Նիդերլանդների ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական Միությունը զորավիգ է պայքարին

Նիդերլանդների ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական Միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը: Անցած օրերին Ալիևի վարչակազմը դավադրորեն, արդեն ո՞րերորդ անգամ խախտելով կնքած հրադարարի պայմանագիրը՝ զենքի բոլոր տեսակներով իրականում վերսկսել է պատերազմը:

Մեծ թվով մարդկային զոհեր, հսկայական ավերածություններ, ահ և սարսափի տարածման փորձեր… Ալիևի այս արկածախնդրության հիմնական պատճառներից է նաև միջազգային հանրության սխալ քաղաքականությունը՝ շարունակաբար ո՛չ առարկայաբար վերաբերվելով հակամարտող կողմերի գործողություններին. այսպես ամեն անգամ խուսափում են անվանել իրական պատերազմ հրահրողին և երկու կողմերին զսպվածություն դրսևորելու կոչեր են ուղղում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սահմանադրորեն նվաճել է իր ազատությունը և երբեք այն այլևս չի զիջի: Ադրբեջանի ժողովուրդը պետք է վերջապես գիտակցի, որ ո՛չ բռնությամբ և ո՛չ էլ պատմության կեղծումով չի կարող Ղարաբաղի ժողովրդի կամքը կոտրել:

Հարատև խաղաղության միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքի ճանաչումն է: Այլ ճանապարհ այս հակամարտության լուծման համար գոյություն չունի: Նիդերլանդների ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական Միությունը զորավիգ է իր հայրենակիցների պայքարին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատմական Հայաստանի անքակտելի մասն է և ուրեմն ողջ աշխարհասփյուռ հայության հայրենիքն է: Մենք սատարելու ենք մեր հայրենակիցներին բոլոր միջոցներով: Նիդերլանդների կառավարությունից պահանջում ենք դատապարտել Ադրբեջանի իշխանությունների հանցագործ քաղաքականությունը՝ իրերն իրենց անուններով անվանելով: Խորագույն թյուրիմացության մեջ է Նիդերլանդների կառավարությունը, եթե մտածում է, որ իրականությունը չասելով և Ադրբեջանին սիրաշահելով՝ կարող է դրական ներդրում ապահովել այս հարցում: Միայն հստակորեն դատապարտելով և խստագույնս հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական լուծում չունի, Նիդերլանդների կառավարությունը կարող է իրական նպաստ ունենալ այս խնդրի լուծման մեջ:

Նիդերլանդների ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական Միություն Հ․Յ․Դ․ «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական Միություն Նիդերլանդների ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական Միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը

Scroll Up