Հերոս զինվոր Ադամի գերեզմանի հուզիչ նամակը՝ անծանոթից. «Երբ մեծանամ, տղա ունենամ, քո անունով եմ կնքելու»

Արցախի քառօրյա պատերազմում զոհված մեր 20-ամյա հերոսներից մեկի՝ սերժանտ Ադամ Սահակյանի գերեզմանի վրա խնամքով ծալված ու քարի տակ դրված մի թուղթ տեսանք՝ «Ծանոթ-անծանոթից՝ Ադամ Սահակյանին»:

Չնայած ուրիշի նամակները չեն կարդում, բայց հերոսին հասցեագրված նամակն ընթերցելու գայթակղությունը մեծ էր: Եռաբլուր այցելած մայրերը մեկը մյուսի հետեւից սկսեցին բացել այն, կարդալ ու մի կուշտ լացել: «Ադամ, հրեշտակ, իմ ու բոլորի երկնային պահապան, քո մեկ նկարով, անմեղ, բայց խորիմաստ հայացքով մխրճվեցիր բոլորի սրտի մեջ, խառնաշփոթ առաջացրեցիր բոլորի մոտ: Ծանոթ-անծանոթ սիրեցին քեզ, ոմանք՝ սիրահարվեցին: Դու մի պատվավոր հյուր էիր, որի ժամանակն ավարտվեց: Ինչպես ասում են՝ Աստված իր մոտ է տանում լավերին: Դու, հրեշտակ, այնքան լավն էիր, որ չեմ կարողանում մի վայրկյան անգամ մոռանալ քեզ, հանել սրտիցս, ուղեղիցս: Ամեն առավոտ արթնանալուց քեզ բարի լույս եմ ասում, բարի օր մաղթում… Ամեն քնելուց քեզ բարի գիշեր եմ մաղթում, խաղաղ քուն…

Քեզ երբեք ոչ ոք բացակա չի դնի, մենք վրեժ ունենք լուծելու, քո վրեժը, այդ վրեժը, որ ծանրացել է մեր մեջ եւ պահը հասունացրել, որ պոռթկանք ու սլանանք առաջ՝ ձեր համար, քո՛ համար: 2016 ապրիլ, ատում ենք քեզ: Դու մեզնից տարար Ադամին, մեր հրեշտակին»: Անծանոթ աղջիկը նամակի վերջում հերոսին խոստանում է՝ «Երբ մեծանամ տղա ունենամ, քո անունով եմ կնքելու նրան, պատմեմ քո հերոսության մասին, ցույց տամ քո նկարը եւ հպարտանամ, որ ես էլ ունեմ Ադամ, ես էլ ունեմ հրեշտակ ու ապագա հերոս: Երդվում եմ: Հանգչիր խաղաղությամբ»:

Adam_2 Adam_3

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 

Առավոտ

Scroll Up