Սիրիահայ Նազարեթին հայկական գորգերը գերել են դեռ մանկուց

Մայիսի 19-ին «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվեց «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսը, որին մասնակցում են սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված և գործարարությամբ զբաղվող սիրիահայերի 70-ից ավելի ընկերություններ ու անհատ ձեռնարկատերեր:
«Հայերն այսօրի» անդրադարձը ցուցահանդեսին մասնակցող սիրիահայ գորգավաճառ Նազարեթ Արոյանի մասին է: Նա ծնվել է Հալեպում: Փոքր է եղել, երբ հայրը մահացել է: Ընտանիքի հոգսերը միայն մայրիկի ուսերին չթողնելու համար՝ 13 տարեկանից, դպրոց գնալուն զուգահեռ, սկսել է հորեղբոր մոտ աշխատել, որն այն ժամանակ Հալեպում ճանաչված գորգավաճառ է եղել: Ժամանակի ընթացքում պատանին շատ է կապվել աշխատանքին և որոշել է հմտանալ այս արհեստի մեջ: Շուրջ 30 տարի է, որ գորգերի վաճառքով է զբաղվում:
Նազարեթ Արոյանի անունն, իբրև գորգավաճառ, ճանաչված է եղել Հալեպում: Նրա խանութները գտնվել են Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցու մոտ և Sheraton հյուրանոցում:
Այժմ գորգավաճառ Արոյանը սրտի ցավով և խոր ափսոսանքով է խոսում այն մասին, որ խանութները ավերակի են վերածվել, իսկ գորգերն էլ մնացել են ավերակների տակ:
Սիրիական պատերազմի սկսվելուց հետո Նազարեթ Արոյանը, բախտակից սիրիահայերի պես լքելով հարազատ Հալեպը, տեղափոխվել է Լիբանան, հետո միայն հաստատվել Հայաստանում: Պարոն Արոյանի աներեր որոշումն է եղել Հայաստան գալը, և ինչպես նա է ասում, ցանկացել է վերջակետը Հայրենի հողի վրա դնել: Նա իր հետ Հայաստան է բերել ձեռքի տակ մնացած հայկական գորգերը, որոնք էլ նորից վաճառքի է հանել: Երբեք չի հաշվել գորգերի քանակը, սակայն խոսեց երկու գորգերի մասին, որոնք 100 տարվա պատմություն ունեն:
Նազարեթ Արոյանը միշտ Հայաստան է եկել: Հերթական այցելության ժամանակ հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և արծաթյա բուրվառ նվիրել: Իսկ Վեհափառն իր լուսանկարն է փոխանցել հիշողության համար: Այդ ժամանակ էլ Նազարեթ Արոյանի մոտ միտք է հղացել Վեհափառի պատկերագորգը պատրաստել և այն ծննդյան օրը նվիրել նրան: Անակնկալը ստացվել է:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նույնպես ցանկացել է գորգ նվիրել դեռևս նախագահի Հալեպ կատարած այցելության ժամանակ, սակայն չի ստացվել: Հիմա ուրախ է, որ հաջողեց իր մտադրությունն ի կատար ածել այս ցուցահանդեսի ժամանակ: Ցուցահանդեսին ներկա գտնվող նախագահին վերջապես նվիրել է եզակի՝ ընդամենը 3 նմուշ ունեցող Հայոց ջարդերի տեսարանը պատկերող գորգը: Նա այն կարծիքին է, որ գորգը Նախագահին նախախնամության շնորհիվ հենց Մայր Հայրենիքում պետք է նվիրեր:
Այժմ Նազարեթ Արոյանը գորգերը Վերնիսաժում է վաճառում: Ասում է՝ հիմնականում զբոսաշրջիկներն են գորգեր գնում, հայաստանցիները նույնպես հետաքրքրվում են, հարցուփորձ անում: Իսկ նմանօրինակ ցուցահանդեսներին սիրով է մասնակցում՝ հուսալով, որ նոր հաճախորդներ ձեռք կբերի: Միշտ հույսով է ապրում և գիտի՝ ամեն բան լավ է լինելու:
Գևորգ Չիչյան