Էդման Այվազյան.«Նկարելն ինձ համար ապրելու պահանջ է»
Վերջերս Հայաստանի ազգային պատկերասրահում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի համատեղ ջանքերով կազմակերպվել էր լոնդոնաբնակ նկարիչ Էդման Այվազյանի «Հայրենիքի գույները» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այսևայլ թեմաների շուրջ «Հայերն այսօրը» զրուցել է արվեստագետի հետ:
Էդման Այվազյանը ծնվել է Թեհրանում: 1939-1948 թվականներին սովորել է Թեհրանի Թամադոն միջնակարգ դպրոցում, 1964-1966 թվականներին՝ Հռոմի գեղարվեստի ակադեմիայում:
1948 թվականին մասնակցել է պատանի նկարիչների ցուցահանդեսին և մրցանակ ստացել: 1958 թվականին Իրանի կողմից ընտրվել է Վենետիկի Բիենալեի մասնակից և արժանացել Արվեստի և մշակույթի նախարարության առաջին մրցանակին: 1960-1974 թվականներին աշխատել է ճարտարապետության բնագավառում: Ստեղծել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու տաճարի պատկերները:
1973 թվականին տեղափոխվել է Լոնդոն: 1980 թվականին գծագրել է Աբդուլազիզ թագավորի անվան օդանավակայանի Մեծ մզկիթի ինտերիերը` Ռիադը:
Էդման Այվազյանն անդրադարձել է «Սասունցի Դավիթ» էպոսին,նկարազարդել է Հովհաննես Թումանյանի երկերը, ստեղծել է դիմանկարներ, ծովանկարներ: Նրա ստեղծագործությունները գտնվում են տարբեր եկեղեցիներում, թանգարաններում՝ Լազար պատկերասրահ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:Թեև վաղուց արդեն ապրում և ստեղծագործում է Անգլիայում, սակայն շարունակում է իրանահայ արվեստագետ մնալ:
Խոսելով նկարչական գործունեության մասին՝ Էդման Այվազյանը հետևյալն ասաց.
«Նկարելն ինձ համար ապրելու պահանջ է և կյանքի ընթացք:Սկսել եմ նկարել 13 տարեկանից:Դասաժամերից փախնում էի և գալիս տուն՝ նկարելու: Հիշում եմ, որ նկարչությունից գերազանց գնահատականներ էի ստանում, որից շատ էի ոգևորվում: Հիմա էլ, առավոտ կանուխ արթնանալով, շտապում եմ արվեստանոց: Եթե ինձ տանից չզանգահարեն ու չկանչեն ճաշելու, ապա ամբողջ օրն առանց դադարի կնկարեմ, սիրում եմ դուռը փակել և միայնակ ստեղծագործել»,-ասաց գեղանկարիչը:
Վարպետի գերդաստանում նկարիչներ չեն եղել, որոնցից կժառանգեր նկարելու տաղանդը, ինքնուս է: Պարսկաստանում այդ ժամանակ մասնագիտական դպրոցներ չեն գործել, որտեղ հաճախելով կհմտանար նկարչության մեջ:Հայրը մեքենավար էր, իսկ մայրը գյուղատնտեսական աշխատանքներով էր զբաղվում:
Ցուցահանդեսը, որը կրում է «Հայրենիքի գույները» խորագիրը, կազմակերպվել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի համատեղ ջանքերով: Այն ներկայացնում է նկարչի վերջին 10-15 տարիներին ստեղծած բնանկարները, ինչպես նաև ճարտարապետական և դիզայներական նախագծերը: Էդման Այվազյանը հայաստանյան արվեստասերներին ներկայանում էր երկրորդ անգամ: Առաջին անգամ ստեղծագործությունները ցուցադրվել է 1987 թվականին՝ Հայաստանի նկարիչների միությունում:
Նա պատկերում է դիմանկարներ, բնանկարներ, կենցաղային սյուժեներով աշխատանքներ:Նկարչի ստեղծագործությունները պահպանվում են տարբեր մասնավոր հավաքածուներում, թանգարաններում և հանրային նշանակության վայրերում: Հատկանշական են Վենետիկի Սուրբ Ղազար կղզին, Հայաստանի ազգային պատկերասրահը, Ռիադի ազգային թանգարանը և այլն: Բացի ցուցահանդեսում ներկայացվող «Հայրենիքի գույները» պատկերաշարից, նա հատուկ ուշադրություն է դարձրել նաև այլ ժանրերի, սակայն ամենից հատկանշականը հայկական գյուղերին նվիրված կտավներն են: Հայրենիքին նվիրված թեմաներից վրձնել է եկեղեցական սյուժեներով կտավներ՝ վանքեր, խաչքարեր, հայ կնոջ դիմագծեր և Տիրամոր պատկերը՝ ընդհանուր առմամբ 42 աշխատանք:
Էդման Այվազյանը չի սիրում խոսել նախկինում պատկերած կտավներից, անգամ դրանց թիվը հստակ չգիտի.«Հայաստանից մի աղջիկ էր ինձ հյուր եկել, և երբ արվեստանոց մտավ, որոշեց հաշվել բոլոր տարիների կտավները:Երևակայեցեք՝ հազարն անցնելով հոգնեց և գլխապտույտից այլևս չշարունակեց հաշվելը»,-ժպիտով պատմեց նկարիչը:
Պարզ դարձավ, որ նա պատանի հասակում ներշնչված է եղել Հայաստանի արվեստագետներով, որոնք էլ իրեն ստեղծագործելու, նոր հորիզոններ նվաճելու խթան են հանդիսացել: Նկարիչը 1977 թվականին Լոնդոնում բախտ է ունեցել ծանոթանալու Արամ Խաչատրյանի հետ և պատկերելու նրա դիմանկարը: Այն այժմ գտնվում է Երևանի Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում:
էդման Այվազյանը տասներկու տարի Լոնդոնի հայ նկարիչների միության անդամ է եղել: Հաստատվելով Լոնդոնում՝ գործընկերների հետ փորձել է ստեղծել Լոնդոնի հայ նկարիչների միությունը, իսկ կապը հայ համայնքի հետ երբեք չի կտրել: Հիմա սրտի ցավով է խոսում համայնքի մասին, փաստում է, որ այն լճացել է և երբեմնի ակտիվ կյանքով չի ապրում: Իսկ երբ Հայաստանից սկսնակ նկարիչներ են գալիս Լոնդոն, նրանց ամեն կերպ սատարում է. ուղեկցում է արվեստանոց, ծանոթացնում իր աշխատանքներին և մասնագիտական խորհուրդներ տալիս:
«Հայրենիքի գույները» ցուցադրության ժամանակ հայ արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար՝ Էդման Այվազյանը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով, որի տպավություններով զրույցի վերջում կիսվեց նկարիչը.«Անակնկալ էր ինձ համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից մեդալով պարգևատրվելը: Ճիշտ է՝ ուսումնասիրել եմ Արշիլ Գորկու կյանքն ու ստեղծագործությունները, նույնիսկ նրա քրոջ հետ մտերիմ եմ եղել, բայց, որ նման ուշադրության կարժանանայի, բնավ, մտքովս չէր անցնում: Հիմա կնոջս կատակով ասում եմ, որ ինձ հետ հետայսու զգույշ խոսի, քանի որ «Արշիլ Գորկի» մեդալ եմ ստացել»:
Գևորգ Չիչյան