Ցեղասպանությունը` լուսանկարներում. Գերեզմանափորների խմբանկար
Հայոց ցեղասպանության պատմությունը փաստագրված է տասնյակ հազարավոր վավերագրերով: Բացառիկ փաստագրական ապացույց են Հայոց ցեղասպանության տարիներին հայ և օտարազգի լուսանկարիչների արած հարյուրավոր լուսանկարները: Տարեցտարի ի հայտ են գալիս Հայոց ցեղասպանությունը և դրա հետևանքները փաստող նոր լուսանկարներ, որոնք հնարավորություն են տալիս առնչվելու տեղի ունեցածին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մեկ տեղում՝ «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» գրքում է հավաքել հայերի կոտորածը պատկերող լուսանկարներ, որոնց մի մասն ArmenianGenocide100.org-ը պարբերաբար ներկայացնում է:
1915 թվականի ամռանը Էջմիածնում հակասանիտարական պայմանների պատճառով սկսվում է տիֆի համաճարակ: Հայտարարվում է կարանտին: Սննդի, ջրի պակասը, կիզիչ արևը և բժշկական օգնության բացակայությունը նպաստում են համաճարակի արագ տարածմանը:
Իշխանություններն առանձնացնում են մի քանի զինված գումարտակներ, որոնց նպատակը դիակները հավաքելն ու թաղելն էր:
Այս լուսանկարում պատկերված է սանիտարական գերեզմանափորների մի ջոկատ:
1914 թ. վերջին և 1915 թ. սկզբին Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից և հարակից շրջաններից Երևանի ու Թիֆլիսի նահանգների 10 գավառներ է գաղթել շուրջ 50 հազար հայ: Նրանց համար օգնություն կազմակերպելու նպատակով Առաջին աշխարհամարտի տարիներին ստեղծվել էին գաղթականների կոմիտեներ:
Ցարական կառավարությունը հրապարակեց օրինագծեր, հիմնեց գաղթականների տեղավորման գլխավոր լիազորի հատուկ գրասենյակ, սակայն ի զորու չեղավ հոգալու գաղթականների բոլոր կարիքները:
Հիմնականում Վանից, Բիթլիսիսց, Մուշից և Խնուսից Արևելյան Հայաստան ներգաղթած հայերի մի մասը 1915 թ. օգոստոսին ապաստան գտավ Էջմիածնի անտառում՝ Այղր լճի և Խաթունարխ գյուղի միջև ընկած հատվածում:
«Բժշկական օգնություն ցուցաբերելու փոխարեն տեղական իշխանությունները հատուկ սայլեր էին առանձնացրել, որոնք շրջում էին անտառով և մեռածների դիակները հավաքելով՝ տանում էին, ինչ-որ տեղ թաղում: Թե ուր էին տանում, այդ մասին ոչ ոք չգիտեր, և կարիք էլ չկար իմանալու»:
Սահակ Կարապետյան
Հայոց ցեղասպանությունը վերապրած