«Մենք պետք է ճշմարտության տարածողները լինենք. ԱՄՆ-ի Արևելյան Հայոց Թեմի առաջնորդ

Ամերիկահայ համայնքը, ոտքի կանգնած, մտահոգ է Արցախի և համայն հայության համար: Ամերիկահայերի հայացքն այս օրերին դեպի Արցախ է ուղղված»,- «Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ի Արևելյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և հավելեց, որ հայերն ԱՄՆ-ում հաստատած կապերն օգտագործում են՝ բողոքի կոչ հնչեցնելու և Ադրբեջանից զինադադարի հաստատում պահանջելու համար: Բոլորի ցանկությունը մեկն է՝ զինադադարը հնարավորինս շուտ կնքել:
Այս ուղղությամբ արդեն ապրիլի 4-ին Նյու Յորքում Հայ դատի շրջանային հանձնախմբի նախաձեռնությամբ բողոքի ցույց է անցկացվել: Ցույցի մասնակիցները Ադրբեջանի նախահարձակ գործողությունները դատապարտող պաստառներով դուրս են եկել փողոց՝ այդպիսով իրենց բողոքի ձայնը բարձրացնելով ԼՂՀ –ի պաշտպանության համար:
Սրբազան Հայրը տեղեկացրեց, որ Թեմի ծխական համայնքներին համախմբվածության կոչեր են ուղարկել և աշխատանքներ սկսել համայնքային տարբեր կառույցների հետ:
Պատրաստվում են նաև «Խղճի ազատություն» միջեկեղեցական կազմակերպության շրջանակում բողոքի կոչ հնչեցնել, որի կազմում են Կաթոլիկ, Կովկասի և Արևելյան եկեղեցիների հոգևոր պետերը:
Հետևելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ արցախահայությանն ու Հայոց բանակին զորավիգ լինելու կոչին՝ դրամահավաք են կազմակերպել: Մարդասիրական օգնության կոչի արձագանքները չեն ուշացել, որին տարբեր անհատներ են միացել:
Թեմի առաջնորդը, անդրադառնալով ամերիկյան լրատվամիջոցների հրապարակումներին, տեղեկացրեց, որ մամուլը ներկայացնում է Հայաստանի և Ադրբեջանի տեսակետները: Հայաստանին անդրադառնալով նշվում է, որ նորից սկսվել է անցյալի պայքարը: Ընդհանուր առմամբ Արցախյան խնդրի պատմական պատկերն են լուսաբանում և նշում, որ 1994 թվականից հետո նման ուժգնությամբ ռազմական գործողություններ Ադրբեջանի կողմից չէր հրահրվել:
«Պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համաձայնության գան, իրադարձություններին ճշմարտության աչքերով նայեն և հասկանան, որ Հայաստանը պատրաստ է համագործակցության: Իսկ մենք պետք է այդ ճշմարտությունը տարածողները լինենք, որպեսզի մեր շրջապատում հստակ պատկերացում կազմեն և իրականությունը չաղավաղեն: Յուրաքանչյուր հայ իր բնակության երկրում պետք է ճնշում գործադրի և պահանջի ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության սանձահարումը»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում իր խոսքը եզրափակեց Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Հավելենք, որ առաջիկա կիրակի օրը՝ ապրիլի 10-ին, Նյու Յորքի առաջնորդանիստ Սուրբ Վարդան հայկական եկեղեցում պատարագի ավարտից հետո հոգեհանգստյան կարգ է տեղի ունենալու՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինվորների և խաղաղ բնակչության հոգիների հանգստության համար: