Վերնիսաժում սիրիահայերը մշտական տաղավարներ կունենան

«ՓՄՁ աջակցության ասոցիացիայի» և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ Վերնիսաժի շուկայում Հայաստան տեղափոխված սիրիահայերին 25 մշտական տեղ կհատկացվի: Այս մասին «Հայերն այսօրի» թղթակցին տեղեկացրեց «ՓՄՁ աջակցության ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանը:
«Մեր նպատակն էր սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերին աջակցություն տրամադրել՝ հնարավորություն տալով նրանց առանց խոչընդոտի ծավալել իրենց գործունեությունը և հիմա ուրախ եմ, որ մեկ տարվա բանակացություններից հետո քաղաքապետարանի հետ մեր համագործակցության առաջարկը հաջողությամբ պսակվեց»,-ասաց Հակոբ Ավագյանը և հավելեց, որ հետագայում նմանօրինակ նախաձեռնությունները շարունակական բնույթ են կրելու: