«Շախմատի Դևիդ Բեքհեմը». CNN-ը՝ Լևոն Արոնյանի մասին

Երբ Լևոն Արոնյանը քայլում է իր հարազատ Հայաստանի փողոցներում, բոլորը նրան ժպտում են, ստիպում, որ ռեստորանում չվճարի, ծնողներն իրենց երեխաներին նրա անվամբ  են կոչում: Ըստ Panorama.am-ի՝ հայ շախմատիստ Լևոն Արոնյանի մասին գրել է  CNN-ը: 

Լրատվամիջոցը գրում է՝ Արոնյանը դերասան, ակտիվիստ կամ էլ աստղագետ չէ: Նա շախմատիստ է, աշխարհում լավագույն չորրորդը: Դա նշանակում է, որ փոքրիկ, հետխորհրդային երկրում նա ևս ազգային հերոս է:

«Երբ առաջին անգամ իմ հարսնացուն ժամանեց Հայաստան, մենք կանգնեցինք մի բենզալցակայանի մոտ: Նրանք ասացին. «Մենք չենք պատրաստվում ձեզանից գումար վերցնել»,-լրատվամիջոցին պատմել է օտար մամուլի կողմից «Հայաստանի Դևիդ Բեքհեմ» անունը ստացած 33-ամյա Արոնյանը:

«Հարսնացուիս համար դա շոկային բան էր, բայց դա պատահում է ամեն անգամ»,-ասել է նա:

Հայաստանում շախմատն ընդգրկված է պարտադիր ուսուցման  ենթակա դպրոցական առարկաների թվում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ Շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Ունենալով երեք միլիոն բնակչություն, Հայաստանն ամենամեծ թվով  շախմատային գրոսմայստերներ ունեցող երկրների թվում է: Վերջին հինգ օլիմպիադաների ընթացքում  հայաստանյան թիմը, որը գլխավորում է  ազգային կուռք համարվող Արոնյանը, հաղթել է երեք անգամ:

«Շախմատը նման է մյուս սպորտաձևերին, բայց փոքրիկ վանդակում դու ստիպված ես հասկանալ, ինչպես է աշխատում քո ուղեղը, ինչպես է հոսում արյունը»,-ասել է Արոնյանը:

Նշվում է, որ Արոնյանը  կառավարության կողմից ստանում է սիմվոլիկ գումար՝ ամսական 120 դոլար, սա մյուս երկրների համեմատ շատ փոքր թիվ է: Բայց շախմատի նկատմամբ իրական սերը տեսնելու համար պետք է շրջել Հայաստանի փողոցներում:

«Դուք կտեսնեք, որ մարդիկ շախմատ խաղում են սրճարաններում, այգիներում, ընտանեկան հավաքույթներում»,-ասել է պրոֆեսոր Արամ Հաջյանը, որ Շախմատի ակադեմիայի համահիմնադիրներից է:

Լրատվամիջոցը գրում է, որ Հայաստանում շախմատի նախահայրը Տիգրան Պետրոսյանն է, ով 1960-ականներին շախմատի աշխարհի չեմպիոն էր, և շախմատի նկատմամբ ժամանակակից սիրո համար նա է «մեղավոր»:


Scroll Up