Ադրբեջանի հանցագործությունները կներկայացվեն միջազգային հանրությանը

Հայաստանի եւ ԼՂՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

«Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների իրականացման հետևանքով մարդկության դեմ կատարած հանցագործությունների վերաբերյալ 2016 թվականի ապրիլի 2-5-ը, կոպտորեն խախտելով 1994թ. մայիսին ստորագրված զինադադարի մասին եռակողմ համաձայնագիրը (Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ), Ադրբեջանը բացահայտ ոտնահարել է միջազգային իրավունքի նորմերը՝ պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ:

Հարձակման հիմնական թիրախ է դարձել սահամանամերձ եւ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությունը: Ադրբեջանական բանակն իր զինանոցում գտնվող բազմաթիվ զինատեսակներից («ՄՄ-21» (Գրադ) եւ համազարկային կրակի «Սմերչ» ռեակտիվ համակարգ, ամենատարբեր տրամաչափի հրետանային միջոցներ (այդ թվում՝ 152մմ հրանոթներ), ծանր հրետանային «ՏՈՍ-1» համակարգ, ՄԻ-24 գրոհային ուղղաթիռներ, տանկեր ու այլ կարգի զրահատեխնիկա, գրոհային անօդաչու թռչող սարքեր) հրթիռա-հրետակոծման է ենթարկել ԼՂՀ մի շարք բնակավայրեր, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ, կանայք և ծերեր:

Անվտանգության խնդիրներից ելնելով տարհանվել են Թալիշ, Մատաղիս, Մարտակերտ բնակավայրերի խաղաղ բնակիչները: Ադրբեջանական բանակի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ կատարված վայրագությունների ու անմարդկային բռնարարքների ապացույցները բազմաթիվ են: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ադրբեջանական բանակի կազմում ներգրավված են եղել վարձկան ահաբեկիչներ:

Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան խաղաղության և մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն է: Ադրբեջանական ագրեսիայից Արցախի խաղաղ բնակչությանը պաշտպանելու հարվածն այդ նույն օրերին իր վրա է վերցրել ԼՂՀ Պաշտպանության բանակը, որն իր տրամադրության տակ գտնվող անհրաժեշտ միջոցներով կասեցրել է հակառակորդի ռազմական լայնածավալ հարձակումը՝ արժանապատվորեն կատարելով սեփական ժողովրդի անվտանգության երաշխավորի իր դերը:

ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները հայտարարում են, որ վճռական են տրամադրված վերոնշյալ բոլոր հանցագործությունները, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներն ուսումնասիրելու և դրանց արդյունքներն, ընդունված կարգով, միջազգային հանրությանը ներկայացնելու համար»,- Հայերն այսօրի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ։

Scroll Up