Նոր հեռանկարներ` սիրիահայերի համար

Եթե հրավերը հայերեն չհնչեր ու չասվեր սիրիահայի առոգանությամբ` հրամեցեք, այստեղ պատահաբար հայտնվողին կթվա, որ սիրիական դուքանում է: Զաթարի ախորժաբեր բույրի հետևից գնաք` Անիի մոտ կհայտնվեք, Մեհրաբի գայթակղիչ համեմունքի հոտն առնեք` Սիլվայի բլիթների աշխարհում եք: Նրանք հիմա բոլորին են պատմում` գլխավոր այցելուն եկավ, համտեսեց, հավնեցավ: Ասաց` շատ համեղ է:
Սիլվայի հարևանությամբ աշխույժ քննարկում է: Կինը` Յոլանդը, արագ-արագ պատմում է, ամուսինը` Րաֆֆին, գլուխը բարձր լսում է: Իր կնոջ թխվածքն է ՀՀ Նախագահին դուր եկել: Ամուսինները բոլորին ցույց են տալիս, թե տեսակ-տեսակ քաղցրաբլիթներից որն ընտրեց Սերժ Սարգսյանը:
Դա պատմելուց հետո նրանց սկուտեղի վրա այդպիսի բլիթ` շոկոլադով-ֆսթխով, չմնաց: Թռցրեցին: Տիկին Յոլանդի աչքերում խորամանկ փայլ հայտնվեց` գիտեր, որ այդպես էլ կլինի: Ինչ տեղափոխվել են Հայաստան, 25 ցուցահանդեսի են մասնակցել: Ապրանքը գովազդելու կարիք չկա էլ` այնպիսի հարևաններ ունեն, որ իրենց մասին հիմա քաղաքն է խոսում: Ինչպես սիրիահայ ընտանիքին ընդունեցին, այնպես էլ բիզնեսին են աջակցում:
Մյուս հատվածում այլ աշխարհ է: Մի քանի տասնյակ գործարարներ ցույց են տալիս իրենց արտադրանքն ու արձանագրում` ով կպատկերացներ: Իրենց տարիների բիզնեսը Սիրիայում թողեցին, եկան, զրոյից սկսեցին: Որովհետև ցանկացան: 2-3 տարի առաջ Ջորջ Խայաթն ինքն էլ չէր պատկերացնի, որ մի օր հենց ինքն է այս խոսքն ասելու: Այլ երկրներ փախած սիրիացի ընկերների հետ կապը պահում է, ու հիմա չի էլ փորձում համեմատել` նրանք ինչ վիճակում են, ինքն ու Հայաստան եկած սիրահայերը` ինչ վիճակում: Զարգացած երկրները շատերի առաջ դռները փակեցին, իսկ իրենք փոքր Հայաստանում դառնում են տնտեսության զարգացման մասնիկ:
Ստանդարտ Սերվիսի կողքին էլ է դեժա վյու: Մեծ տառերով գրված է` Խնկիկյան էլեկտրոնիքս: Ինչպես 40 տարի շարունակ Սիրիայում: Աշխարհին իր էլեկտրոնային սարքերի արտադրությամբ հայտնի Շանթ Խնկիկյանը բիզնեսն ամբողջությամբ այստեղ է տեղափոխել: Թե առաջ գրում էր` «մեյդ ին Սիրիա», հիմա գրում է այսպես` «մեյդ ին Արմենիա» ու` դեպի Եվրոպա ու արաբական երկրներ:
Տեխնոլոգիական նորարարությամբ սարքավորումները զննող պաշտոնյաները հասցնում էին և յուրաքանչյուրի բիզնես-պատմությունը լսել, և հաճելիորեն զարմանալ` փաստորեն ստացվեց: Այս ամբողջ տարածքում այն է, ինչին իրենք այդքան ձգտում էին` սփյուռքահայերը ոչ միայն իրենց տեղը գտան հայրենիքում, այլ նաև մյուսներին են ապացուցում` հնարավոր է 0-ից սկսել, հիմնել փոքր բիզնես, հետո` խոշորանալու ճամփան հարթել:
Նախարարի ասածի ևս մեկ ապացույց` հենց այստեղ: Կարապետ Չոքարյանին շրջապատել են ավտոսիրողները ու նրա գյուտն են ուսումնասիրում: Հենց գյուտը: Սիրիահայն այն 15 տարի է փորձարկում ու հիմա այստեղ է այն առաջին անգամ ներկայացնում: Ջրով աշխատող սովորական թվացող սարքը վարորդների երազանքն է: Ով տեղադրի, վառելիքի ծախսը կիսով չափ կկրճատի: Դրա համար պետք է մեկ բան` ջուր: Գյուտի մասին առաջինը Սերժ Սարգսյանն իմացավ: Այն, ինչ լսեց Կարապետը, նրան ստիպում է հենց հիմա գնալ արտադրամաս ու գիշեր-ցերեկ արտադրել:
Գաբրիել Ջամբարջի-Նազար Ալոյան` ընկերական բանավեճը մի հարցի շուրջ է` ինչու բարերարը գործարարին 5 տարի առաջ թույլ չտվեց գորգ նվիրել Սերժ Սարգսյանին, երբ նա առաջին անգամ այցելել էր Հալեպի Շերատոն, որտեղ էլ գործում էր Նազար Ալոյանի գորգերի խանութը: Բանավեճն ավարտվեց 1:1 հաշվով` Ջամբարջին իր նպատակին հասավ` որ գորգը հայրենքիում հանձնվի նախագահին, գործարարն էլ արեց այն, ինչ այն ժամանակ չստացվեց: Սերժ Սարգսյանին նվիրեց բացառիկ գորգը` Ժանսեմի ստեղծագործության պատկերով:
Ինչքան տաղավար, այնքան պատմություն. այցելուները 70-ից ավելի տաղավարի մոտ էլ կանգ առան: Այնպես, որ Նախագահը մեկ ժամից ավելի մնաց սիրիահայերի հետ: Որ տաղավարին մոտեցավ, միևնույն գրությունը տեսավ` «Ոչ թուրքական ապրանքին»:
http://m.armeniatv.am/