Forbes. Վերապրելով մահվան ժամը՝ հայերը ցույց տվեցին, թե ինչպես պետք է ապրել

Հայերը երազում էին իրենք օգնության ձեռք մեկնել դժբախտության մեջ հայտնված մարդկանց: Եվ հիմա՝ 101 տարի առաջ, կարող են դա անել: Այս մասին Forbes-ում հրապարակված հոդվածում գրել է Բրայան Ռաշիդը: Հոդվածում, մասնավորապես, նշված է.

«Մի անգամ սուպերմարկետում հարբած մի տղամարդ կոպտորեն հրեց մորս: Ես նետվեցի նրա վրա:

Այդ պահը՝ գարնանային մի երեկո Ֆլորիդայում, միակն էր, երբ իմ աչքի առջեւ ցավ պատճառեցին նրան, ում ես սիրում եմ:

101 տարի առաջ 1.5 մլն հայ սպանվեց: Մայրերին սպանում էին երեխաների աչքի առաջ, երեխաներին՝ մայրերի աչքի առաջ: Եթե 1915 թվականին դուք Հայաստանում լինեիք, ցեղասպանության զոհ կդառնայիք:

Վերջերս ես Երեւան ժամանեցի՝ ցեղասպանությունը նշելու: Հավանաբար մտածում եք, որ ես սխալվեցի: Ցեղասպանությունը չեն նշում: Սպասեք, հիմա կբացատրեք:

Ես միշտ սիրել եմ Ջորջ Քլունիին, նա իմ սիրելի դերասանն է: Բայց ես սիրում եմ նաեւ այն, թե նա ինչպես է օգտագործում իր ճանաչվածությունը, որպեսզի խոսի այն մասին, ինչի մասին մնացյալ աշխարհը նախընտրում է լռել: «Երբեմն դժվարանում եմ շնչել շրջապատում գտնվող տեսախցիկների պատճառով: Բայց հետո մտածում եմ. ինչո՞ւ այդ տեսախցիկները չուղղել այնպիսի հարցերի քննարկմանը, որոնք որեւէ ուշադրության չեն արժանանում լրատվամիջոցների կողմից: Հարցեր, որոնք շատ ավելի կարեւոր են, քան այն, թե ես ինչ կոստյում էի հագել կարմիր գորգին»,- մի անգամ հայտարարեց Քլունին: Նման դիրքորոշումն արժանի է հարգանքի:

«Ավրորա» մրցանակաբաշխությունը երեք հիմնադիր ունի. նույնքան վառ, որքան Քլունին է: Վարդան Գրեգորյանը Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահն է: 2004 թվականին նա Ազատության նախագահական շքանշան է ստացել: Նուբար Աֆեյանը Flagship Ventures վենչուրային ընկերության տնօրենն է: Գործարարի եւ վենչուրային ներդրողի կարիերայի 25 տարիների ընթացքում նա շուրջ 30 հաջողակ ձեռնարկություններ է հիմնել եւ օգնել զարգանալ: Ռուբեն Վարդանյանը հայտնի գործարար եւ բարերար է: Նախկինում նա գլխավորում էր «Տրոյկա Դիալոգ»-ը՝ Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի խոշորագույն ներդրումային բանկերից մեկը: Նա մի շարք նախաձեռնություններով է հանդես եկել Հայաստանի զարգացման համար, այդ թվում՝ Դիլիջանում համաշխարհային դասի UWC քոլեջի ստեղծումը:

Մրցանակաբաշխության հիմնադիրները նաեւ այլ միջոցառումներ անցկացրեցին՝ Aurora Dialogues-ը, աշխարհի ամենասուր մարդասիրական խնդիրների, այդ թվում՝ փախստականների ճգնաժամի շուրջ իրենց առաջին ամենամյա Մարդասիրական ինդեքսի արդյունքների մասին բարձր մակարդակով մի շարք քննարկումներ:

Թոմ Կատենան Սուդանի Նուբիական լեռներում 750 հազար մարդու մասին հոգ տանող միակ բժիշկն է: Սաիդա Ղուլամ Ֆաթիման Պակիստանում տասնյակ հազարավոր մարդկանց է ազատագրել աշխատանքային ստրկությունից: Հայր Բեռնար Կինվին Կենտրոնաաֆրիկյան հանրապետության Բոսեմպտելում հոգ է տանում ագրեսորների հարձակումների զոհերի եւ հենց ագրեսորների մասին: Նրանք բոլորն էլ պարգեւներ ստացան:

Գլխավոր մրցանակը հանձնեցին հոգի եւ ուրախություն ճառագող մի կնոջ: Նրա անունն է Մարգարիտ Բարանկիտցե: Նա հազարավոր մարդկանց է փրկել, Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հոգ տարել որբերի եւ փախստականների մասին: Երբ սկսվել է պատերազմը, տուտսի Բարանկիտցեն փորձել է թաքցնել իր մերձավոր 72 հարեւաններին՝ հուտու էթնիկ խմբից, նրանց հետապնդումներից փրկելու համար: Նրանց գտել եւ սպանել են Բարանկիտցեի աչքի առաջ: Այդ ամենը տեսնելուց հետո նա սկսել է փրկել եւ հոգ տանել երեխաների եւ փախստականների մասին: Նա շուրջ 30 հազար երեխայի է փրկել, իսկ 2008 թվականին հիվանդանոց է բացել, որն արդեն օգնություն է ցուցաբերել շուրջ 80 հազար մարդու:

«100 տարի շարունակ մենք ցանկացել ենք նման մի բան անել, բայց չէինք կարող: Մենք կապեր, ուժ, ճանաչում չունենք: Բայց այսօր մենք դա արեցինք: Իսկ երբ մեծ փոփոխություններ ես ուզում, դրան հասիր փոքր քայլերով»,- ասում է Վարդան Գրեգորյանը: Նրա աչքերում հպարտություն է շողում:

Եվս մեկ բան. երբ հային հարցնում եք՝ «Ինչպե՞ս եք», նա պատասխանում է. «Լավ, շնորհակալություն: Իսկ Դո՞ւք»:

Նրանք ինձ մշտապես հարցնում էին. «Կարո՞ղ եմ ինչ-որ բան անել Ձեզ համար»:

Ես պատասխանում էի. «Շնորհակալություն, Դուք ինձ համար արդեն բավականաչափ բան եք արել»:

Բայց երբեմն նրանց չէի ասում այն, ինչ մտածում էի. «Չեք կարող պատկերացնել, թե ինչ եք արել ինձ համար: Վերապրելով մահվան ժամը՝ դուք ինձ ցույց տվեցիք, թե ինչպես պետք է ապրել: Ինչպե՞ս երախտագիտություն հայտնեմ ձեզ դրա համար»:

Scroll Up