Հայուհու պատրաստած հագուստները կրում են արքայազն Ուիլյամը, Միշել Պլատինին և այլք

Wnews.am-ը ներկայացնում է աշխարհահռչակ հայուհիներին։ Այս անգամ հերթը Վերոնիկ Նիշանյանինն է։
Վերոնիկ Նիշանյանը աշխարհահռչակ ֆրանսիական Hermés ապրանքանիշի տղամարդկանց հավաքածուի կոմերցիոն տնօրենն է։ Նա աշխարհի այն քիչ կանանցից է, ով ստեղծում է տղամարդկանց համար հագուստ։
Վերոնիկը ծնվել է 1954թ. Փարիզում։ Հաջողությունների է հասել դեռեւս երիտասարդ տարիքում, երբ սովորում էր Parisienne Ecole de la Chambre Syndicale de la Couture անունով Փարիզի դիզայներական դպրոցում։
Բարձրագույն կրթություն ստանալուց հետո նա աշխատանքի ընդունվեց Cerruti-ում, իսկ 1988 թվականից սկսած աշխատում է Hermés-ում։ Նորաձեւության գիտակների կողմից բարձր գնահատականների ու գովեստների արժանացած Վերոնիկ Նիշանյանը 2009 թ. սկսեց աշխատել ապրանքանիշի տղամարդկանց հագուստի վրա։
Նրան նշանակեցին տղամարդկանց հավաքածուի կրեատիվ տնօրեն։
Վերոնիկը խոստովանում է, որ ամեն անգամ նոր հավաքածու ներկայացնելով շատ է անհանգստանում, իսկ հետո հպարտանում, որ կարողանում է իր ճաշակը թելադրել միլիոնավոր տղամարդկանց։
Hermés -ի տղամարդկանց հագուստի սիրահարներից են արքայազն Ուիլյամը, Մոնակոյի արքայազն Պիեր Կազիրագին, Դենիել Գրեյգը, Ջեյսմ Ֆրանկոն, Միշել Պլատինին, Վենսան Կասսելը եւ այլ աշխարհահռչակ եւ հեղինակություն վայելող տղամարդիկ։
Վերոնիկը հավաստիացնում է, որ հենց իր հայկական ընտանիքն է իր մեջ դաստիարակել ճաշակն ու ոճը, որը նա այսօր փոխանցում է իր աշխատանքին։ «Հայրս, ով ազգությամբ հայ է, միշտ էլ առանձնացել է շքեղության հանդեպ սիրով, իսկ մայրս ու տատիկս միշտ օգտվել են Hermés-ի պայուսակներից ու օծանելիքից»,- պատմում է նա։