Բակո Սահակյանը՝ Ստեփանակերտը ռմբակոծելու Ադրբեջանի ՊՆ հայտարարության մասին

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ընդունել էին Ստեփանակերտը ռմբակոծելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարի արած հայտարարությունը եւ պատրաստվել նման զարգացման դեպքում հակահարված տալու:

Այս մասին Արցախի Հանրային Հեռուստատեսությանը  եւ «Մեդիատոն» ընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Ընդունել ենք այդ հայտարարությունը եւ անհապաղ պատրաստվել ենք նման զարգացման: Կասկածի առնել նրանց նպատակները, կնշանակի մենք շարունակում ենք մնալ մոլորված վիճակում: Դպրոցում սպանված մեր երեխան, մեր գլխատված տղաների մարմինննրը, իրենց բնակարանում գնդակահարված մեր 90-ամյա ծնողները եւ մյուս վայրագությունները փաստում են, որ նրանք հերթական անգամ գալիս էին գլխատելու մեզ բոլորիս, հոշոտելու  մեր նախնիների գերեզմանները, բռնաբարելու մեր կանանց եւ քույրերին: Հետեւաբար գտնում եմ, որ մենք պարտավոր ենք համարժեք որակումներ տալ նրանց գործողություններին, մեր հետագա բոլոր միջոցառումները իրականացնել այդ դաժան ճշմարտությունից ելնելով»,- ասել է Բակո Սահակյանը:

Բակո Սահակյանը նշել է, որ դրանից հետո ինքը հրաման է տվել կրակային դիրքեր դուրս բերել մեր զենիթահրթիռային համակարգերը, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, հրթիռային համակարգերը, այդ թվում հեռահար նշանակության հրթիռային համակարգերը:

«Եթե Ադրբեջանը նման քայլի դիմեր, անհապաղ կրակ էինք բացելու, եւ այդ պատասխանը նման զարգացման դեպքում կլիներ համարժեք»,- ասել է նա:

Scroll Up