«Ապագա» համաժողով. Երիտասարդությունը մեծ ուժ է, մեր երիտասարդներն են ապագայի հայերը

Թերևս նորություն չի լինի, եթե ասեմ, որ երիտասարդությունը մեծ ուժ է, որ մե՛ր երիտասարդներն են ապագայի հայերը, որ նրա՛նք են վաղվա Հայաստանի կերտողները, և որ սրընթաց ժամանակի նորարարական ծրագրերի մեծ մասն ու վերելքները երիտասարդների ինքնատիպ մտածողության արգասիքն են: Այս ամենի վառ ապացույցը համայն աշխարհով մեկ սփռված տաղանդավոր հայ երիտասարդների հաղթանակներն ու ձեռքբերումներն են տարբեր բնագավառներում, երիտասարդական բազմաբովանդակ կառույցների առկայությունը, նրանց ծավալած հետաքրքիր, հայրենանվեր գործունեությունն իրենց ապրած երկրներում, քաղաքներում: Նրանց հուզող թեմաների շուրջ ծավալված քննարկումների, կարծիքների, առաջարկությունների, նոր, համատեղ ծրագրերի ու համագործակցության լավագույն հարթակը նոյեմբերի 27-ից 29-ը Երևանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված Հայ երիտասարդների 2-րդ համաժողովն էր: Հետաքրքիր ելույթների, հարցերի, քննարկումների կիզակետում Հայրենիքն էր, նրա առջև ծառացած ռազմավարական խնդիրները և երիտասարդների առաջ քաշած թեզերը: Նրանցից մեկի՝ ԼՂՀ-ի «Հայկի սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպության փոխնախագահ Վլադիմիր Գրիգորյանի հետ էլ ծավալվեցիմ զրույցը:
«Շուրջ 13 տարի է, ինչ գործում է մեր կազմակերպությունը. այն ստեղծվել է 2002թ. նոյեմբերի 6-ին: Հիմնական գործունեությունը դրված է ռազմահայրենասիրական հիմքի վրա: Կազմակերպությանը կից ունենք սկաուտական բաժանմունք: Հայրենասիրական ոգով տոգորված բազմաբնույթ շատ միջոցառումներ ենք իրականացրել թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում: Կազմակերպությունում ընդգրկված են 12 տարեկանից մինչև 35 տարեկան պատանիներ ու երիտասարդներ՝ Արցախի տարբեր շրջաններից, մայրաքաղաք Ստեփանակերտից:
Վեց տարի է, ինչ ԼՂՀ-ի կառավարության աջակցությամբ և Գիտության, կրթության, Մշակույթի նախարարությունների հետ համատեղ կազմակերպում ենք համահայկական, համաարցախյան ճամբարներ, ուր այս 6 տարիների ընթացքում իրենց մասնակցությունն են բերել 2000 պատանիներ ու երիտասարդներ, որոնց գերակշռող մասը հետագայում անդամակցել է մեր կազմակերպությանը: Հիմնական ակտիվ կորիզը 50 հոգուց է բաղկացած: Քննարկում ենք ծրագրեր և կայացնում ընդհանուր որոշումներ: Միջազգային ասպարեզում ևս մասնակցություն ենք ունեցել. 2013թ. «Երկխոսություն» միջոցառմանը մասնակցեցին «Հայկի սերունդ»-ի երկու ներկայացուցիչ: Այդ միջոցառմանը Լեռնային Ղարաբաղը ներկայացավ որպես առանձին հանրապետություն, առանձին պատվիրակություն: Միջոցառումը կազմակերպվել էր Ռուսաստանի Դաշնության կրթության, գիտության նախարարության և Եվրոմիության կողմից:
Մայիսի 9-ի հաղթանակին նվիրված միջազգային «Вальс победы» միջոցառմանը տարբեր երկրների հետ (Վրաստան, Ռուսաստան, Բելառուս և այլն) ընդգրկված էր նաև Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երիտասարդ ներկայացուցիչները: Մենք արժանացանք պատվոգրերի, ջերմ ընդունելության, կարողացանք բարձր պահել Արցախի պատիվը:
Մենք ունենք առաջնահերթ երկու խնդիրներ՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, որոնք երկուսն էլ շատ կարևոր են, և այդ երկուսի միջև չափման միավորներ դնելը սխալ կլինի: Մեր կազմակերպության ներկայիս գործունեության հիմքում առաջնահերթ դրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործընթացը: Այս համաժողովը մի ուրույն հարթակ է՝ շփվելու, ձեռք բերելու նոր գործընկերներ, որոնց հետ հետագայում կիրականացնենք տարաբնույթ ծրագրեր, որոնք աջակցություն կբերեն մեզ համար անչափ կարևոր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը»:
Կարինե Ավագյան