«Ապագայի» մասնակիցները՝ Սփյուռքի, ապագայի ու իրենց տեսլականի մասին

Նոյեմբերի 27-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության, Ռուսաստանի հայերի միության, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության  և Նիժնի Նովգորոդի «Իմաստ»  երիտասարդական ընկերակցության կողմից համատեղ կազմակերպված Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական  երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների երկրորդ համաժողովը՝ «Ապագա» խորագրով:

«Հայերն այսօր»-ը զրուցել է համաժողովի մասնակիցների հետ, ովքեր ներկայացնում են իրենց կատարած աշխատանքը համայնքներում, հարցադրումներն ու սպասելիքները այս համաժողովից: 

Անտոն Վարդանյան-ՌԴ, Ստավրոպոլի «Նաիրի» հայկական ազգամշակութային ինքնավարության գործադիր տնօրեն

Համայնքային ակտիվ գործունեությամբ զբաղվում եմ  2012 թվականից, և այս 4 տարիների ընթացքում Ստավրոպոլի համայնքը սերտորեն համագործակցում է ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Մշտապես մասնակցում ենք Սփյուռքի նախարարության ծրագրերին, կազմակերպած միջոցառումներին, և այս համաժողովը ևս բացառություն չէ: Բոլորովին վերջերս էլ հեռակոնֆերանս էր կազմակերպվել մեր համայնքի և ՀՀ սփյուռքի նախարարության միջև, որի ընթացքում քննարկեցինք համատեղ ծրագրերը, խնդիրներն ու անելիքները: Կարող եմ ասել, որ Ստավրոպոլի «Նաիրի» հայկական ազգամշակութային ինքնավարությունը բավականին կազմակերպված է և տարվա կտրվածքով տարբեր միջոցառումներ է իրականացնում: Բացի համայնքային գործունեությունից, աշխատում ենք նաև Ստավրոպոլ քաղաքի գործադիր մարմինների հետ, մասնակցում քսղաքապետարանին կից գործող կոմիտեների նիստերին ու փորձում լուծել մեր հայրենակիցների ինտեգրման և տարաբնույթ այն խնդիրները, որ ունենում են՝ այստեղ ապրելով:

Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր ինքնավարությունում գործում են 3 խմբից բաղկացած հայերենի ուսուցման դասընթացներ, մշակութային առումով ևս ակտիվ ենք. երաժշտական խմբակ է գործում, որտեղ ցանկացողները դուդուկ են սովորում, ինչպես նաև ազգային երգ ու պարի անսամբլ ունենք, ուր շուրջ 100 երեխա է հաճախում:

Ռուսլան Տրապիզոնյան-Աբխազիա, Գագրայի հայերի միության նախագահ

Ես մի քանի ամիս է, ինչ զբաղեցնում եմ այս պաշտոնը, և ինձ համար իսկապես այս ամենը շատ հետաքրքիր է, նոր է ու ուսուցողական: Խոսելով Գագրայի հայ համայնքի ձեռքբերումների մասին՝ ուրախությամբ ուզում եմ նշել, որ 2 տարի է, ինչ Գագրայում հայկական եկեղեցի է գործում. Գագրայի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցումը մի շարք բարերարների նվիրատվության արդյունքն է: Սա մեծ իրադարձություն էր ոչ միայն Գագրայի հայության համար, այլ նաև՝ ողջ Աբխազիայի, քանի որ հայերը վերջապես իրենց եկեղեցին ունեցան Աբխազիայում: Ի դեպ, եկեղեցու օծման արարողությանը ներկա էր նաև Աբխազիայի խորհրդարանի նախագահը: Կարող եմ ասել, որ Աբխազիայում, ինչպես Սփյուռքի շատ այլ համայնքներում, կարևորագույն խնդիրը լեզվի խնդիրն է: Երիտասարդները, այդ թվում նաև՝ ես, դժվարանում են հայերեն խոսել, և դրա համար բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ կան: Ճիշտ է՝ Աբխազիայում հիմա 31 հայկական դպրոց է գործում, բայց աշակերտների թիվը գնալով պակասում է: Օրինակ՝ Գագրայում գործող 10-ը հայկական դպրոցներից հիմա 6-ն են գործում. մյուս 4-ը, ցավոք, փակվել են:

Scroll Up