BBC-ի անդրադարձը վկայում է՝ Ադրբեջանին չի հաջողվում մոլորեցնել արևմտյան մամուլին

Մայիսի 3-ին առաջատար BBC հեռուստաընկերության էլեկտրոնային ռեսուրսում լույս տեսած «Լեռնային Ղարաբաղ. BBC-ին այցելել է ճակատի ադրբեջանական կողմ» հոդվածը  հերթական անգամ ցույց տվեց, որ որքան էլ Ադրբեջանի իշխանությունները փորձեն ուղղորդել միջազգային լրատվամիջոցներին իրենց ցանկություններին համահունչ, միևնույն է՝ հատկապես Արևմուտքից ժամանած լրագրողները հակված չեն աչք փակել ակնհայտ իրողությունների վրա և վերածվել քարոզչական գործիքների:

Այսպես՝ խնդրո առարկա հրապարակման հեղինակը իր նյութում ակնարկել է , որ  ապրիլյան 4 օրյա պատերազմի ավարտից միայն 20 օր հետո են Ադրբեջանի իշխանությունները թույլ տվել արևմտյան լրագրողներին այցելել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանային հատված՝ հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղ այցելելու և իրադարձությունները տեղից լուսաբանելու հնարավորություն ունեցել են ապրիլի սկզբին՝ բուն իրադարձությունների ընթացքում:

Այնուհետև լրագրողն ակնարկում է, որ Ադրբեջանում իշխանությունները սահմանափակել էին իրենց հնարավորությունները:

«Ադրբեջանի կառավարությունը մեզ և մի քանի այլ լրագրողների զգուշորեն կազմակերպված այցի շրջանակներում տարավ մի քանի գյուղեր և երկու հոսպիտալ»,- իր նյութում նշում է հեղինակն ու փաստում, որ ադրբեջանցիներից մեկը իր զոհված եղբոր նկարը ձեռքին սպասելիս է եղել, մինչև իրեն և մյուս լրագրողներին տեղափոխող ավտոբուսը կմոտենա նրանց:

Հարկ է նկատել, որ հեղինակն իր գրչով առոչինչ է դարձրել քարոզչական նպատակներով մեդիա-տուր կազմակերպած Ադրբեջանի իշխանությունների ջանքերը:

Նա հակամարտության առնչվող թե տերմինաբանության, թե քարոզչական թեզերի կիրառման հարցում դրևորել է անկողմնակալություն և իրավիճակը նկարագրել է օբյեկտիվ: Օրինակ՝ խուսափել է պնդելուց, թե հակամարտության կողմ է Հայաստանը, և չնայած ադրբեջանցի զրուցակիցների պնդումներին, ընգծել է, որ խոսքը Հայաստանի աջակցությունը վայելող Լեռնային Ղարաբաղի մասին է. «Հայաստանը հայտարարում է, որ անմիջական ներգրավվածություն չունի հակամարտության մեջ և որ վիճելի տարածք Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերն են պայքարում իրենց ինքնորոշման իրավունքի իրացման համար»:

Լրագրողի մի շարք այլ ձևակերպումներ ևս, ինչպես օրինակ «Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև ճակատային գիծ», «Ադրբեջանը հակամարտությունը շատ տարբեր է մեկնաբանում, բայց այդ հակամարտությունը ունի հին և բարդ պատմություն»,- նույնպես Ադրբեջանի միակողմանի պնդումները չեղարկելու խնդիր են հետապնդում:

Ամփոփելով պետք է արձանագրենք, որ արևմտյան լրատվամիջոցներն ու լրագրողները, չնայած որոշակի շահերին, հավատարիմ են իրենց դավանած արժեքներին: Սա իր հերթին վկայում է, որ Ադրբեջանի իշխանությունների հաշվարկները սխալ են բոլոր ուղղություններով, ինչի մասին վկայում են ոչ միայն ռազմական ու քաղաքական, այլև տեղեկատվական ոլորտում գործած սխալները:

Արմեն Մինասյան, քաղաքագետ

Panorama.am

Scroll Up