Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսն է

WBO վարկածով սուպեր միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, թե ով է լինելու իր հաջորդ մրցակիցը, գրում է Tert.am-ը:

«Մարտին կմենամարտեմ մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի հետ: Նա շատ ուժեղ բռնցքամարտիկ է, կարիերայում ոչ մի պարտություն չի կրել և գլխավորում է իմ քաշային կարգի վարկանիշային աղյուսակը:

Դեռևս չեմ տրամադրվել մենամարտին: Այժմ ես հանգստանում եմ և կենտրոնացած եմ ազատ ժամանակս լրացնելու վրա: Երբ վերսկսեմ մարզումներս, կդիտեմ մրցակցի մենամարտերը և կվերլուծեմ դրանք:

Առհասարակ շատ բարդ է տարվա մեջ 8-9 ամիս լինել հավաքների գործընթացում, ապրել ու սնվել հյուրանոցներում: Իսկապես շատ եմ կարոտում տանը հանգստանալը, հեռուստացույց դիտելը, ուստի ներկայում պետք է լրացնեմ դա:

Մինչև պայմանագրիս ավարտը (ևս 2 տարի) կմենամարտեմ, ապա կթողնեմ մեծ բռնցքամարտը: Այդժամ կնվիրվեմ հանգստին, իսկական կյանքին (ժպտում է)»:

Scroll Up