղափարն ինձ է պատկանում, սակայն այս հարցում միայնակ հաջողության չես կարող հասնել: Համախոհներ ունեմ, որոնք ծրագիրը կյանքի կոչելու համար պատրաստ են օգնելու ինձ: Պետք է ամբողջ Ռուսաստանի հայ համայնքին ոգևորել այս գաղափարով՝ միասին կատարելով հայապահպան կարևոր ծրագիրը: Գիտեմ, որ ինձ միանալու ցանակցողները շատ կլինեն:

Ցանկությունս է, որ հիմնադրամի կազմում հնարավորինս շատ ռուսաստանաբնակ հայ երիտասարդներ ընդգրկվեն, որպեսզի նրանք հայրենասիրությամբ լցվեն և մտածեն Հայաստանին օգնելու անհրաժեշտության մասին:

Հիմնադրամը ստեղծելու համար խթան հանդիսացավ նաև խառնամուսնությունների աճը: Մենք փոքր ազգ ենք, և խառնամուսնությունների պարզապես պետք չէ դիմել: Այդ ամենին դիմակայելով՝ կկարողանանք պահպանել մեր ինքնությունը Սփյուռքում և մեր «մի կտոր» հողը հայրենիքում, որն այնքան կարևոր է հայ ժողովրդի համար: Խառնամուսնությունների հետևանքով ծնված երեխաներին վաղն արդեն ավելի դժվար կլինի բերել Հայաստան և նրանց ծանոթացնել հայկական արժեքներին: Այս հարցում կարևոր է ծնողների դերը, որոնք իրենց երեխաներին հայեցի դաստիարակություն տալուն պետք է մեծ ուշադրություն դարձնեն:

Անհրաժեշտ է տարբեր ծրագրերով երիտասարդներին ոգևորել, առ Հայրենիք սեր արթնացնել, քանի որ նրանց համար շատ դժվար է օտար միջավայրում պահպանել ազգային ինքնությունն ու այլևայլ խոչընդոտների չենթարկվել:

Արդեն տասնհինգ տարի է, որ համայնքային կյանքի մեջ եմ և լավ եմ հասկանում, թե ինչպես պետք է երիտասարդներին համախմբել Հայրենիքի շուրջ: Երիտասարդների համար, ըստ իրենց հետաքրքրությունների, նոր ծրագրեր է անհրաժեշտ մշակել, որպեսզի նրանք ներգրավվեն համայնքային կյանքին:

Այժմ Հայաստանում եմ գտնվում՝ հիմնադրամի հետ կապված քննարկումներ ծավալելու համար: Մեծ հույսով եմ եկել ու համազվոծ եմ, որ ամեն բան լավ կլինի:

Հիմնադրամի ստեղծման հարցում ցանականում եմ համագործակցել ՀՀ սփյուռքի նախարարության հետ, քանի որ գիտեմ՝ հայապահպանության հարցը նախարարության գերակա խնդիրներից է, հատկապես երիտասարդների շրջանակում:

Ինչ վերաբերում է Արցախին, ապա ես Հայաստանն ու Արցախը իրարից երբեք չեմ զանազանել: Ու այն բոլոր ծրագրեը, որոնք իրականացնելու ենք Հայաստանում, վերաբերելու են նաև Արցախին:

Այս օրերին Ռուսաստանի մի շարք համայնքներ Արցախին օժանդակելու տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս. դրամահավաքներ են կազմակերպվում, տարաբնույթ օգնություններ ուղարկում Արցախ և այդպես շարունակ: Առանձին դրամահավաք է կազմակերպել զոհվածների ընտանքիներին աջակցելու համար: Առաջնահերթությունն այդ ընտանիքներին պետք է տրվի:

Հեշտ է ասել, ինչու որևէ բան ձեռնարկել, եթե միևնույնն է՝ ոչինչ չի ստացվելու: Սակայն այդ կարծրատիպը կոտրվեց հենց Ապրիլյան պատերազմի օրերին, երբ Սփյուռքը համախմբվեց Հայաստանի և Արցախի շուրջ:

Ես նաև այցելելեցի Արցախ՝ տեսնելու, թե ինչ իրավիճակ է այնտեղ տիրում, որպեսզի համայնքում հետագա օժանդակությունները ավելի նպատակային լինեն: Տեղում պարզեցի, թե ինչ օգնություն է անհրաժեշտ փոխանցել Արցախին և հայ զինվորներին: Ասեմ, որ բոլորի մոտ մարտական ոգին պահպանվում է,  դա նկատվեց հատկապես երիտասարդների մոտ: Այցելությանս ընթացքում հասկացա, որ, իրոք, համախմբված ժողովուրդ ենք մենք»:

Գևորգ Չիչյան

Scroll Up