«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից, այլևս` երբեք…». Գիտաժողով Իսրայելում

Հոկտեմբերի  27-ին   Իսրայելի Հերցելիա  քաղաքում  կայացավ Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցին  նվիրված «Հայոց  ցեղասպանության 100-րդ տարելից,  այլևս` երբեք» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպվել էր Բենտխումի  համալսարանի  և   Երուսաղեմի  Հայոց Պատրիարքարանի  նախաձեռնությամբ:

Գիտաժողովը վարում էր  Բենտխումի  համալսարանի   շրջանավարտ, փաստաբան Գևորգ Նալբանդյանը: Ներկաներին  իր կատարմամբ  հիացրեց  Ժառանգավորաց  վարժարանի երգչախումբը, որը հանդես եկավ  գիտաժողովի  բացման և  փակման ելույթով:   Սամվել  ծայրագույն  Վարդապետ   Աղոյանը, փոխանցելով    Երուսաղեմի   Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս  Մանուկյանի    ողջույնը   գիտաժողովի մասնակիցներին,  ներկայացրեց  պատրիարքի զեկույցը,  որում մասնավորապես ասված էր. «Մեր քաղաքակրթությունը վտանգի մեջ է, որպեսզի այն գոյատևի, ցեղասպանությունները պետք է դատապարտվեն: Ժամանակն է,  որ   Իսրայելը, հետևելով մի շարք պետությունների, զանգվածային կոտորածների հանդեպ  անտարբերությունը հաղթահարի: Ես հավատում եմ, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց  մարդկության  դեմ կատարած այս մեծ  հանցանքը՝ Հայոց ցեղասպանությունը, պաշտոնապես կճանաչի: Մենք ողջունում ենք նաև  Ամերիկայում հրեական հանրային գործերի խորհրդի կոչը՝  ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչման»:

Բացման խոսքով հանդես եկավ համալսարանի  հիմնադիր և  նախագահ, պրոֆեսոր Ուրիել  Ռայխմանը, որը զուգահեռներ անցկացրեց հայ և հրեա ժողովուրդների պատմությունների միջև, նշելով, որ մեր բարոյական պարտքն է  հիշել Հայոց ցեղասպանությունը և որ  մեծ  պատիվ է համարում, որ հենց  իր համալսարանում  է գիտաժողով կազմակերպվել:

Գիտաժողովին իրենց մասնակցությունն էին բերել պատմագիտության, իրավագիտության և քաղաքագիտության ներկայացուցիչ՝  մի շարք հետազոտողներ, ականավոր գիտնականներ, երիտասարդ հետազոտողներ, որոնք իրենց ելույթներում լուսաբանեցին Հայոց ցեղասպանության իրադարձությունները տարբեր տեսանկյուններից:

Զեկույցներով հանդես եկան  Բոազ Կանոռը, Յայրո  Օռոնը, պրոֆեսոր  Էլիյահու  Ռիխտերը, Իսրայել Չարնին, պատմաբան  Գևորգ  Հինդիլյանը և այլք:

Համալսարանի  պրոֆեսոր   Բոազ Գանոռը,  ներկայացնելով զեկույցը  նշեց, որ  այս  երեկո  հրեաները և հայերը միացել են կոչ անելու աշխարհին`   այլևս  երբեք. «Մենք  չպետք է համաձայնվենք ու թույլ  տանք, որ դարձյալ հայտնվեն մահվան քարավաններ  և  համակենտրոնացման ճամբարներ աշխարհի որևէ վայրում: Չպետք  է ընդունենք անմեղ մարդկանց կանանց և երեխաների սպանությունները կոնֆլիկտային տարածաշրջաններում»:                       Զեկույցով  հանդես եկավ   պրոֆեսոր Իսրայել Չարնին, որը  Երուսաղեմի «Հոլոքոստի և Ցեղասպանության» ինստիտուտի տնօրենն է, Ցեղասպանության հանրագիտարանի գլխավոր խմբագիրը:  Նա բազմիցս  տարբեր ամբիոններից  հանդես է  եկել  Հայոց ցեղասպանության դատապարտման  խնդրով: Կոչ է արել Իսրայելի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ շեշտելով, որ Ցեղասպանության ժխտումը համարժեք է Հոլոքոստը ժխտելուն:

Հիշեցնենք  նաև, որ  Իսրայել Չարնին իր անձնական գրադարանը նվիրաբերել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Այն ներառում  է շուրջ 700 հատոր ցեղասպանագիտական գրականություն, այդ թվում՝ տեսական գրականություն, հրեական Ողջակիզման եւ Հայոց ցեղասպանության թեմային առնչվող միավորներ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նպատակադրված է այս հարուստ հավաքածուն զետեղել իր նոր գրադարանային մասնաշենքում եւ ի պատիվ Իսրայել Չարնիի բացել առանձին անվանական սենյակ: Այս նվիրատվությունը թանգարան-ինստիտուտի գրադարանին վերջին 5 տարիների ընթացքում խոշորագույնն է:

Մեզ հետ  զրույցում  Երուսաղեմի  Սրբոց  Հակոբյանց  միաբանության անդամ, ինչպես նաև Պատրիարքարանի կողմից Ցեղասպանության  100-րդ տարելիցի միացյալ հանձնախմբի միջոցառումների համակարգող  Կորյուն Վարդապետ  Բաղդասարյանը, բարձր գնահատելով  գիտաժողովի արդյունավետ աշխատանքը,  օրվա զեկույցներից  առանձնացրեց   հատկապես  Յայրո  Օռոնի զեկույցը:  Այնտեղ  ասվում էր, որ  հակառակ գոյություն ունեցող  ինֆորմացիայի  և  վկայությունների, փաստաթղթերի  աշխարհը  դեռ ուրանում է  Հայոց  ցեղասպանությունը  և  ցավ է  իր համար, որ ուրացողների շարքում է Իսրայելի  պետությունը: Նրա խոսքով՝  հատկապես  Հայոց ցեղասպանության առումով  մինչ օրս շատ տկար են եղել   հետազոտությունները, Իսրայելի կրթական ոլորտում ուսումնասիրություններ  գրեթե  չկան:

Յայրո  Օռոնը   միակ  դասախոսն է, որ  Հայոց ցեղասպանության  վերաբերյալ  Օփեն Յունիվերսիթի-ում  առարկա է  հիմնել հեռակա  ուսուցման ծրագրով, որը զբաղվում է հատկապես Հայոց ցեղասպանությանն ուղղված ուսումնասիրություններով:   «Գիտաժողովի   ձեռքբերումներից  կարելի է համարել  Բենտխումի  համալսարանի նախագահի  հրավերը  Յայրո  Օռոնին՝ այսուհետ  Հայոց ցեղասպանության  թեմայով  դասավանդելու   համալսարանում»,- նշեց  Կորյուն   Վարդապետը և հավելեց, որ այսուհետ  Բենտխումի համալսարանի այս  գիտաժողովը  կդառնա ամենամյա:

Սիրանուշ Նազլուխանյան

գիտաժողով1

Scroll Up