Հայրենյաց սիրով ու կարոտով տոգորուն հանդեսը` հայապահպան մի օջախ

Ուկրաինայի հայերի միության «Հայկական լրատու» տեղեկատվական-վերլուծական հանդեսը 7  տարեկան է: Թեև դպրոցի 1-ին դասարանի երեխայի տարիքի է, սակայն «հասունացել» է, կարծես, հեքիաթի հերոսի նման: Ինչպե՞ս է ծնվել ու հասակ առել արդեն 70  էջանոց՝  ուկրաինահայերիս կողմից անչափ սիրված ու պահանջված հանդեսը: Այս հարցերի շուրջ ծավալվեց իմ զրույցը գլխավոր խմբագիր Մեդեա Աթյանի հետ:

 -Հարգարժան տիկի’ն Աթյան, ոչ միայն ինձ, համոզված եմ՝ ընթերցողներից շատերին է հետաքրքրում՝  ինչպե՞ս  են աշխարհ գալիս նրա լուսավոր էջերը։ Մեզ միայն հայտնի է, որ լրագիրը ծնունդ  է առել Կիևում և արդեն 7 տարի է, ինչ հրատարակվում է Օդեսայում: Կպատմե՞ք  նրա «Ոդիսականի» մասին:

   -Այո, շատերին է հետաքրքրում այդ հարցը, ուստի կաշխատեմ քիչ մանրամասնել: Թերթի անդրանիկ համարը լույս է տեսել 2006 թվականին Կիևում` նոր կազմավորված Ուկրաինայի հայերի միության ջանքերով և կոչվում էր «Արմյանսկի վեստնիկ»: Ամիսը մեկ անգամ հրատարակվող թերթ էր՝  ռուսերեն, ուկրաիներեն լեզուներով, քիչ քանակությամբ տեղեկատվություններ զետեղվում էին նաև հայերենով  և ուներ պաշտոնական գրանցում: Որոշ իրավիճակների և հանգամանքների պատճառով 2009թ. թերթը տեղափոխվեց Օդեսա, և Արտեմ Կարաջյանին ու ինձ հրավիրեցին աշխատելու: Դեռևս այն ժամանակ հայագետ, հայ գրողների թարգմանիչ ուկրաինացի Ալեքսանդր Բոժկոն ասում էր.«Կարծում եմ, որ հայերի համար ու նրանց մասին պատմող թերթում պետք է, որ գերակշռող լինեն հայերեն լեզվով  նյութերը»:

«Արմյանսկի վեստնիկ» թերթը որոշ ժամանակ անց վերափոխեցինք: Իր ձևաչափերով և վերանվանումով դարձավ 4050 էջանոց «Հայկական լրատու» գունավոր ու շքեղ հանդես, որը արտաքին գեղեցկության հետ միաժամանակ հնարավորություն ստեղծեց ավելի ծավալուն և բովանդակալից  հոդվածներ զետեղել: Այժմ այն եռալեզու, առավելագույնս  հայերեն  նյութերով հագեցված լրատվամիջոց է:

– Դուք պրոֆեսիոնա՞լ  լրագրողներ եք:

Երևանում ապրած տարիներին, ԵրՊԻ-ն ավարտելուց անմիջապես հետո աշխատել եմ ուսանողական թերթի խմբագիր, բուհերում ՀՄՖ գծով դասավանդել եմ ժուռնալիստիկա, մշտապես արտահաստիքային թղթակից եմ եղել ՀՀ թերթերի, ռադիոյի: Սակայն  մասնագիտական աշխատանքս երկարատև ընդհատվեց ընտանիքով Օդեսա տեղափոխվելու և ապրելու պատճառով: Ես և ամուսինս առավել կարևորեցինք որդիներիս կայանալու խնդիրը: Նրանք ունեն բարձրագույն կրթություն և մի քանի մասնագիտություններ:Երկար տարիներ, դեռևս Երևանում, Արտեմ Կարաջյանը և ես լրագրողների միջազգային կազմակերության, հետագայում նաև՝ Ուկրաինայի լրագրողների միության անդամներ ենք:

 – «ՀԼ»-ի գլխավոր կոորդինատորը ձեր որդին է՝  Արտեմ Կարաջյանը։ Շատերի կարծիքը արտահայտած կլինեմ, եթե ասեմ՝  հանդեսի միջոցով բարձր մակարդակով եք իրականացնում  ձեր հայրենասիրական, ես կասեի՝ աստվածահաճո առաքելությունը։

Մայրական ու որդիական ջերմ սիրո հուզականությունն ինչպե՞ս է անդրադառնում  ընդհանուր հասարակական Ձեր գործունեությանը, չի՞ թուլացնում  արդյոք  իրականության ռեալ գնահատումը։

Մենք տանն ենք մայր և որդի, աշխատանքային պրոցեսում գործընկերներ ենք, ընդ որում, նա երիտասարդ ղեկավար է, իրատես ու կազամակերպիչ նաև մի շարք այլ աշխատանքներում, բայց տարբեր անհատականություններ ենք: Որպես մայր՝ ես միշտ երազել եմ, որ մեր՝ ծնողներիս մեջ եղած լավագույն հատկանիշները թե´ գենետիկորեն, թե´ դաստիարակության առումով մեր որդիներին` Արտակին և Արտեմին փոխանցվեն տասնապատիկ շատ: Աստծո կամոք այդպես էլ եղել է:

 Եվ այդ հարաբերություններն էլ ավելի են նպաստում մարդասիրական, համերաշխ հասարակական գործունեություն ծավալելուն: Թեև, չեմ թաքցնում, որոշ դեպքերում իմ ռոմանտիկան «խանգարում» է նրանց իրատեսությանը:

Ձեր աշխատանքը բազմաբնույթ է ու լայնածավալ : Լսել ենք, որ Ձեր մասին ասում են. «երկու հոգով տասը հոգու գործ են անում», սակայն Դուք նման եք այն հմուտ ռեժիսորներին, որոնց գործունեությունը անհնար կլիներ ներկայացնել հանրությանը, առանց մշակույթի այլ գործիչների մասնակցության։ Ովքե՞ր են նրանք։

-Սիրելի Նարինե, ճիշտ է, հանրության այդ կարծիքը կա, բայց չմոռանանք  ժողովրդական իմաստուն առածները. «Մի ձեռքը ծափ չի տալիս», «Մի ծաղկով էլ գարուն չի գալիս»: Մենք ունենք աջակիցների, համախոհների, աշխատակազմի, հաստիքային ու արտահաստիքային  թղթակիցների, ինչու չէ, նաև ընթերցողների հսկայական բանակ: Սկսենք թեկուզ մեր աջակիցներից՝ Օդեսայի հայերի միության պատվարժան նախագահ Սամվել Տիգրանյան`գործարարների հայրենասիրական  ջանքերը համախմբող իր «զորքով» հանդերձ,  Ուկրաինայի հայերի միության հարգված նախագահ Վիլեն Շատվորյան` հեռատես ու հայանպաստ իր մեծ ձեռարկումներով ու ջանքերով, 27 հայկական համայնքները ղեկավարող նախագահների ու նրանց բազմազան ու բազմաբնույթ միջոցառումները մեկնաբանող արտահաստիքային թղթակիցներ, սպորտային մեկնաբաններ: Նրանց անունները պարբերաբար իրենց գործերով, հոդվածներով  երևում են «Լրատու»-ի էջերում:

Իսկ մեր խմբագրակա՞զմը. թեև  հիմնականում Կիևում են, սակայն միշտ համագործակցում ենք և նրանց անունները մշտապես կարող եք կարդալ մեր անվան հետ` հանդեսի վերջին էջում: Ապա արտահաստիքային մեր թղթակիցները`մեր Մայր հայրենիքի, նաև եվրոպական մի շարք երկրների սփյուռքահայ գաղթօջախների: Եվ այսպես` յուրաքանչյուրը տալիս է իր հոգու, մտքի արգասիքը, որ հայրենյաց սիրով ու կարոտով տոգորուն հանդեսը լինի հայապահպան մի օջախ։

Ձեր հարցի պատասխանը սկսեցի ժողովրդական առածներով, ուստի, մեկն էլ ավելացնեմ. «Մեջք-մեջքի տանք` սարեր շուռ կտանք»:

 -Մեզ հայտնի է, որ 2012 թ. Եվրախորհրդարանում կայացավ «Հայկական լրատու»-ի շնորհանդեսը: Ինչպե՞ս անցավ այն:

 -Անտարակույս, դա հույժ կարևոր և հաճելի իրադարձություն էր ոչ միայն հանդեսի տարեգրության մեջ, այլև սփյուռքահայության կյանքում  ընդհանրապես։ Շնորհանդեսը կայացավ «Արմենիկա» պատմաճարտարապետական ծրագրի շրջանակներում, որը կոչված էր՝  աշխարհասփյուռ հայ ժողովրդի պատմական ուրույն նկարագրի և ազգային ինքնության բացահայտմանը, դրանց պատշաճ կերպով ներկայացմանը։ Ծրագրի հեղինակ և ռեժիսոր Արտեմ Կարաջյանը ներկայացրեց «Եվրոպայի հայ ժառանգությունը» փաստագրական ֆիլմը։ Միջոցառմանը ներկա էին Հայ բարեգործական ընդհանուր միության ղեկավարներ, եվրակոմիսարներ, Եվրախորհրդի պատգամավորներ, հետևաբար, իր մեջ ներառում էր նաև պաշտոնական ու գործնական զանազան հանդիպումներ, սակայն ընդհանուր ուղղվածությամբ այն, անտարակույս, մշակութային էր և հնարավորություն ընձեռեց եվրոպացիներին մոտիկից հաղորդակցվելու բիբլիական լեռան փեշերին ապրող հինավուրց մի ժողովրդի հարուստ ու ազնվական մշակույթին, ծանոթանալու և ուսումնասիրելու քրիստոնեության ակունքներից սերված մեր մշակույթն ու գրականությունը,  դարերի պատմություն ունեցող ճարտարապետությունը` իր դասական փայլով ու նորօրյա դրսևորումներով, նաև` ճիշտ արժևորելու։ Եվ եղան դրական արձագանքներ։ Մասնակիցները  բարձր գնահատեցին «Հայկական լրատու»-ի դերը այդ հարցերում, ինչպես նաև ժողովուրդների միջև բարեկամական կապերի հաստատման գործում։

-Ի՞նչ կասիք ՀԲԸՄ-ի մասին, քանի որ 2012 թ Ուկրաինան ընդունվեց ու դարձավ 27-րդ երկիրը այդ կառույցի մեջ, և այդ մասին լայնորեն լուսաբանվեց «Հայկական լրատու»-ի էջերում: 

-Հայ բարեգործական ընդհանուր միությունը աշխարհաշեն գործերի նվիրյալ-նվիրատուների, մարդասիրական բազում ծրագրեր իրականացնող կառույց է, ուր ընդգրկված են աշխարհի քսանվեց երկրներ: Ուկրաինայում ապրող մոտ կես միլիոն հայերի 27 կազմակերպված համայնքները համախմբող հայերի միությունը` Վիլեն Շատվորյանի նախագահությամբ, երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներն ու էնտուզիաստ կազմակերպիչները` երկու տարուց ավելի է, ինչ խանդավառված էին Հայ բարեգործական ընդհանուր միության ազգանպաստ, հայրենասիրական գործունեությամբ: Նրանց օրինակով ու բարեգործական ձգտումներով մեր երիտասարդները ցանկացան ուկրաինահայ նվիրյալների, գործարարների ջանքերն ու նվիրատվությունները վստահաբար ուղղորդել 100-ամյա ՀԲԸՄ կառույցի` այդ մեծ մարդասիրական ընտանիքի մեջ, ի շահ` Սփյուռք- Հայաստան-Արցախ եռամիասնության, համահայկական հարցերի լուծման և համագործակցության: Ահա և  2012թ.Երևանում ՀԲԸՄ համաժողովում հանդիսավոր կերպով Ուկրաինան ընդունվեց ու դարձավ 27-րդ երկիրը այդ կառույցի մեջ: Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը և համաժողովի մասնակիցները ջերմորեն ողջունեցին և շնորհավորեցին Ուկրաինայի էնտուզիաստ ներկայացուցիչներ Տիգրան Ավագյանին և Արտեմ Կարաջյանին: Իսկ այնուհետ` ՀԲԸՄ ներկայացուցիչների այցը կայացավ Կիևում և Օդեսայում:

 -Գիտենք, որ հաճախակի եք լինում Հայրենիքում։ Իսկ ինչպե՞ս է Ձեր լրատվամիջոցի կապը ՀՀ սփյուռքի  նախարարության հետ:

-Սփյուռքի նախարարությունը սիրագորով ծնողի նման մշտապես հետևում է սփյուռքահայության կյանքում կատարվող իրադարձություններին և առանձնահատուկ վերաբերմունք ունի մշակույթի նվիրյալ գործիչների, գրականության և լեզվի պահպանման առաքյալների գործունեության նկատմամբ։  «Սփյուռքահայ լրատվամիջոցը ոչ միայն տեղեկատվություն է, այլև հայապահպանության քարոզիչ, Հայրենիք-Սփյուռք կապերը ամրապնդող հուսալի կամուրջ»,- այսպես է միշտ բնութագրում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սփյուռքահայ մամլո դերը։

 Մենք լիովին համամիտ ենք տիկին նախարարի հայրենաշունչ ու հայրենանվեր այդ տեսակետների հետ, ուստի այդ նշանաբանով և մեր հոգու թելադրանքով էլ ձգտում ենք առաջնորդվել ու աշխատել: Սփյուռքի նախարարության հրավերով մասնակցել ենք լրագրողների միջազգային 5-րդ և 6-րդ համաժողովներին և հանդես եկել ելույթներով. Արցախում`«Ուկրաինայի նորօրյա սփյուռքահայերը և լեզվի ուծացման հարցերը», Աղավնաձորում` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ «Հրաշքով փրկվածների` նրանց սերունդների կյանքը լուսաբանելու խնդիրները» թեմաներով ( ի դեպ, իմ այդ ելույթը հետագայում ծնունդ տվեց իմ նոր գիրք-ընտրանու լույս աշխարհ գալուն`«Հրաշքով փրկվածների տաղանդավոր ծլարձակումները»՝  նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին):

 Իսկ  ինչ վերաբերվում է գնահատանքին՝ թեև մեր սկզբունքն է գնահատանքի համար չաշխատել, բայց մշտապես արժանացել ենք Սփյուռքի նախարարության ուշադրությանն ու խրախուսանքներին` դիպլոմների, պատվոգրերի, շնորհակալագրերի, պատեհ առիթներով շնորհավորանքների: Առանձնահատուկ ուզում եմ նշել, որ պարգևատրվել ենք «Մայրենիի դեսպան» շքանշանով, որը մեր խմբագրակազմին, բոլոր մեր հաստիքային ու արտահաստիքային աշխատողներին շատ ու շատ է ոգևորել:

Ի՞նչ է Ձեզ համար լրագիրը, և արդյո՞ք կարողանում եք նրա միջոցով արտահայտել ձեր ներաշխարհը։

– Լրագիրը իմ կյանքի նպատակն է դարձել։ Դժվարություններ կան, բայց ես ապրում եմ այդպես և հոգեկան մեծ բավականություն ստանում։  Գիտեք, այնքան նվիրվածություն կա, որ հոգևոր արժեք է ձեռք բերում, հասցնում է կատարելության։ Այն հոգևոր բարիք է ու երանություն, այն ինձ համար աղոթք է ամոքիչ ու hոգու հանգիստ, թեպետ բուն աշխատանքային պրոցեսը հանգիստ ընթացք չունի և անդուլ ջանքեր է պահանջում:

 Դեռևս Մեծն Վարպետ Ավետիք Իսահակյանն ասել է.

-Սիրտս երկինք է` ամեն արարած

 Աստղ ունի այնտեղ, գահ ունի այնտեղ։

 Ես կասեի պոետի նման` իմ սրտում էլ մարդ-արարածն է, առավելապես դաժան ու անարդար աշխարհի տարբեր ծիրերում սփռված հայ մարդը՝ դարերից եկած, դարերի փորձությունների միջով անցած, նաև նորօրյա հայը՝ իր մտածելակերպով, ապրումներով, հույզերով ու երազանքներով։ Այնպես որ, կարծում եմ՝ «Աստվածային հուրը» որ Աստծո կամոք տրվում է սովորաբար աշխարհի պոետներին ու գրողներին` երևի մի «կայծ» էլ ինձ`լրագրողիս է բաժին հասել: Այդ միջոցով կարողանում եմ և’ իմ ներաշխարհը արտահայտել, և՛ ազգին ծառայելու գաղափարը արտացոլել  ու… հաճախ էլ չեմ հասկանում՝ ի՞նչ է հոգնածությունը: Աքիլլեսը հողից` ես չգիտեմ որտեղի՞ց եմ նորից զարմանալի ուժ առնում… Իսկ երբ զգում եմ, որ ինչ-որ խոսքով,գործով օգտակար եմ դառնում մարդկանց` դա ինձ բավականություն է պատճառում:

   -Արտեմ Կարաջյանը և Դուք լրագրողների միջազգային միության անդամներ եք, վաստակաշատ ու վաստակավոր լրագրողներ. որպես լրատվական աշխարհի  բանիմաց, փորձառու մասնագետ՝  ի՞նչ խորհուրդ կտայիք  սկսնակներին։

-Մհեր Մկրտչյանին հարց են տալիս. «Եթե դերասան չդառնայիք` ի՞նչ մասնագիտություն կընտրեիք»: Պատասխանում է. «Մսագործ կլինեի, հողագործ, որ իմ արած գործի չափ սիրեի»:

 Իրական է ու իմաստուն, պետք է արած գործդ սիրես: Չկա լավ կամ վատ աշխատանք, կա` լավ և վատ աշխատող կամ մասնագետ:

  -Չեք սահմանափակվում առօրյա գործունեությամբ, որին զուգահեռ  գրքեր եք հրատարակում:  Ցանկալի  է  իմանալ՝  ի՞նչ գրքեր են դրանք:

-Դրանք այս տարիների ընթացքում «Հայկական լրատու» բազմաէջանոց հանդեսում տպագրված ակնարկաշարերի, հոդվածաշարերի, եգիպտական, ճամփորդական նոթերի ընտրանի-գրքեր են, որոնք ունեն թեմատիկ ուղղվածություն`«Մեր խաչը», «Մեր պարտքը», «Մեր հավատքը» խորագրերով: Գտնում եմ, որ պատասխանատու գործ է սերունդների համար մնայուն արժեքներ ստեղծելն ու թողնելը, երբեմն ինձ թվում է դրանք կարող է հետագայում դառնան այսօրերի աշխարհասփյուռ հայ ազգիս հարատևման անկորնչելի վկայություններ, գուցեև պատմական հավաստագրեր ու մղեն ազգովի ավելի զգոն ու խնամքով վերաբերմունք ցուցաբերելու այն արժեքների հանդեպ, որոնց հանրագումարն է իմ ստեղծագործական ու մի քիչ էլ՝ ռոմանտիկ աշխարհը։ Ես կասեի՝ յուրաքանչյուրի հոգու պարտքն է ընթերցել, իմանալ, նաև տարածել, քանզի, որտեղ էլ որ ապրենք, նույնն են մեր ծագումն ու լեզուն, նույնն են նպատակները, նույնն է հողը մեր հայրենի։

Որպես մեր զրույցի ամփոփում՝  ի՞նչ կասեիք  Ձեր առաջիկա ծրագրերի մասին

 – Առաջիկա ծրագրերի մասի՞ն… մտքերս հերթագրված են, բայց այն թող լինի անակնկալ:

  –Աստված պահապա’ն Ձեր բոլոր ծրագրերին։                              

Եթե դեմ չեք, ուզում եմ, որ այստեղ տպագրվի Օդեսայի տիկնանց միության անդամ, իսկ այժմ  իր  ընտանիքով Մոսկվայում բնակվող նվիրյալ հայ մայրիկ, հայ տատիկ Սուսաննա  Դավթյանի  բանաստեղծությունը՝ նվիրված   Ձեր  որդուն՝ Արտեմ  Կարաջյանին  եվ  Ձեզ:

Հայ խոսքն ու բառը թևերին առել՝

Օտար ափերում մեծ լույս են վառել.

Դարձել հայ մտքի մունետիկ դեսպան,

Որ միշտ բոցկլտա կրակը մեր տան:

Դաստիարակում  են մի քանի սերունդ,

Հայ խոսքի հողում գցում ոսկե հունդ:

Պանդխտությունն էր ի վերուստ տրված,

Սակայն մեծ գործեր են ուսերին առած:

Խոնարհվում եմ Ձեր Մեծության առաջ,

Հպարտ եմ, որ  դարձա Ձեզ ճանաչ:

Նվիրյալ որդիք  Հայոց աշխարհի,

Թող Ձեզ ուղեկցի միշտ լավն ու բարին:

Միանում եմ այս գողտրիկ բանաստեղծության սրտառուչ տողերին և մեր բազմահազար ընթերցողների անունից  ասում Ձեզ՝ «Շնորհակալությո’ւն, որ Դուք կաք, շնորհակալությու’ն հայապահպան Ձեր բազմաբնույթ գործունեության համար: Մարդասիրության, հատկապես հայի հանդեպ տածած սիրով ու նվիրումով՝ամենքին օրինակ եք ծառայում, հայ լինելու հպարտության ոգով տոգորում:

  Տիկի՛ն Աթյան, ցանկանում ենք  Ձեզ և Ձեր ստեղծագործական կոլեկտիվին   հայրենասիրական նորանոր մտահղացումներ, քաջառողջություն, երջանկություն  Ձեզ և  Ձեր բազմանդամ հայկական գեղեցիկ ընտանիքին:

Նո՜ր ուժ ու կորով: Բարի՜ն ընդ Ձեզ։

Թո՛ղ անխափան շարունակվի  «Լրատու»-ի երթը, բերի աշխարհասփյուռ հայությանը միայն լավ ու բարի լուրեր։ 

Հարցազրույցը  վարեց` ՆԱՐԻՆԵ  ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

 «Վերնատուն» համայնքաթերթի թղթակից, ք. Օդեսա

Աթյան1

Scroll Up