Բնակարանի և աշխատանքի հարցը շարունակում է խնդիր մնալ սիրիահայերի համար. Հրանուշ Հակոբյան

Դեկտեմբերի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստը:

Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2015 թվականին կատարված աշխատանքների մասին զեկուցեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Զեկուցողը նշեց, որ այս պահին Հայաստանում է գտնվում շուրջ 17000 սիրիահայ, 2012-2015թթ. ՀՀ քաղաքացիություն է ստացել 12.000 սիրիահայ, 1650 սիրիահայ ստացել է կացության կարգավիճակ: Աշխատանքի տեղավորման խնդրով նախարարություն է դիմել 2200 սիրիահայ: Տնտեսական գործունեություն ծավալելու համար ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ֆինանսավորվել է 85 սիրիահայ: Աշխատանքի տեղավորման հարցով նախարարությունը համագործակցել է 200 պետական և հասարակակական կազմակերպությունների ու անհատների հետ: 500-ից ավելի սիրիահայ աշխատանքի է տեղավորվել փոքր բիզնեսում կայացած սիրիահայ գործարարների մոտ: Այս պահին 1000-ից ավելի սիրիահայ ընտանիք բնակվարձ է ստանում բարեգործական տարբեր կազմակերպություններից: 2015թ. նախարարության իրավաբանական վարչության կողմից  500 սիրիահայի ցուցաբերվել է իրավաբանական աջակցություն: Վերջիններիս նմանատիպ աջակցություն է ցուցաբերել փաստաբանների միությունը: Տարվա ընթացքում ծավալուն աշխատանք է իրականացվել առողջապահության ոլորտում:

Ծավալվեց լուրջ քննարկում սիրիահայերի հիմնախնդիրների շուրջ: ՀԲԸՄ-ի Հայաստանի ներկայացուցիչ Հովիկ Յորդեկյանը նշեց, որ սիրիահայ ուսանողների կրթաթոշակների տրամադրման հարցում, ՀՀ կառավարության կողմից հատկացված գումարներից զատ, ֆինանսական աջակցություն են տրամադրել ՀԲԸՄ-ն և Գալուստ Գյուլպենկյան հիմնադրամը (յուրաքանչյուրը 145 000 ԱՄՆ դոլար)՝ լրացուցիչ ֆինանսավորելով ևս 2 տասնյակ ուսանողների կրթավճարները:

Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ներկայացված գերատեսչությունները պատասխանատվությամբ են վերաբերվել իրենց իրավասությանն առնչվող հարցերին: Նախարարը խորին շնորհակալություն հայտնեց բոլոր գերատեսչություններին, բարեգործական, հասարակական կազմակերպություններին, հոգևոր կառույցներին՝ բարեխիղճ աշխատանքի համար: Նախարարը նշեց, որ բնակարանի և աշխատանքի հարցը շարունակում է մնալ պրոբլեմային, ինչը պետք է հաղթահարել միավորված ջանքերով: Նա կարևորեց աջակցության կարիք ունեցող սիրիահայերի հանդեպ մշտական զգոնությունն ու հոգատարությունը:

Հանձնաժողովը հաստատեց 2016թ. աշխատանքային ծրագիրը:

2 3

Scroll Up