The New York Times. Լեռնային Խծաբերդ փոքրիկ գյուղը կանչում է Լեռնային Ղարաբաղ

Լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը՝ 34-ամյա հայուհին, աշխարհի որ անկյունում էլ լինի՝ ամեն օր Skype-ով զրուցում է տատի հետ: Այդ կերպ նա կապ է պահում իր հայրենի գյուղի՝ Խծաբերդի հետ, որը տեղակայված է Հարավային Կովկասում՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում: Նրանք ամեն ինչի մասին են խոսում՝ սկսած նրանից, թե այդ օրը կովը որքան կաթ է տվել, մինչեւ գյուղում մի քանի դար առաջ ապրած ընտանիքի անդամների պատմությունները: Այս մասին ըստ News.am-ի՝ The New York Times-ում հրապարակված հոդվածում գրում է Ջեյմս Էսթրինը:

«Խծաբերդը գեղեցիկ հանգստավայր չէ: Այն փոքրիկ գյուղ է, ուր 40 ընտանիք է բնակվում, միմյանց շատ մոտ շարված հին տներով»,- պատմում է Անահիտը:

Ըստ հրապարակման, Խծաբերդի բնակիչներն էթնիկ հայեր են, ինչպես Լեռնային Ղարաբաղի բնակչության մեծ մասը: «1988 թվականին Լեռնային Ղարաբաղի հայերը քվեարկեցին Ադրբեջանի կազմից դուրս գալու օգտին: Եվ մահմեդական ադրբեջանցիների ու քրիստոնյա հայերի միջեւ պատերազմ սկսվեց: Մինչեւ 1994 թվականի հրադադարն ավելի քան 20 հազար մարդ սպանվեց, շուրջ մեկ միլիոնն էլ տեղահանվեց: Այդ ժամանակից ի վեր Լեռնային Ղարաբաղում անկախ կառավարություն հաստատվեց՝ Հայաստանի զգալի օժանդակությամբ»,- նշվում է հոդվածում:

Անահիտ Հայրապետյանը, շարունակում է հեղինակը, 1988 թվականի պատերազմի ժամանակ գյուղում է եղել: Բնակավայրի շատ տներ քանդվում են, գյուղի յոթ երիտասարդներ՝ զոհվում: «5 տարի շարունակ ոչ մի տեղ երաժշտություն չէր հնչում, նույնիսկ հարսանիքների ժամանակ: Ամեն շաբաթ ամբողջ գյուղը գերեզման էր գնում, եւ միայն կանացի լացի ձայն կարելի էր լսել»,- պատմում է Անահիտը:

Նա Խծաբերդն ու հարակից մի քանի գյուղերը սկսում է լուսանկարել 2006 թվականից: «Այնքան ցավ եւ կորուստ կա յուրաքանչյուր ընտանիքի պատմության մեջ»,- տխրությամբ նշում է նա: Տասնամյակներ անց էլ Անահիտը շարունակում է լուսանկարել եւ պատմություններ հավաքել այնտեղ:

Scroll Up