ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը ԻԻՀ Մեջլիսի նորընտիր պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանին

ԻԻՀ ՄԵՋԼԻՍԻ ՍՊԱՀԱՆԻ ԵՎ

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՊԱՐՈՆ ԺՈՐԺԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Աբրահամյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանական ընտրություններում Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր ընտրվելու առթիվ:

Վստահ եմ, որ Ձեր փորձառության և անմնացորդ ջանքերի շնորհիվ դարավոր փորձություններ հաղթահարած Հայաստան-Իրան բազմադարյա բարեկամական սերտ հարաբերությունները կթևակոխեն զարգացման և ամրապնդման նոր փուլ, իսկ Ձեր տարիների փորձը, գիտելիքները և ազգային շահերին անմնացորդ նվիրվածությունը կծառայեն համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման վեհ գործին:

Իրավամբ անգնահատելի է Ձեր ավանդն ու նվիրումն իրանահայության՝ որպես կրոնական փոքրամասնության, շահերի և իրավունքների պաշտպանության գործում, ինչի վկայությունն են Ձեր կողմից առաջ քաշված և կյանքի կոչված այդքան կարևոր օրենսդրական նախաձեռնությունները: Ձեր արգասաբեր գործունեության և ազգային շահերին նվիրվածության վառ վկայությունն է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, վեհափառ Արամ Ա-ի կողմից «Կիլիկիո ասպետ» շքանշանին արժանանալը: Վստա´հ եղեք, որ Մայր հայրենիքը հպարտ է Ձեզ նման զավակ և առավել ևս` քաղաքական ու համայնքային գործիչ ունենալու համար:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ուժ, եռանդ և կամքի զորություն` շարունակելու Ձեր ազգանվեր, բեղուն գործունեությունը՝ ի նպաստ հայապահպանության և Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդման, ի շահ և ի բարօրություն իրանահայ ժողովրդի, Իրանի հայ համայնքի բարգավաճման և հզորացման, ինչպես նաև՝ երկու հնագույն, եղբայրական ժողովուրդների դարավոր, բարեկամության սերտացման և հարատևման:

Մեկ անգամ ևս ընդունեք ջերմ շնորհավորանքներս՝ Իրանի մեջլիսի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ և հաջողության բարեմաղթանքներս՝ հայանպաստ առաքելության գործում և Ձեր բոլոր նախաձեռնություններում՝ հանուն Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետագա ամրապնդման: Վստահ եմ, որ Ձեր օրինաստեղծ գործունեությամբ կնպաստեք ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև՝ բարեկամ Իրանի առաջընթացին:

  Հարգանքով`

  ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Scroll Up