«Կոմիտաս» ձայնասկավառակ՝նոր շունչ և միջազգային հանրայնացում հայկական երաժշտությանը…
Յուրաքանչյուր մշակույթ ունի ապագա, եթե ապրում և անընդհատ շնչում է,և ունի միջազգային հետաքրքրություն, եթե համամարդկային արժեքէ: Հայկական երաժշտությունը խորունկ է և համամարդկային, և կարող է հանդիսանալ հինավուրց քաղաքակրթությունների ընկալման կարևոր բանալիներից մեկը:
Վերջերս հայության համար կարևոր իրադարձություններից մեկն է աշխարհի ամենահեղինակավոր ընկերություններից մեկի՝Գերմանական ECMrecords-ի կողմից հրատարակված «Կոմիտաս» ձայնասկավառակը՝ իր 30 էջանոց բազմաբովանդակ տեղեկատվությամբ և լուսանկարներով: Ձայնասկավառակի տեքստը գրվել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և Լևոն Իսկենյանի կողմից:
Ձայնասկավառակը հրաշալի հնարավորություն և առիթ է Կոմիտասի երաժշտությունը Արևմուտքում բացահայտելու և տարածելու համար: Այն կարող է լինել ամբողջ հայության համար հայ երաժշտությանը գիտակից ծանոթացումն ու երիտասարդ սերնդին հպարտությամբ դաստիարակելու հիմքերից մեկը:
Սա մինչև օրս միջազգային ամենամեծ ու լայն անդրադարձներից մեկն է Կոմիտասի երաժշտությանը: Հարկ է նշել, որ ECMrecords-ը, լինելով աշխարհում շատ հայտնի և մեծ հեղինակություն ունեցող ընկերություն, օգտագործում է աշխարհով մեկ ունեցած իր բոլոր լծակները` նպաստելով իր հրատարակած ծրագրերի ճանաչելիությանը: Այն նաև ապահովում է զանգվածային լրատվամիջոցների ու երաժշտական փառատոների անդրադարձը:
Ձայնասկավառակի մեջ տեղ են գտել Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարածքներում գրի առնված և, մի քանի հազար տարվա ընթացքում ստեղծված հայկական խմբապարերի երաժշտությունները, ինչպես օրինակ՝«Կարնո հետ ու առաջը», «Կարնո շորորը», «Մշո շորորը», Կանացի մենապարերը, Մանկական նվագները, օրորոցային, ժողովրդական և հոգևոր երգերի կատարումներ: Բոլոր ստեղծագործությունները գործիքավորվել են հայկական նվագարաններով՝դուդուկ, փող, թառ, դափ, քամանչա, թմբուկ, զուռնա, բուրվառ, զանգ և այլն:
Կոմիտասի ստեղծագործությունների գործիքավորումները կատարել է համույթի գեղարվեստական ղեկավար Լևոն Իսկենյանը`որպես գործերի սկզբնաղբյուր օգտագործելով այն ժողովրդական նվագարանները, որոնց մասին որպես կատարողական ոճ և սկզբնաղբյուր յուրաքանչյուր ստեղծագործության վրա նշել է Կոմիտասը`թառ, դուդուկ, փող, դափ, թմբուկ, զուռնա և այլն:
Շատ կարճ ժամանակահատվածում ձայնասկավառակը արժանացել է միջազգային՝այդ թվում եվրոպական, ամերիկյան, ճապոնական լրատվամիջոցների բարձր գնահատականին` բնութագրվելով հետևյալ կերպ. «Համույթը նոր շունչ է տալիս հայկական երաժշտությանը, որը հավաքագրվելէ 20-րդ դարաշրջանի սկզբում, սա երաժշտական հնագիտական և վերականգնման աշխատանք է»:
Անգլիական “Songlines magazine”-ի կողմից ձայնասկավառակը դասվել է 2015 թվականի տասը լավագույն ձայնասկավառակների շարքում:
Այն արդեն հասանելի է աշխարհի գրեթե բոլոր երկրների ձայնասկավառակների վաճառակետերում, ինչպես նաև առցանց վաճառակետերում:
ECM 2451
Komitas -The Gurdjieff Ensemble- levon Eskenian
Կարճամետրաժ տեսահոլովակ «Կոմիտաս»ձայնասկավառակի մասին.
Կարճամետրաժ ֆիլմ ծրագրի մասին.
«Գուրջիև» համույթը միջազգային համբավ ունեցող հայկական ամենահայտնի համույթներից մեկնէ, որը հիմնադրվել է 2008 թվականին Լևոն Իսկենյանի կողմից՝ նպատակ ունենալով ներկայացնել հայկական ավանդական երաժշտությունը և հայ մեծանուն փիլիսոփա, երաժիշտ Գ.Ի. Գյուրջիևի և մեծնԿոմիտասի ստեղծագործություններն ու գործիքավորումները: համույթի կազմում Հայաստանի առաջատար երաժիշտներ են:
Գերմանական հայտնի ECM ձայնագրման ընկերությունը թողարկել է նաև «Գուրջիև» համույթի առաջին ձայնասկավառակը՝«Music of Georges I .Gurdjieff» , որը 2012 թ.-ին Նիդերլանդներում արժանացել է հեղինակավոր Edison մրցանակին, Հայաստանի ազգային երաժշտական մրցանակին, ինչպես նաև խոշոր ռադիոկայանների կողմից ընտրվել է որպես շաբաթվա լավագույն ձայնասկավառակ (ABC ռադիոկայանն Ավտրալիայում, WQXR-ը` ԱՄՆ-ում):
«Գուրջիև» համույթը համերգներով շրջագայել և ելույթներ է ունեցել մի շարք հայտնի սրահներում և միջազգային փառատոններում, եղել է Լիբանանում, Գերմանիայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Իտալիայում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, Բելգիայում, Պորտուգալիայում, Հոլանդիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Ավստրալիայում և Հայաստանում:
Համույթը նպատակադրվել էԿոմիտասի ծրագրով շարունակել իր համերգային շրջագայությունները աշխարհի տարբեր երկրներում, համերգային սրահներում և ուսումնական հաստատություններում:
Նշենք , որ ECM records ընկերությունը պատրաստվում է հրապարակել նաեւ Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները Լուսինե Գրիգրոյանի կատարմամբ 2016 թվականին: