«Gariwo». Լեռնային Ղարաբաղի ճանաչումը միջազգային հանրության բարոյական պարտքն է

Իտալական “GARIWO” (Garden of Righteous people-Ազգի առաքյալների այգի) հասարակական կազմակերպության կայքում հրապարակված հոդվածում  անդրադարձ է կատարված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ անկախ պետականություն կերտելու իրավունքին:

Ըստ Panorama.am-ի` հոդվածի սկզբում հեղինակը նշում է, որ ինքը Հայաստան է ժամանել ապրիլյան պատերազմի վերջին օրերին և ժամանելուն պես ակտիվ շփումների մեջ է եղել բնակչության գրեթե բոլոր շերտերի հետ: Նկարագրելով իր զրուցակիցների հույզերն ու մտքերը՝ հեղինակը դիտարկում է անում, որ «ցնցված էր՝ տեսնելով մարդկանց մտահոգությունների ու հին ցավի խառնուրդ հիշեցնող վիճակը»՝ ընդհուպ մինչև Ցեղասպանության  հիշողությունները.

«Տեսանելի էր արյունոտ անցյալի ցավի ուրվականը. Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի ջարդերից մինչև 1915 թվական ու դրա մարդկային, բարոյական, քաղաքական կործանարար հետևանքները: Եվ այս ամենն ընդամենը ապրիլ 24-ից մի քանի օր առաջ էր»,- գրում է հեղինակը:

Շարունակելով Հայոց ցեղասպանության  ճանաչման հարցում Թուրքիայի քաղաքականության մասին՝ հեղինակը հարցադրում է անում, թե արդյոք կարող ենք մեր համոզվածությունը արտահայտել առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հայկական ինքնությունը ճանաչելը փոխհատուցում կլինի այն ողբերգական հետևանքներին, որ հայերը կրել են տարիներ առաջ ոչնչացման ենթարկվելով:

Այս առումով, հեղինակը մարդկությանը հիշեցնում է Իսրայելի ստեղծման պատմությունը՝ շեշտելով, որ հրեաների առաջ ունեցած բարոյական պարտավորությունները կատարելու համար մարդկությունը նրանց թույլ տվեց Իսրայել պետություն ստեղծել, ուստի, ըստ հեղինակի, այս մեխանիզմը կարող է գործել նաև Լեռնային Ղարաբաղի դեպքում:

«Երկու պատճառ կարող եմ նշել, թե ինչու պետք է հայերի պահանջները տեղ ունենան.
Առաջին՝ Ղարաբաղի հայությանը կամքը՝ չլինել Ադրբեջանի կազմում, պայմանավորված է Ադրբեջանում հայերի նկատմամբ հաստատված ազգայնական ատելությամբ լի քաղաքականությունից բխող վտանգներով: Սա վերաբերում է ազատ ինքնորոշման սկզբունքին, որն ի դեպ երբեք Ղարաբաղի հարցում չի մերժվել միջազգային հանրության կողմից: Հիմնական նպատակը այստեղ թույլ չտալն է, որ Ղարաբաղի հայերը արժանանան այն նույն ճակատագրին, ինչ տեղի ունեցավ Նախիջևանի հայերի հետ, երբ բռնությամբ ամբողջությամբ թողեցին իրենց հողերը: Եվ հետո՝ աշխարհը երկու անգամ՝ Կոսովոյի և Հարավային Սուդանի օրինակներով ընդունել է տարածքային ամբողջականության սկզբունքի խախտման անհրաժեշտությունը ելնելով այն հանգամանքից, որ այդ ժողովուրդները չէին կարող ապրել մարդասպան ու անհանդուրժող պետության կազմում: Ճիշտ այնպես, ինչպես արդբեջանցիները ժամանակին կազմակերպեցին հայերի ջարդերը: Հիմա էլ, դժբախտաբար շատ քչերն են կասկածում, որ եթե Ադրբեջանը հսկի Ղարաբաղը, այդ ատելությունը նոր հանցագործությունների տեղիք կտա:

Երկրորդ՝  Լեռնային Ղարաբաղը միակ տարածքային և մարդկային կորուստի փոխհատուցումը կլինի, որ միջազգային հանրությունը կարող է տալ հայերին՝ 1915 թվականին ու դրան հաջորդած դեպքերի հետ կապված: Միջազգային հանրությունը՝ սկսած Եվրոպական երկրներից պետք է հասկանա, որ հիմա ճիշտ ժամանակն  է՝ միջամտելու թեժ կետում՝ այս կերպ Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի միջոցով Թուրքիային հստակ ազդակ հղելով»,- գրում է հեղինակը:

Ամփոփելով, վերջինս շեշտում է, որ միայն այս կերպ և բանակցային գործընթացին աջակցելով միջազգային հանրությունը կարող է հասնել խնդրի լուծմանը:

Scroll Up