Մոսկվայի «Հայորդյաց տան» սաները ծանոթացան AGBU վիրտուալ քոլեջին

Մարտի 28-ին ՀԱԵ Ռուսաստանի  Նոր Նախիջևանի թեմական «Տապան» թանգարանում Մոսկվայի «Հայորդյաց տան» սաները հանդիպեցին Հայկական բարեգործական ընդհանուր միության/ՀԲԸՄ AGBU/ վիրտուալ քոլեջի/AVC/ հիմնադիր-նախագահ Երվանդ Զորյանի և Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի հետ։ Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից:

Երվանդ Զորյանը ներկայացրեց ՀԲԸՄ վիրտուալ քոլեջը և դրա ուսումնական առանձնահատկությունները․ «Քոլեջի ծրագիրը պատրաստված է 7 լեզվով։ Ներկայումս ունենք 5200՝ 14-83 տարեկան սան, որոնց 74 տոկոսը հայերեն է սովորում։ Այս տարի ևս, ինչպես քոլեջի սաները, այնպես էլ աշխարհասփյուռ հայ երիտասարդները կարող են մասնակցել ՀԲԸՄ-ն և Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամի համատեղ՝ Հայաստանում իրականացվելիք հայրենաճանաչության, փորձի փոխանակման մի շարք ծրագրերի, բանակումների, որոնց կարող է մասնակցել ցանկացած ոք՝ մինչև մայիսի 16-ն այցելելով, գրանցվելով և հետևելով AGBU AVC-ի կայքում հրապարակված նորություններին»։

Սմբատ Լպուտյանը հանդիպման ժամանակ անդրադարձավ AVC-ում ներդրված շախմատային դասընթացներին՝ նշելով, որ շախմատին տիրապետելը մանուկ հասակից երեխային ճիշտ հաղթել և արդար պարտության դեպքում չընկճվել է սովորեցնում․ «Պատկերացնում եք, 7-8 տարեկան երեխան սովորում է մտովի շախմատային խնդիրներ լուծել, ճիշտ որոշումներ կայացնել և իրավիճակը ճիշտ գնահատել։ Առանց չափազանցնելու եմ ասում, հայերը շախմատ խաղալիս ստանդարտ չեն մտածում և միշտ օրիգինալ լուծումներ են գտնում։ Հայկական վիրտուալ քոլեջի դասընթացների շրջանակներում հնարավոր է սովորել շախմատ խաղալ, որը ոչ ստանդարտ մտածողության և երկու ուժեղ «մարտիկի» խաղ է»։

«Հայորդյաց տան» տնօրեն Հմայակ Գևորգյանը հանդիպման համար շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ վստահեցնելով, որ աշխարհի տարբեր ծայրերից հայ երիտասարդներիմիջև Հայաստանում կազմակերպվող հանդիպումները միմիայն գովեստի և խրախուսանքի են արժանի, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ոչ միայն ծանոթանալ, շփվել հայազգի հասակակիցների հետ, այլև նորացնել, ամբողջացնել Հայաստանի մասին ունեցած գիտելիքները։

«Տապան» թանգարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանը, ով միաժամանակ Երվանդ Զորյանի խոսքը ռուսերեն էր թարգմանում, հանդիպման ավարտին AVC-ի տնօրենին ներկայացրեց թանգարանը, պատմեց ցուցանմուշներից և թանգարանի գործունեությունից։

Scroll Up